Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13-ի
Международные новостиԵւս մեկ կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել Վրաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Մարտի 7-ի առավոտյան Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 9-ից հասել է 12-ի։ «Լուգարա» լաբորատորիայում թեսթավորման արդյունքներով՝ շաբաթ երեկոյան հիվանդությունը հաստատվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի եւս մեկ պացիենտի մոտ։
«50 պացիենտներ են գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցում։ Դիմելիությունը մեծացել է այն պատճառով, որ աճել է հաստատված դեպքերի թիվը։ Բոլորը, ովքեր շփում են ունեցել հաստատված դեպքերի հետ, անհրաժեշտ են համարում ստուգվել։ Հիմա մեզ ծանուցել են այն մասին, որ հաստավել է եւս մեկ դեպք, որը ընդունվել է մեզ մոտ կլինիկա։ Որքան ես գիտեմ, այդ պացիենտը նրանցից մեկն է, ով շփման մեջ է եղել այն տղամարդու հետ, որը վարակվել էր Իտալիայում եւ վերադարձել Թբիլիսի։ Նրա հետ շփվել է եւս երկու մարդ, որոնք նույնպես վարակված են եւ գտնվում են մեր կլինիկայում»,- ասել է Ցերցվաձեն։
Թբիլիսիի կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը հավելել է, որ ընդամենը Վրաստանի տարածքում գրանցվել է մարդուց մարդուն վիրուսի փոխանցման երեք փաստ։ Մնացած դեպքերում պացիենտները վարակվել են Իտալիայում եւ Իրանում։ Ցերցվաձեն կարծում է, որ խուճապի համար հիմքեր չկան, քանի որ համաճարակաբանական իրավիճակը Վրաստանում ավելի լավ է, քան Եվրոպայի շատ երկրներում։