Իսլանդիան կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ռեժիմ է մտցրել
Международные новостиԻսլանդիան կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ռեժիմ է մտցնում, հայտնում է իսլանդական mbl.is պորտալը:
Իսլանդիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը երեկվա դրությամբ հասել է 43-ի: Պարբերականի տեղեկություններով՝ երկու պացիենտներ, որոնց ախտորոշումը հաստատվել է ուրբաթ, վարակվել են Իսլանդիայի տարածքում, որը դարձել է երկրում վարակվելու առաջին դեպքը: Գրանցված վարակման մնացյալ դեպքերում Իտալիայից եւ Ավստրիայից վերադարձած քաղաքացիներ են:
«Այս տեղեկության լույսի ներքո... ներկայումս նախատեսվում է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի եւ արտակարգ իրավիճակների վարչության պատրաստականության մակարդակը մեծացնել մինչեւ արտակարգ դրություն»,- մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի գլխավոր համաճարակաբան Չուրլֆուր Գուդնասոնը:
Նա նաեւ նշել է, որ արտակարգ դրության ռեժիմն առայժմ չի նշանակում մարդկանց զանգվածային հավաք նախատեսող բոլոր միջոցառումների չեղարկում, սակայն հավելել է, որ նման միջոցի օգտագործումը ապագայում միանգամայն հավանական է:
2019-ի դեկտեմբերին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին Կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ 12 միլիոն մարդ է ապրում, անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բռնկումը ճանաչել էր միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ եւ հիվանդությանը պաշտոնական անուն տվել՝ COVID-19:
Չինաստանում վարակվածների թիվն անցել է 80,6 հազարից, մահացել է 3070 մարդ, բուժվել 55,4 հազարից ավելին: ԱՀԿ վերջին տվյալներով՝ Չինաստանի սահմաններից դուրս մահացել է 335 մարդ: