Դադարի ժամանակահատվածը պետք է արդյունավետորեն օգտագործել. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Կորոնավիրուսի համավարակի տարածման պայմաններում աշխարհի բազմաթիվ երկրներում արտակարգ դրություն է հայտարարված, գործում են տեղաշարժի սահմանափակումներ, տնտեսության մի շարք ոլորտներում գործունեությունն ուղղակի սառեցված վիճակում է։ Ճիշտ է՝ որոշ երկրներ գնում են սահմանափակումների աստիճանական մեղմացման, սակայն ընդհանուր առմամբ վիճակը դեռևս ծանր է:
Այն կանխատեսումները, թե համավարակի արդյունքում սկսված տնտեսական ճգնաժամի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա շատ ավելի խորն է լինելու, քան 2008-2009 թվականներին էր, արդեն իսկ իրականություն են դառնում։
Եվ պատահական չէ, որ մասնագետները կարծում են, թե համավարակի հետևանքների վերացումն ուղղակի կարող է տարիներ տևել, քանի որ այն հսկայական վնասներ է հասցնում համաշխարհային տնտեսությանը։
Ուստի համավարակի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով պետությունները փորձում են որոշակի փաթեթներ պատրաստել, որոնց միջոցով աջակցելու են հասարակության խոցելի խմբերին և բիզնեսի ներկայացուցիչներին։
Իսկ զարգացած երկրները գործի են դրել իրենց ռեզերվները և բիզնեսին աջակցելու նպատակով ուղղակի տրիլիոնավոր դոլարներ են ներարկում տնտեսության մեջ՝ նպատակ ունենալով ապահովել շրջանառության մեծացում։
Սա նշանակում է, որ համաշխարհային շուկայում փողի ավելցուկ է նկատվելու, իսկ արժույթը կհոսի այն երկիր, որն ավելի մրցունակ կգտնվի։
Եվ այս առումով ՀՀ կառավարությունը մտածելու բազմաթիվ պատճառներ ունի։ Ժամանակն է, որ Հայաստանի տնտեսության մեջ լուրջ կառուցվածքային փոփոխություններ լինեն։ Շեշտը պետք է դրվի տնտեսության դիվերսիֆիկացման, ներդրումների ներգրավման, արտադրության և, ըստ այդմ, նաև արտահանման խթանման վրա։
Բոլորս էլ հիշում ենք, որ 2008-2009 թվականներին էլ սկզբում տնտեսության համակարգման ոլորտի պատասխանատուները հայտարարում էին, թե ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա փոքր է լինելու, կարողանալու են արագ հաղթահարել ճգնաժամի ազդեցությունը, սակայն արդյունքում 15 տոկոսի անկում ունեցանք, որը լուրջ խոչընդոտ հանդիսացավ հետագա տարիների զարգացման համար։
Հիմա, եթե նախորդ ճգնաժամի արդյունքում ՀՀ տնտեսությունը այդպիսի խոր անկում է ունեցել, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող են նկատվել այս տարի սկսված ճգնաժամի արդյունքում, երբ արդեն տևական ժամանակ համաշխարհային տնտեսության որոշակի ճյուղերում գործունեությունն ուղղակի սառեցված վիճակում է։
Իհարկե, մեր իշխանությունները փորձում են հանրության մոտ լավատեսություն ներշնչել, սակայն միայն հայտարարություններով ու որոշակի հակաճգնաժամային փաթեթներով չպետք է հարցը համարել փակված։
Ներկայիս տնտեսական դադարի ժամանակահատվածը պետք է օգտագործել տնտեսական զարգացման առանձին ռազմավարություն մշակելու համար, որպեսզի մեր տնտեսությունը մրցունակ գտնվի հետկորոնավիրուսային աշխարհում, որտեղ, ըստ ամենայնի, տնտեսական փոխհարաբերությունների փոփոխություններ տեղի կունենան։
Իսկ սա ենթադրում է, որ ՀՀ տնտեսության հիմնական շարժիչ ուժը պետք է դառնա մրցունակ և առավել մեծ պահանջարկ ունեցող արդյունքի ստեղծումը՝ լինի դա արտադրության, թե՛ ծառայությունների մատուցման տեսքով։ Բավական է հպարտանալ որակ չունեցող այնպիսի տնտեսական աճով, որի կառուցվածքում մեծ տեղ են կազմում խաղերը և ավտոմեքենաների ներկրումը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում