«Ոչինչ փոխել չենք կարող, անհիմն վախենալու փոխարեն ավելի լավ է վերլուծենք մեր կյանքը». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Գիշերը քնեցինք, իսկ առավոտյան արթնացանք ոստիկանական մեքենաներից հնչող հայտարարությունների ձայներից՝ տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մնացածը բոլորդ էլ գիտեք, և հուսով ենք՝ հետևում եք տանը մնալու կոչերին: Տանը մնալ, իհարկե, պետք է, դա այս օրերին ուղղակի անհրաժեշտություն է մեզ պատուհասած փորձությանը հնարավորինս արագ հրաժեշտ տալու համար: Բայց ինչպե՞ս անել, որ այս ընթացքում նյարդերը տեղի չտան:
Հոգեբան Իրինա Ծատուրյանը նշում է՝ նախ և առաջ պետք է նկատի ունենանք մի կարևոր հանգամանք՝ չենք կարող փոխել ստեղծված իրավիճակը: «Այսօր ամբողջ աշխարհը պատել է կորոնավիրուսը և դրա հետևանքները: Դա փոխել չենք կարող, հետևաբար պետք է փոխենք մեզ և մեր վերաբերմունքը, մեզ և մեր դերը, մեզ և մեր գործողություններն այս իրավիճակում: Մեզ ասացին՝ նստեք տներում, դուրս մի եկեք, քանի որ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է:
Թիվը պետք է բարձրանար, քանի որ մենք վարակի 2-3 լուրջ օջախ ունեինք: Շատերն ասում են՝ տեսեք, թիվը բարձրանում է, ոմանց մոտ խուճապ է սկսվում: Բայց այս հարցում պետք է առաջնորդվել պարզ տրամաբանությամբ: Վարակը եկավ մեր հանրապետություն, այնուհետև սկսեց տարածվել:
Հիմա մեզ ասվում է՝ մնացեք տներում, դրա էլ ավելի տարածումը կանխելու նպատակով: Իմ շրջապատում կան մարդիկ, որոնք խուճապահար են ընդունում այն լուրը, որ վարակվածների թիվն ավելանում է, բայց չէ՞ որ դա գործընթաց է, որը դեռ չի հասել իր գագաթնակետին, այնուհետև մենք կսկսենք արդեն դրական պատկեր արձանագրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ծատուրյանը:
Նա առաջարկում է ուշադրություն դարձնել վարակի վերաբերյալ մեր ազգաբնակչության կարծիքին: «Մարդկանց մի մասն ասում է՝ ոչ մի խնդիր չկա, մյուս մասն էլ՝ ահավոր խուճապի մեջ է: Երկուսն էլ սխալ են:
Մի կողմից՝ պետք է հաշվի առնենք, թե, օրինակ՝ իտալացիների անմիտ լինելն ինչի հանգեցրեց, մյուս կողմից էլ՝ եթե խուճապի մատնվենք ու լարվենք, դա անդրադառնալու է մեր առողջության վրա: Հետևաբար պետք է ընտրենք ոսկե միջինը, այս ժամանակն օգտագործենք հօգուտ մեզ»,-նշում է հոգեբանը:
Ծատուրյանը հիշեցնում է՝ որքան հաճախ է լինում, երբ յուրաքանչյուրս ասում է՝ այնքան գործ ունեմ անելու, մի քիչ ազատվեմ աշխատանքիցս ու դրանով զբաղվեմ:
«Կանանց համար դա կարող է լինել տան մաքրությունը, մեկի համար՝ անգլերենի դասընթացը, որը սկսելը որևէ կերպ չէր ստացվում, մեկ ուրիշն էլ կարող է տարիներ ի վեր անուշադրության մատնված գրքերի դարակը մաքրել և տեսնել, թե այնտեղ ինչ կա չկա:
Մի խոսքով՝ եթե մարդն ուզենա, հազար ու մի գործ կարող է գտնել իր համար: Հիմա մենք պարապուրդի մեջ ենք, մենք դա որևէ կերպ չենք կարող փոխել, նշանակում է պետք է հարմարվենք իրավիճակին և մեզ համար զբաղմունք գտնենք, ոչ թե նստենք և անընդմեջ միայն նորություններին հետևենք»,-ասում է մեր զրուցակիցը:
Հոգեբանն այսպես է արձագանքում հարցին, որ շատերս այս հիվանդության հետ կապված վախեր ունենք: «Վախը ենթադրությանը, չարին, վատին, պատկերացրածին, ոչ իրականին, անգամ սատանային հավատալն է: Ես վախենում եմ, որ կհիվանդանամ կորոնավիրուսով: Սա ենթադրություն չէ՞:
Բայց եթե ես հետևում եմ բոլոր կանոններին, ախտահանում եմ ձեռքերս, տանից աշխատում եմ դուրս չգալ, ինչո՞ւ պետք է վարակվեմ: Ես գնացե՞լ եմ Իտալիա, թե՞ այն արտադրամաս, որտեղ դեպքեր են գրանցվել: Ես այդ խմբի մեջ չեմ, այդ դեպքում ինչո՞ւ եմ վախենում: Դա պերմանենտ հայի վիճակ է»,-նշում է Ծատուրյանը:
Նա ընդգծում է՝ մեզ տրված է ժամանակ մտածելու, թե ի՞նչ կորուստներ եղան, ի՞նչ և ինչո՞ւ տեղի ունեցավ: «Ինչո՞ւ մենք Մեծ պահքի շրջանում չենք կարող պատարագի մասնակցել:
Սա էլ է հարց: Ուրեմն պետք է այդ պատարագն անընդհատ մեր մեջ կրենք, հասկանանք մեր արարքները, ուրեմն մի բան այնպես չէ: Անհիմն վախենալու փոխարեն ավելի լավ է վերլուծենք մեր կյանքը, մի նոր բան սովորենք, ինչ-որ բանով զբաղվենք՝ տնային տարրական գործերից սկսած: Ի վերջո, հազար ու մի բան կա անելու»,-եզրափակում է Իրինա Ծատուրյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում