Համաշխարհային շուկայում շուրջ 2 տրլն դոլարի ազատված դաշտ է գոյանալու. մեր խնդիրն է օգտվել դրանից. Փաշինյան
ЭкономикаՀայաստանի ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի բանկային համակարգը ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթների ամենօրյա սահուն, բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Միաժամանակ« ԿԲ-ն անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով»,-ասաց վարչապետը:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր հերթին նշեց. «Մի քիչ տարբեր խոսակցությունների ներքո ունեցանք որոշ վայրիվերումներ, շուկայում ունեցանք անկայուն վիճակ, վիճակը հիմա վերահսկվում է եւ կայուն է:
Մենք հնարավորություն ենք տվել բանկերին փոխել վարկավորման պայմանները՝ հետաձգել վարկի մարումները, երկարացնել վարկի ժամկետները, տեղն եկած տեղը իջեցնել տոկոսադրույքները: Այս պայմաններում այս կազմակերպությունները միանգամից իրենք էլ կփոխեն վարկերի պայմանները: Այսօրվանից սկսած բանկերն այդ հնարավորությունն ունեն»:
Նիկոլ Փաշինյանը էլ ընդգծեց, որ Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային մակարդակի վրա՝ ավելի քան 2,8 մլրդ դոլար:
«2019-ին ՀՀ ԿԲ-ն ուրջ 560 մլն դոլարի արտարժույթի առք է իրականացրել:
Հիմա մենք նաեւ քննարկում ենք, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք տնտեսական անխուսափելի դժվարությունները հաղթահարելու համար, բայց ուզում եմ արձանագրել, որ մենք խնդիր չենք ձեւակերպել, որ պետք է հաղթահարենք այդ դժվարությունները, մենք խնդիր ենք ձեւակերպել, որ մենք պետք է պատրաստ լինենք օգտվելու համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող անխուսափելի փոփոխություններից: Մեր հաշվարկներով համաշխարհային տնտեսության մեջ փոփոխությունների արդյունքում շուրջ 2 տրլն դոլարով համաշխարհային ներքին արդյունքի անկում է ակնկալվում: Սա մի կողմից վատ է, բայց մյուս կողմից նշանակում է, որ համաշխարհային շուկայում շուրջ 2 տրլն դոլարի ազատված դաշտ է գոյանալու: Մեր խնդիրն է այդ ազատվող դաշտում ՀՀ բիզնեսը մեծացնի իր ներկայությունը: Ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլեւ հնարավորություններ եւ մեր ռազմավարական մոտեցումը պետք է լինի հետեւյալը՝ այդ դժվարությունները մեզ համար բացում են հնարավորություններ եւ մենք պետք է կենտրոնանք այդ հնարավորություններից օգտվելու օրակարգի վրա»,-ասաց նա: