Հայաստանը դրսից ձու չի ներկրել․ Թռչնաբույծների միության նախագահը՝ ձվի գերարատադրության մասին
Экономика2019թ. բարեհաջող տարի էր թռչնաբույծների համար։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, ՏՄՊՊՀ նիստի ժամանակ ասաց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
«Մեր վերլուծությամբ՝ 2019-ին տարվա կտրվածքով, մեկ ձվի հաշվով ունեցանք գնի նվազում՝ 10 դրամով։ Ունեցանք նաև առողջացում, այսինքն՝ երկու տնտեսվարող սուբյեկտներ մտան արտադրական գործընթացների մեջ։ Մեր պահանջարկն է եղել ապահովել տարեկան միջինը 2400 արկղ , բայց արտադրել ենք ՝ 2880 արկղ՝ այսինքն 480–ով ավելի։ Խոսքը միայն մասնագիտացված, ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների մասին է»,- նշեց նա։
Թռչնաբույծների միության նախագահի խոսքով՝ հունվարի 15-ից սկսվել է գլխաքանակի նվազում սպանդի միջոցով, ավելացել է նաև ձվի արտահանումը։ Ձվի արտահանում Հայաստանում երբեք չի եղել։ Մինչ այժմ արտահանվել է 9 մեքենա՝ ֆուռերով։ Նախատեսվում է ևս 3 մեքենա ձու արտահանել. «Իրան, ցավոք, չենք կարող արտահանել, Իրաքը մեծ պահանջարկ ունի, բայց ցածր գին է տալիս, նույն վիճակն է նաև Ռուսաստանում»,- ասաց նա։
Սերգեյ Ստեփանյանը ձվի գերարատադրությունը բացատրում է մի քանի գործոններով։
«Գերարատադրության ժամանակ նոր արտադրողներ են մուտք գործել։ Նրանք տեղյակ չեն եղել արտադրության ժամկետների մասին, չեն պլանավորել իրենց արտադրությունը, դրան նպաստել են նաև պետության կողմից տրամադրված էժան վարկերը և իրենց տնտեսությունների զարգացումը։ Ես բացառում եմ ներկրումը և գնային պայմանավորվածությունը։ Ներկրման միայն մեկ դեպք է գրանցվել՝ 2017 թվականին, երբ ձու ներկրող մեքենան 17 օր կանգնած է մնացել Բագրատաշենի անցակետում։ Հնարավոր է՝ առաջիկա 5-6 ամիսների ընթացքում ունենանք լուրջ խնդիրներ՝ ձուն ինքնարժեքից ցածր գնով վաճառելու հետ կապված»,- ասաց նա։
Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ հավերին մորթելու միջոցով գերարատադրությունը կանգնեցնելու հնարավորություն չկա. ձվատու տնտեսությունները մորթի հնարավորություն չունեն, բացի բրոյլերային հավերի սպանդանոցից։
Ստեփանյանի խոսքով՝ իրենք էկոնոմիկայի նախարարությանն առաջարկել են աջակցել թռչնաբույծներին ներկրման, ինչպես նաև հեղուկ և ձվի փոշու արտադրություն կազմակերպելու հարցով, որպեսզի լուծվի արտադրությունից առաջացած կեղտոտ և ջարդված ձվերի հարցը։ Բոլոր տնտեսվարող ընկերությունները պատրաստ են դառնալ բաժնետերեր և աջակցել նոր արտադրությանը։ Նախնական տվյալների համաձայն՝ տարեկան 130 մլն ջարդված և կեղտոտված ձու է արտադրվում, որը կարելի է վերամշակել այդ գործարանում։ Իսկ դրա պահանջարկը մեծ է, պահպանման ժամկետն էլ՝ 2 տարի։
«Որպեսզի հարցը կարգավորենք Հայաստանում, պետք է կարողանանք կարգավորել տոհմային սելեկցիայի հարցը, այսինքն՝ ունենանք ծնողական մեկ հոտ, որից օգտվեն արդյունաբերական տնտեսությունները»,- ամփոփեց թռչնաբույծների նախագահը։