Քաղաքացիները կարող են նաև կորոնավիրուսի վճարովի թեստեր հանձնել մասնավոր ԲԿ-ներում
ИнтервьюԿորոնավիրուսը հաստատող Rapid տեսակի թեստերով վճարովի ստուգումներ են անցկացվում Վարդանանց նորարարական բժշկական կենտրոնում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց կենտրոնի մամուլի պատասխանատու Անահիտ Հայթայանը:
Rapid տեսակի արագ թեստերը ստուգվողից քթից կամ կոկորդից վերցված քսուքի միջոցով 10 րոպեում հաստատում կամ ժխտում են վարակի առկայությունը: Յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է թեստ հանձնել, սակայն չունի նախարարության ցուցումը, կարող է փարատել կասկածները՝ վճարելով 25000 դրամ: Կիրառվող թեստերին հավանություն են տվել նաև ՀՀ առողջապահության նախարարությունից և ՀՀ կառավարությունից:
«Յուրաքանչյուր քաղաքացի կարող է զանգահարել 060-59-21-00 հեռախոսահամարին և ժամ գրանցել ստուգման համար: Զանգերի կենտրոնը, ճշտելով գրանցվողի գանգատները, շփումները և այլ երկրներ կատարած այցերը, հուշում է, թե որ մուտքով պետք է մտնի կենտրոն։ Առաջնային ֆիլտրը կատարվում է նախասրահում, որտեղ կատարվում է այցելուների ջերմաչափում, տրամադրվում են դիմակներ և գնահատվում յուրաքանչյուրի կարգավիճակը։ Վարակի առկայության ռիսկի դեպքում այցելուն կենտրոն է մտնում առանձնացված մուտքով և սպասարկվում մեկուսարանում: Տեղեկացնեմ նաև, որ մեր բուժաշխատողները այցելում են նաև տուն, պարզապես պետք է զանգահարել և կանչ գրանցել»,- ասաց խոսնակը։
Հարցին, թե քանի մարդ է հասցրել օգտվել վճարովի ծառայությունից՝ խոսնակը չասաց, սակայն նշեց, որ նրանց թիվը փոքր չէ:
«Թեստերի առաջին խմբաքանակն ավարտվել է, հիմա սպասում ենք նոր խմբաքանակի, որը առաջիկա շաբաթում արդեն հասանելի կլինի: Ցանկացողների քանակը բավական մեծ է, արդեն նախնական գրանցումներ ունենք հաջորդ շաբաթվա համար»,- նշեց նա:
Խոսնակի տեղեկացմամբ՝ գրանցումները կատարվում են այնպես, որ նույն ժամանակահատվածում սպասարկվեն 50%-ով պակաս այցելուներ՝ յուրաքանչյուրի համար կրկնակի մեծացնելով (4,5 մետր) նախատեսվող կենսական տարածությունը։ Բուժանձնակազմն էլ պարբերաբար անցնում է գրիպի տեսակների թեստավորում, որից հետո միայն ստանում հաճախորդին սպասարկելու թույլտվություն։ Իսկ Կենտրոնի տարածքները ախտահանվում են օրական 5 անգամ։