Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են գազի գնի հարցը, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը
ЭкономикаՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Կողմերը քննարկել են տնտեսության եւ առողջապահական համակարգի գործունեության հարցերը: Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է «Բելթա»-ն:
Կողմերը տեղեկատվություն են փոխանակել ածխաջրածինների գնի շուրջ, որոնք եւ՛ Բելառուսը, եւ՛ Հայաստանը ներմուծում են Ռուսաստանից: Լուկաշենկոն եւ Փաշինյանը նշել են բնական գազի գնի բարձրացումը՝ ընդգծելով, որ այն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին եւ ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին:
Զրույցի առանձին թեմա է դարձել առողջապահական համակարգի գործունեությունն ու հակազդեցությունը կորոնավիրուսի տարածմանը:
Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում եւ Բելառուսում Covid-19 վիրուսի տարածման հետեւանքով ստեղծված համաճարակային իրավիճակի եւ կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:
Կողմերը քննարկել են նաեւ ստեղծված իրավիճակում Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է պարբերական կոնսուլտացիաների եւ համատեղ գործողությունների անհրաժեշտությունը: Երկու երկրների նախագահները քննարկել են ստեղծված տնտեսական մարտահրավերները քննարկելու համար ԵԱՏՄ պետությունների ղեկավարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Բելառուսի նախագահը նշել է անհետաձգելի հարցերի առկայությունը, որոնք բարձր մակարդակով մանրամասն քննարկում են պահանջում:
Բելառուսի նախագահը ԵՏՀ Կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչին հանձնարարել է քննարկել այդ հարցը կողմերից յուրաքանչյուրի հետ: Պետությունների ղեկավարների համաձայնության դեպքում Բելառուսը կառաջարկի հանդիպում անցկացնել բացառապես նեղ կազմով՝ երաշխավորելով պատվիրակությունների անդամների անվտանգությունը: Բելառուսական կողմի կարծիքով՝ նման քննարկման անցկացման այլընտրանքային տարբերակ կարող է լինել ԵԱՏՄ առաջնորդների մասնակցությամբ տեսահամաժողովը: