«Կրթական համակարգում էլեկտրոնային հաղորդակցման հիմքերը նորմալ դրված չեն». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Քանի որ ուսումնական հաստատություններում դասերն ընդհատված են, այս օրերին դրանց շարունակականությունն ապահովելու հիմնական միջոցը հեռավար ուսուցումն է: Այս առումով որոշ քայլեր արդեն իրականացվել են: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ, թե, մեծ հաշվով, որքանո՞վ ենք պատրաստ հեռավար ուսուցմանը, և մինչ այս որքանո՞վ է հաջողվել ժամանակին համընթաց շարժվել: Փորձագետը հարցը նախ արտակարգ դրությունների տրամաբանությունից դուրս դիտարկեց՝ առանձին խոսելով դպրոցների և բուհերի մասին:
«Եթե խոսում ենք բուհերի մասին, ապա հեռավար ուսուցումն այս դեպքում արդեն պետք է լիներ, իհարկե, կախված ֆակուլտետից, առարկայից և մի շարք այլ հանգամանքներից: Հաշվի առնելով, որ մեզ մոտ նաև համալսարանների մասնաճյուղեր կան, բուհերի պարագայում հեռավար ուսուցումը արդիական ու կարևոր է:
Եթե խոսում ենք դպրոցի մասին, ապա առնվազն մինչև ավագ դպրոցը շատ կարևոր է ուսուցչի հետ կենդանի շփումը: Այս տեսանկյունից այնպես չէ, որ հեռավար ուսուցումը խիստ անհրաժեշտ էր: Իհարկե, պետք է նշենք, որ հեռավար ուսուցման ինչ-որ գործառույթներ արդեն աշխատում էին. օրինակ՝ առաջադրանքներն էլեկտրոնային փոստով ստանալ, ուղարկել, ուսումնական պրոցեսը կազմակերպել մեսինջերների միջոցով և այլն: Այս պահին, բնականաբար, ամբողջովին այլ իրավիճակ է, որովհետև հեռավար ուսուցման հիմքերով ոչ թե մեկ գործառույթ պետք է իրականացնել, այլ անցնել դրան ամբողջությամբ: Եվ, իհարկե, այստեղ խնդիրներ են առաջանում, որոնք ամենևին տեխնիկական չեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը՝ շեշտելով, որ հեռավար ուսուցման համար անհրաժեշտ հարթակներ կան:
«Նշեմ նաև, որ հեռավար ուսուցման հիմնական հարթակներ տրամադրողները ՝ «Google»-ը, «Microsoft»-ը, հաշվի առնելով կորոնավիրուսի հանգամանքը, ամբողջ աշխարհի համար անվճար են դարձրել այդ հարթակները: Մեր պարագայում խնդիրը ավելի շատ ուսուցիչների, աշակերտների պատրաստվածությունն է:
Հասկանալի է, որ հեռավար ուսուցումը այլ տիպի գործառույթներ է ենթադրում, այսինքն, փոխվում է ուսուցման ձևը, որին պետք է պատրաստ լինել: Այս տեսանկյունից, բացառությամբ մի քանի մասնավոր դպրոցների, մեծամասնության համար սա մեծ բարդություն է լինելու»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մասնավոր մի քանի դպրոցներ, այսպես թե այնպես, ունեին նման գործառույթներ, և այդ առումով իրենց համար այս տրանսֆորմացիան ավելի հեշտ կլինի:
Ինչ վերաբերում է բուհերին, Ս. Մարտիրոսյանն այս առումով ևս առանձնացրեց պատրաստվածության խնդիրը:
Փորձագետը դասավանդում է համալսարանում ու իր փորձից օրինակ բերեց. «Միշտ ուսանողներին խնդրում եմ կատարելիք հանձնարարությունն ինձ ուղարկել էլեկտրոնային փոստով: Սովորաբար մագիստրատուրայում եմ դասեր տալիս, որտեղ մարդիկ են, որոնք առնվազն 4 տարի սովորել են բուհերում: Եվ ասեմ, որ 95 տոկոսը նույնիսկ էլեկտրոնային փոստ գրել չգիտի. այսինքն, իրենց ոչ ոք չի սովորեցրել, որ պետք է բարևել նամակի մեջ, ֆայլը կցելուց նույն ֆայլին անուն տալ, որ այն չկոչվի «doc1», որ կա «subject», որտեղ պետք է գրել, թե ինչի մասին է նամակը: Չեն սովորեցրել, որ երբ նամակ են ուղարկում, անձնական փոստում իրենց անուն- ազգանունը պետք է գրված լինի, որ նամակը չպետք է գա, օրինակ՝ «hreshtak97mail.ru» անհայտ բաժանորդից, երբ անհասկանալի է, թե ուղարկողն ով է: Ընդհանուր առմամբ, պատրաստվածության խնդիր կա թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների պարագայում:
Պարզապես ուսանողները մի քիչ ավելի առաջադեմ են, բայց այդ առումով նաև մեծամիտ, որովհետև այդ հարցում իրենց մոտ էլ խնդիրներ կան: Մեծ հաշվով, ընդհանուր կրթական համակարգում էլեկտրոնային հաղորդակցման հիմքերը նորմալ դրված չեն»:
Նա նկատեց, որ թեպետ հեռավար ուսուցման լուրջ պահանջ մինչ այս չի եղել, բայց պատասխանատու մարմինը, փաստացի, ինչ-որ բաներ կարողացել է ստեղծել. «Իրենք ինչ-որ պահեստներ ունեին, որտեղ կուտակում էին օնլայն ծրագրերը, կան նաև դասընթացներ: Ուրիշ հարց է, թե որքանո՞վ են դրանք որակյալ: Շատ դեպքերում հնացած են: Բայց այստեղ նաև հարցն այն է, որ չես կարող յուրաքանչյուր պարագայում նույնատիպ տրամաբանությամբ առաջնորդվել:
Այսինքն, առաջին դասարանի հեռավար ուսուցումը չի կարող կրկնել 7-րդ դասարանինը, որովհետև առաջին դասարանցիներն այլ կարգավիճակում են: Օրինակ՝ իրենց դեպքում հեռավար թեստավորման համակարգ ներդնելը չի աշխատի կամ անիմաստ ջանք կլինի: Այնպես որ, ընդհանուր առմամբ, վերանայել է պետք:
Առհասարակ, թե՛ այսօրվա, թե՛ հետագայի համար պետք է ինքնակրթության հնարավորություններ ստեղծել: Այդ առումով հիմա ամենալավ ժամանակն է կրթելու ոչ միայն աշակերտներին, ուսանողներին, այլև ողջ հանրապետությանը, որ մարդիկ կարողանան նոր մասնագիտություններ ձեռք բերել: Առավել ևս՝ հաշվի առնելով այն տնտեսական ճգնաժամը, որը ոչ թե մեր դուռն է թակում, այլ արդեն դռնից ներս է մտել»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում