Առաջիկա օրերին հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի. Տաքսիները կարող են գործել. վարչապետ
ОбществоԱռաջիկա օրերին հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի: Մյուս կողմից այն ոլորտները, որոնք աշխատանքը թույլատրվում է, մենք սահմանում ենք, որ այդտեղ տրանսպորտային ծախսերը եւ փոխադրումների հարցը պետք է հոգան գործատուները, որպեսզի աշտատողների վրա հավելյալ ճնշումներ չլինեն:
Միջմարզային երթեւեկությունը գոնե առաջիկա շաբաթվա համար արգելվելու է: Մյուս կողմից Երեւանում եւ մարզերում տաքսիների գործունեությունը թույլատրվելու է, ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները նույնպես կարող են գործել: Անձնական փոխադրումները, իհարկե, սահմանված սահմանափակումների շրջանակում, նույնպես կթույլատրվի:
Իհարկե, պարետատունը կսահմանի այն դեպքերը, երբ տեղաշարժը կթույլատրվի տեղաշարժի թերթիկներով եւ գործատուների տեղեկանքներով»,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ընթացքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ: