Շարունակում են սեփական թերացումները այլոց վրա «գցելու» գործելակերպը. մեղավոր են բոլորը՝ իրենցից բացի. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Փաշինյանի գլխավորած կառավարությունը իր պաշտոնավարման ընթացքում ձգտում է ինչքան հնարավոր է տպավորիչ ցուցանիշներ ներկայացնել հանրության դատին՝ առանց հաշվի առնելու, թե որքանով են այդ ցուցանիշներն արտացոլվում ռեալ կյանքում։
Իշխանությունները ցանկացած ձեռքբերում, թեկուզ դրա արմատները գալիս են նախկինից, համարում են միայն իրենցը, սակայն չեն ընդունում բացթողումները՝ թեկուզ դրանք իրենց անգործության հետևանքն են։ Եվ եթե իշխանությունները հանրության հետ աշխատանքի թափանցիկ գործելաոճ են ընտրել, ապա պետք է իրենցը համարեն ոչ միայն հաջողությունները, այլև բացթողումները։
Այլ կերպ ասած՝ իշխանություններն իրենց վրա պետք է վերցնեն ամբողջական պատասխանատվությունը յուրաքանչյուր արդյունքի դեպքում։ Սակայն ի սկզբանե Փաշինյանը պատասխանատվությունից խուսափելու դիրքորոշում է որդեգրել, որը կատարվում է բացթողումները այլոց վրա «գցելու» միջոցով։
Այսպես, օրինակ՝ եթե պետական համակարգում գործերը լավ չեն, պետական համակարգը արագ չի արձագանքում հանրության ներսից եկող ազդակներին, ապա Փաշինյանը մեղադրում է պետական համակարգում աշխատողներին, իբր թե նրանք իրենց դեմ սաբոտաժ են իրականացնում։
Բայց Փաշինյանը երբեք չի ընդունում, որ պետական համակարգում առաջացած խնդիրները կարող են նաև իր կողմից ոչ ճիշտ կադրային քաղաքականության արդյունքը լինել, քանի որ ինքը բարձր պաշտոններում նշանակել է մարդկանց, որոնցից շատերը ոչ միայն պետական համակարգում աշխատանքի փորձ չունեն, այլև մինչև հիմա չեն պատկերացնում պետական համակարգի նշանակությունը, և բարձր տեղում են հայտնվել ոչ թե իրենց արժանիքների, այլ հեղափոխական փողոցի միջոցով։
Մյուս կողմից, ինչպես փաստում են պետական համակարգում աշխատողներից շատերը, Փաշինյանն ու իր նեղ թիմը համակարգը լիարժեք չեն ընկալում և փոխադարձաբար համակարգի կողմից չեն ընկալվում:
Իսկ վերջերս էլ պարզվեց՝ լուրջ խնդիրներ կան մեր ավիացիոն ոլորտում։ Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ն, ուսումնասիրություն է իրականացրել հայկական ավիաընկերություններում և արգելել դրանց մուտքը ԵՄ երկինք: Բացի դրանից, EASA-ն լուրջ թերություններ է գտել նաև քաղավիացիայի կոմիտեում։
Եվ փոխանակ սրանից հետո իշխանություններն անկեղծ գտնվեն և հայտարարեն, որ ավիացիոն ոլորտում ձախողել են իրենց ք ա ղ ա ք ա կ ա նու թյու նը, փոր ձ ո ւ մ ե ն «փրփուրներից կախվել»։ Նրանք հայտարարում են, թե իրենց դեմ քաղավիացիայի կոմիտեում սաբոտաժ են իրականացրել։ Այս կամ այն պաշտոնյան ժամանակին չի զեկուցել, դրանից էլ սկսվել են խնդիրները և այլն։
Սակայն իշխանություններն արդեն երկու տարի է, ինչ պաշտոնավարում են, տարբեր կարևորագույն օղակներում, կառույցներում բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ են արել, փորձել են իրենց համար ընդունելի կառավարման մեխանիզմներ ձևավորել, ու կարծես քաղավիացիայի ոլորտում խնդիրները կարգավորելը որևէ դժվարություն չպետք է ներկայացներ։
Ինչպես տեսնում ենք, իշխանությունները փորձում են ամեն կերպ իրենց ձախողումները պայմանավորել մութ կամ դավադիր ուժերի գործունեությամբ։ Եվ եթե այսպես շարունակվի, ապա որոշ ժամանակ անց կարող է նաև պարզվել, որ կորոնավիրուսի համավարակի արդյունքում ի հայտ եկած տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը խանգարում են ոչ միայն նախկինները, ոչ միայն Սահմանադրական դատարանը, այլև Հայ Առաքելական եկեղեցին, իսկ հետո արդեն՝ բոլոր «արժանապատիվ քաղաքացիները»։
Բոլորը, միայն ոչ իրենք...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում