«Պետք է ուշադրությունը սևեռել թափոնների վերամշակման վրա». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Օրերս Ազգային ժողովը 105 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածների) վաճառքը և իրացումը, ավելի պարզ ասած, նախարարությունը տեղեկացնում է՝ պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումը կարգելվի։ Գաղտնիք չէ, որ պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկե շշերի մնացորդներով աղտոտված է մեր ողջ բնությունը:
Թե՛ բնության մեջ, թե՛ աղբավայրերում կուտակված աղբի մնացորդները շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին։ Պոլիէթիլենային տոպրակները չեն ենթարկվում կենսաբանական քայքայման և հարյուրավոր տարիներ դրանք մնում են բնության մեջ՝ անդառնալի վնաս պատճառելով շրջակա միջավայրին: Հայաստանում խնդիրը բարդանում է նրանով, որ մեզ մոտ գրեթե բացակայում է աղբի տեսակավորումը և վերամշակումը:
Բնապահպան, «Էկոլուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը նշում է՝ Հայաստանը լուրջ խնդիր ունի ընդհանրապես պլաստիկ թափոնների հետ կապված: «Բոլոր նախաձեռնությունները, նախագծերը շատ կարևոր են: Մենք քայլ առ քայլ պետք է ինչ-որ բան անենք:
Բայց նախագիծը, որն օրերս ընդունվեց, միայն մասնակի լուծում է: Ենթադրենք՝ մենք ինչ-որ ձևով կարող ենք նվազեցնել պոլիէթիլենի կամ էլ պլաստիկի արտադրությունը, բայց ի՞նչ պետք է անենք մյուս պլաստիկի, մասնավորապես թափոնների հետ: Իմ կարծիքով՝ պլաստիկե թափոններին վերաբերող ամբողջական փաթեթ պետք է ընդունել, իսկ դա ընդունելու համար պետք է հստակ պատկերացում ունենանք, թե ինչ պետք է անենք թափոնների հետ: Ստացվում է, որ նախ պետք է լուծենք տեսակավորման և ուտիլիզացիայի՝ վերամշակման հարցերը:
Տեսեք՝ ստանում ենք պլաստիկի արտադրանքի հումք, այն դարձնում ենք պլաստիկ՝ որպես արտադրանք, որոշ ժամանակ հետո այն դարձնում ենք թափոն՝ փոխարենը հումք դարձնելու: Այս շրջապտույտի հարցը դեռ չենք լուծել, իսկ դա ամենակարևորներից մեկն է: Եթե ամբողջական փաթեթ ընդունվեր, ապա օրենքում կատարվող այս փոփոխություններն ընդամենը պետք է այդ ամբողջական փաթեթի մի մասը կազմեին: Սակայն, իհարկե, ողջունելի է, որ սկզբնական քայլ կատարվեց նման փոփոխության տեսքով:
Ավելի ծավալուն քայլերն ու փոփոխություններն, իհարկե, կապ ունեն տնտեսության հետ, բայց այսօր առաջնային է թափոնների վերամշակման հարցը, հակառակ դեպքում անընդհատ նոր աղբ է ի հայտ գալու»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Զարաֆյանը:
Ինչպես գիտենք, արդեն մեկ տարուց ավելի է, որ սուպերմարկետներում, օրինակ՝ տոպրակները վաճառվում են տասը դրամով: Այս փոփոխության նպատակն այն էր, որ նաև այս կերպ քչանա պոլիէթիլենային տոպրակների սպառումը մեր երկրում:
Այս կերպ, իհարկե, խնդրին արմատական լուծում չտրվեց, չնայած հիմա ավելի շատ կարելի է խանութներում մարդկանց հանդիպել, որոնք օգտագործում են կա՛մ կտորից, կա՛մ թղթից տոպրակներ, չնայած որ այս միտումը համատարած բնույթ չի կրում:
Արդյո՞ք այս դեպքում նաև հասարակության հետ աշխատելու անհրաժեշտություն ունենք: «Որոշվեց, որ տոպրակները պետք է վաճառվեն, նաև սպառումը քչացնելու նպատակով: Բայց ես, անկեղծ ասած, մեծ փոփոխություններ չեմ տեսնում: Այստեղ կա հարմարության խնդիր: Այն մարդը, որը չի ուզում օգտվել պոլիէթիլենային տոպրակներից, չի օգտվում: Պետք է այս ուղղությամբ այլ մեխանիզմներ մշակենք:
Պետք է իրազեկել, «կրթել» այն մարդկանց, որոնք վաճառում են այդ տոպրակները: Եթե մարդն իմանա, որ ինքը գնում է խանութ և այնտեղ չկա հարմար մի բան, որով նա իր գնած ապրանքը պետք է տուն տանի, ինքն ուզած-չուզած կգտնի այլընտրանք՝ կտորե, թղթե կամ էլ այլ տոպրակների տեսքով: Ստացվում է, որ այստեղ ոչ թե գնորդի, այլ վաճառողի խնդիրն է:
Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, առաջընթաց չենք ունենա: Չեմ կարող այս խնդրի լուծման մեխանիզմները նախանշել, բայց միանշանակ է՝ խնդիր ունենք ոչ թե գնորդների, այլ վաճառողների հետ»,-նշում է մեր զրուցակիցը:
Զարաֆյանը ընդգծում է՝ որքան էլ մարդկանց շրջանում իրազեկումներ անցկացնենք, ինչը շատ կարևոր է, նրանց հոգեբանությունը փոխելը շատ բարդ կլինի. եթե ուզում ենք խնդրի լուծումն արդյունավետ լինի, պետք է լուծել վաճառակետերում պոլիէթիլենային տոպրակների սպառման հարցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում