Հայկական ապրանքները ռուսական շուկայում կթանկանան, հնարավոր է նաև տրանսֆերտների նվազում. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Նավթի գների կտրուկ անկումը, Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի դիտարկմամբ, մի քանի պատճառ ունի։ Փորձագետն առաջին հերթին նավթի շուկայում նավթի ավելցուկի հանգամանքն է առանձնացնում, ինչը, ըստ նրա, նավթի գների որոշակի անկմանն է հանգեցրել։ Այս առումով նա մատնանշում է ՕՊԵԿ+ համաձայնության շուրջ ձախողումը։
«ՕՊԵԿ+-ի անդամ պետությունների միջև բանակցություններ էին ընթանում, որի շրջանակներում երկրները պետք է նավթի արդյունահանման կրճատման շուրջ համաձայնության գային, որովհետև կրճատման վերաբերյալ նախկինում ընդունված որոշումները, որպես կանոն, պարբերաբար խախտվում էին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մանվելյանը՝ շեշտելով, որ նշվածն ունենում էր հետևանքներ, ինչպիսին մանր արտադրողների փլուզումն ու դրանից բխող դիսբալանսն է։
«Եվ պետք էր նոր համաձայնություն, ինչը, ըստ էության, չկայացավ ու բերեց գների կտրուկ անկման։ Այդուհանդերձ, նվազման այս միտումը երկար չի շարունակվի։ Նավթի գները նորից կսկսեն բարձրանալ, և առաջիկա մի քանի օրերին որոշակի հավասարակշռություն կտեսնենք»,-նշեց մեր զրուցակիցը։
Իսկ նավթի գների կտրուկ անկումն ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա. Արմեն Մանվել յանը խոսեց ուղղակի և անուղղակի ազդեցությունների մասին։
Սկսելով ուղղակի ազդեցությունից՝ նա շեշտեց.
«Նավթի գների կտրուկ նվազումն արդեն ազդել է Ռուսաստանի տնտեսության վրա՝ ռուսական ռուբլին անկում է ապրել։ Այս հանգամանքը կազդի Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության վրա։ Հայկական ապրանքները ռուսական շուկայում կթանկանան։ Որպեսզի չթանկանան, Հայաստանի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն, որովհետև հայկական ապրանքների վաճառքի հիմնական շուկան մնում է Ռուսաստանը. մեր պատրաստի և գյուղատնտեսական արտադրանքի մոտ 80 տոկոսը Ռուսաստան է գնում։ Հաշվի առնելով, որ նավթի գների կտրուկ անկումը կազդի Ռուսաստանի ընդհանուր տնտեսության վրա, չի բացառվում, որ պակասեն նաև Ռուսաստանից ստացվող տրանսֆերտները, ինչն իր ազդեցությունը կունենա նաև մեր տնտեսության վրա։ Բացի այդ, եթե նման իրավիճակը երկար ձգվի, հնարավոր է Ռուսաստանում շատ աշխատատեղեր փակվեն, և մեր հայրենակիցները ստիպված վերադառնան արտագնա աշխատանքից։
Ընդհանուր առմամբ, իրավիճակը բավականին բացասական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Այս հանգամանքն իշխանություններն անպայման պետք է հաշվի առնեն, որ կարողանան ժամանակին կանխել կամ քայլեր ձեռնարկել»։
Արմեն Մանվելյանն ընդգծեց, որ նավթի գնի շուրջ առկա իրավիճակը կազդի Ադրբեջանի վրա։ «Բավականին բացասական ազդեցություն կունենա, որովհետև իրենց տնտեսությունը շատ խորքային առումով կախված է նավթադոլարներից։
Նավթի շուկայում 30 տոկոս գնի անկումը նշանակում է, որ Ադրբեջանը հսկայական վնասներ կկրի, ինչը կհանգեցնի Ադրբեջանի տնտեսական և ներքաղաքական անկայունությանը։
Զուգահեռ՝ երբ ամեն անգամ նավթի գինը նվազում է, Ադրբեջանը փորձում է արհեստական լարվածություն ստեղծել սահմանին, որպեսզի իր բնակչության ուշադրությունը շեղի մյուս խնդիրներից»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ չբացառելով, որ Ադրբեջանը նավթի գների նվազման ֆոնին չի կարողանա կատարել մի շարք պարտավորություններ՝ նաև ռազմական ծրագրերի ֆինանսական հնարավորության մասով։
Ա. Մանվելյանից հետաքրքրվեցինք՝ նավթի գների անկման հանգամանքն ինչո՞ւ չի ազդում Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գների նվազման վրա։
Ի պատասխան՝ փորձագետը նշեց. «Եթե անկման միտումը շարունակվի ու երկար տևի, դիզվառելիքի կամ բենզինի գները որոշ չափով կիջնեն։ Այդուհանդերձ, այդ նվազումը մեծ չափով չի լինի։ Առհասարակ պետք չէ կարծել, որ եթե նավթի գները այսօր նվազում են, վաղն անմիջապես դիզվառելիքի կամ բենզինի գները կիջնեն։ Այս առումով հաշվի առնենք հատկապես այն հանգամանքը, որ դիզվառելիքի և բենզինի մեջ հում նավթի տեսակարար կշիռը գնագոյացման առումով տարբեր հաշվարկներով կազմում է առավելագույնը 20 տոկոս։ Այսինքն, բենզինի գնի միայն 20-տոկոսն է կախված հում նավթի գնից։ Մնացածն այլ գործոններ են, օրինակ՝ փոխադրման միջոց, վերամշակում և այլն»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում