Օրենքի նախագիծը նոր գլխացավանք՝ շրջիկ առևտրով զբաղվողների համար
АналитикаԲիզնեսի համար ավելորդ բարդություններ չառաջացնելը շատ կարևոր է ոչ միայն երկրի վարկանիշի, այլև հարկային մուտքերի աճի համար: Բացի այդ, երկրում ձեռնարկատիրությանը խթանելու և ինքնազբաղվածության մակարդակը բարձրացնելու համար, օրենքներում այս կամ այն փոփոխությունը նախաձեռնելուց առաջ հարկավոր է ուսումնասիրել աշխարհում վաղուց ներդրված ու տարիներով փորձարկածը, նոր միայն օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել:
Խոսքը շրջիկ առևտրով զբաղվող սուբյեկտներին հարկային դաշտ բերելու ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի մասին է: Նախագծով առաջարկվում է շրջիկ առևտրով զբաղվողներին պարտադրել հաշվիչ դրամարկղային մեքենա ձեռք բերել և ՀԴՄ կտրոնի վրա հստակ նշել, թե տվյալ սուբյեկտը ո՞ր հասցեներում է գործունեություն իրականացնելու:
Ու թեև ներկայացված նախագծում խոսքը միայն շրջիկ առևտրի մասին է, բայց կարող է վաղը մյուս օրը խոսք գնալ նաև օնլայն առևտրի կամ ծառայությունների մասին: Ուստի ընդհանրացնելով, նշենք, որ դաշտը կանոնակարգելու և գործունեության այդ տեսակների հանդեպ վերահսկողություն իրականացնելու ավելի արդյունավետ տարբերակներ կան, որի համար ամենևին էլ պետք չէ ՀԴՄ ունենալ:
Մասնավորապես՝ եթե բիզնես գրանցելու, աշխատանքային պայմանգիր կնքելու կամ բանկային ծառայություններից օգտվելու ժամանակ անձնագրի փոխարեն նշվի սոցիալական քարտի համարը, ապա դրանից հետո ֆինանսական շրջանառության վերլուծությունը կդառնա վայրկյանների հարց, ինչպես զարգացած շատ երկրներում է իրականացվում:
Այսինքն, եթե տնտեսվարողը գործունեություն է ծավալում մի քանի ուղղություններով և դրանց դիմաց գումար է ստանում, ապա ամսվա, եռամսյակի կամ տարեկան կտրվածքով հնարավոր կլինի պարզել, թե ո՞ր գործառույթից ինչքան գումար է փոխանցվել նրա բանկային հաշվին: Դրա համար ընդամենը հարկավոր է պարտադրել, որ գործունեության որոշ տեսակներ, այդ թվում՝ շրջիկ կամ օն-լայն առևտրով զբաղվողները, վճարումները միայն բանկային փոխանցումով իրականացնեն: Այդ դեպքում ՀԴՄ պատրադրելու և դրա համար ավելորդ գումար ծախսելու կարիք չի լինի:
Ինչ վերաբերում է ՀԴՄ կտրոնի վրա գործունեության վայրը նշելուն, ապա սա ևս աբսուրդ է, քանի որ պահանջարկից կախված տնտեսվարողը կարող է առևտուր իրականացնել տարբեր վայրերում, այդ թվում հանրապետության տարբեր քաղաքներում: Եվ բնական է, որ այդ դեպքում հնարավոր չէ նախօրոք կանխատեսել, թե տվյալ անձը որ օրը որտեղ է գործունեություն ծավալելու: Այսինքն, կարևորը ոչ թե գործունեության վայրը, այլ շրջանառության չափը ֆիքսելն է, որը, կրկին, բանկային փոխանցման եղանակով իրականացնելու դեպքում ՀԴՄ ամենևին էլ պետք չի լինի:
Արմինե Գրիգորյան