Տավուշի մարզում սպանդանոցային գործի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա
ЭкономикаՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է սպանդանոցային մորթին, սպանդանոցների կառուցմանն ու շահագործմանը, դրանց ներկայացվող պահանջերին առնչվող հարցերի պարզաբանումները մարզերում:
ՍԱՏՄ-ից Orer.am-ին տեղեկացնում են, որ տեսչական մարմնի և Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ այսօր Տավուշի մարզում հանդիպում է կազմակերպվել սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված 50-ից ավելի քաղաքացիների հետ: Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը ներկայացրել է հարցի կարևորությունն և հայտնել մարզպետարանի պատրաստակամությունը խնդրի կարգավորմանն աջակցելու հարցում: Նա հավաքվածներին տեղեկացրել է, որ այս պահին Տավուշում գործում է մեկ սպանդանոց, իսկ ևս 11-ը կառուցման փուլում են: Դրանցից 8-ը մինչև հուլիսի 1-ը կավարտեն կառուցման և կահավորման աշխատանքները և պատրաստ կլինեն սպանդանոցային ծառայություններ մատուցել:
ՍԱՏՄ անասնաբուժական տեսչության պետի տեղակալ Լիլիթ Սարգսյանը, Երևանի կենտրոնի երկրորդ բաժնի պետ Արշակ Ավետիսյանը և Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը խոսել են սպանդանոցներին ներկայացվող կենդանիների հիգիենային վերաբերող պահանջների, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական նորմերի մասին: Այդ թվում դրանց բաժանում-գոտիավորման սկզբունքներին, տարածք մտնող մեքենաների ու աշխատակիցների համար սահմանված ախտահանման փուլերին: Նրանք մանրամասնորեն ներկայացրել են սպանդանոցային բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ քայլերի հերթականությունը, պետական աջակցության ծրագրերն ու դրանցից օգտվելու կարգը:
Լիլիթ Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ բոլոր սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, ծանոթացնելու համար սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգին, հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգին: Հանդիպման մասնակիցներին բաժանվել են պետական աջակցության ծրագրերի ու սպանդանոցներին ներկայացվող պահանջների մասին ուղեցույցներ, պատասխանատուները պատասխանել են բոլոր անհասկանալի հարցերին, փարատել շահառուների մտահոգությունները, պատասխանել անհագստացնող հարցերին: Այսինքն կարող են հավաստիացնել, որ կարճ ժամանակ անց Տավուշում ևս հարցը հնարավոր կլինի լուծված համարել և անասնապահների համար կստեղծվեն բոլոր պայմանները անվտանգ մորթ կազմակերպելու և առողջ մսեղիք ունենալու համար: