Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված համացանցում սպառնալիքիների աճ է նկատվում. փորձագետ
ИнтервьюՀամացանցում խարդախ գործողություններից ապահովագրվել հնարավոր է միայն սեփական գայթակղությունները հաղթահարելով, քանի որ համացանցում 10 խարդախ սխեմաներից 9-ը ապավինում է օգտատիրոջ էմոցիոնալ արձագանքին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա պարզաբանեց, որ խարդախ սխեմաները սովորաբար ուղեկցվում են գործողության կոչերով:
«Հենց դրանից պետք է խուսափել: Օրինակ՝ անհայտ հաղորդագրությունն այն մասին, որ Ձեզ ցանկանում են iPhone նվիրել, պետք է զգաստացնի»,- ասաց փորձագետը:
Նա նշեց, որ կորոնավիրուսը բարենպաստ հիմք է ստեղծել համացանում խարդախ գործողությունների համար՝ հաշվի առնելով այն, որ տվյալ թեման էմոցիոնալ արձագանք է ստանում մարդկանց կողմից:
« Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված համացանցում սպառնալիքիների աճ է նկատվում: Այսօր շատ սխեմաներ են կիրառվում, որոնցում օգտագործվում են հայալեզու գրառումներ՝ մեծ վստահություն առաջացնելով մեր օգտատերերի շրջանում»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է հաքերների հարձակումներին, Սամվել Մարտիրոսյանի խոսքով, աճ չկա՝ բացառությամբ ադրբեջանցի հաքերների ոչ մեծ ակտիվության:
Մարտիրոսյանը նկատեց, որ հայ օգտատերերի շրջանում ատելության մակարդակը նվազել է, քանի որ ընդհանուր խնդրի շուրջ միավորվելու անհրաժեշտություն է առաջացել:
«Կորոնավիրուսը երկրորդ պլան է մղել ներքաղաքական օրակարգը, որը հայկական իրականության սոցցանցերում ատելության հիմնական պատճառն էր»,- պարզաբանեց նա:
Փորձագետը հայտարարեց, որ աշխարհում փոփոխությունները կախված են նրանից, թե որքան կտեւի ճգնաժամը, սակայն այժմ ակնհայտ է, որ օֆլայն ինդուստրիան երկրորդ պլան է մղվել:
«Դրան ավելանում է այն, որ զանգվածային միջոցառումները դեռ երկար ժամանակ մարդկանց մոտ վախ կառաջացնեն կորոնավիրուսի տարածման սպառնալիքները հաղթահարելուց հետո: Այդ ամենը ձեռնտու է օնլայն ինդուստրիային, եւ որքան երկար տեւի ճգնաժամը, այնքան նրանք կամրապնդեն իրենց դիրքերը»,- եզրափակեց Մարտիրոսյանը:
Նշենք, որ ՀՀ ԱԱԾ-ն հայտնաբերել է սոցցանցերում գրանցված օգտատերերի, որոնց գրառումները Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի հետ կապված ապատեղեկատվություն են պարունակել: Հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ հաքերները գործել են Ադրբեջանի տարածքից, կոտրել են հայ մի քանի օգտատիրոջ էջերն ու ապատեղեկատվություն տարածել: