Եվրոպական 3 երկրում կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի կտրուկ աճ է գրանցվել
Международные новостиԻտալիայի իշխանությունները մարտի 15-ին տեղեկացրել են կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի կտրուկ աճի մասին: Մեկ օրվա ընթացքում Իտալիայում հիվանդությունից մահացել է 368 մարդ, ընդհանուր զոհերի քանակը հասել է 1806-ի: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:
Չինաստանի սահմաններից դուրս մահացության թիվը Իտալիայում կազմում է աշխարհում գրանցված դեպքերի կեսից ավելին:
Վարակման դեպքերի թիվն Իտալիայում մեկ օրվա ընթացքում ավելացել է 3590-ով և հասել է 24 747-ի:
Իսպանիան վարակման դեպքերի քանակով շարունակում է մնալ երկրորդ երկիրը Եվրոպայում: Այստեղ մեկ օրվա ընթացքում մահացել է 96 մարդ, ինչի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 262-ի:
Վարակվածների թիվն Իսպանիայում հասել է 7798-ի:
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը տեղեկացրել է, որ Ֆրանսիայում մեկ օրվա ընթացքում մահացել է 31 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 120-ի: Վարակվածների թիվը այս երկրում մեկ օրվա ընթացքում աճել է գրեթե 1000-ով՝ դեպքերի ընդհանուր քանակը 5400-ի:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից: