«Ոչինչ հավերժ չէ, ճգնաժամն ունի սկիզբ, ընթացք և ավարտ». խոսքը ոչ թե խուճապի, այլ տարրական կարգ ու կանոնի պահպանման մասին է. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Ինքնամեկուսացում, տանից աշխատանք, պետական և հասարակական կարևորագույն իրադարձությունների չեղարկում, իսկ աշխատանքի գնալիս և անգամ գնումներ կատարելիս պարտադիր է տեղաշարժման թերթիկ ունենալը: Փակ են ուսումնական հաստատությունները, չի գործում հասարակական տրանսպորտը:
Սրանք այն քիչ «զոհողություններն են», որոնց ստիպված ենք գնալ ստեղծված իրավիճակը հաղթահարելու և առավելագույնս առանց կորուստների դրանից դուրս գալու համար: Հասարակության մի մասը հստակ գիտակցում է պատասխանատվության իր բաժինը, մյուս մասն էլ, ավաղ, իրենից հեռու է «վանում» հիվանդությունը: Տպավորություն է, թե ներկա իրավիճակը որևէ կերպ չի առնչվում մեզ հետ նույն իրականության մեջ ապրող շատ մարդկանց:
Ի դեպ, արդարության համար պետք է ասել, որ վերը նշվածը վերաբերում է ոչ միայն Հայաստանին և հայ հասարակությանը: Արտակարգ դրության հետևանքով մարդկանց հոգեբանական վիճակի, «տանը մնալու» հորդորներին շատ դեպքերում ականջալուր չլինելու վարքագծի և հոգեբանական ճգնաժամի մեջ չհայտնվելու մասին «Փաստը» զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի հետ:
Զրույցի սկզբում արձանագրում ենք՝ արտակարգ դրությունը, կորոնավիրուսի համաճարակը սահմափակել են մեր առօրյա գործողությունները, փոխել կյանքի բնականոն ընթացքը, հետաքրքրվում՝ ներկայումս մարդիկ հոգեբանական ինչպիսի՞ վիճակում են գտնվում: Հոգեբանը նշում է՝ այս օրերին ակտիվացել են մարդկանց հոգեբանական խնդիրները:
«Արտակարգ դրությունը թեև փոխել է կյանքի ընթացքը, բայց առաջին հերթին այն սահմանվել է հենց նույն կյանքը պահպանելու համար։
Չեմ ժխտի, որ այս օրերին ակտիվացել են հոգեբանական խնդիրները, որոնց հիմքում ընկած է հենց մահվան վախը։ Քանի որ մարդկանց ակտիվությունը, գործողությունները վկայում են կյանքի ռիթմի մասին, ուստի դրանց որոշակի սահմանափակումը մարդու մոտ առաջացնում է տագնապի զգացում»,-ասում է Գրիգորյանը:
Ակնհայտ է՝ մեր համերկրացիներից շատերը չեն հետևում պարետատան և առողջապահական գերատեսչության՝ «տանը մնալու» և մյուս հորդորներին: Ի դեպ, այս պրակտիկան բնորոշ է ոչ միայն մեր հասարակությանը: Հարցնում եմ՝ նման վարքագիծն ինչի՞ մասին է վկայում: «Այո՛, իրավացի եք, որ շատերն անտեսում են տանը մնալու հորդորները, որն առաջին հերթին խոսում է անձի պատասխանատվության բացակայության մասին։
Երբ չկա «մենք»-ի գաղափարը, այլ կա «ինձ ոչինչ չի լինի» մոտեցումը, երբ անձը չի գիտակցում իր քայլերի բացասական հետևանքները, ապա ոչ մի պարտադրանք, հորդոր, խնդրանք չի ազդի նրա վրա։ Այստեղ խոսքը ոչ թե խուճապի, այլ տարրական կարգ ու կանոնի պահպանման մասին է»,-նշում է մեր զրուցակիցը:
Պարզ է՝ ամբողջ աշխարհը, բնականաբար՝ նաև մենք շարունակելու ենք ապրել կորոնավիրուսի լինելության փաստը գիտակցելով: Արտակարգ դրությունը, այսպես թե այնպես, կավարտվի, և եթե հիմա շատ մարդկանց մոտ առկա են հոգեբանական խնդիրներ, ապա ինչպիսի՞ պատկեր կունենանք դրա ավարտից հետո, երբ վերադառնանք բնականոն կյանքին, իրենց մասին հիշեցնեն առօրյա հոգսերը, արդյո՞ք շատերը չեն հայտնվի ճգնաժամում և ամենակարևորը՝ ի՞նչ անել դրանից խուսափելու համար:
Հոգեբանն ընդգծում է՝ բացասական հետևանքներից խուսափելու համար մարդիկ պետք է հիշեն նախկինում իրենց բաժին հասած ճգնաժամային իրավիճակները: «Արտակարգ դրության ավարտից հետո բնականաբար ժամանակ է հարկավոր կրկին ադապտացվելու համար։
Նախ և առաջ՝ յուրաքանչյուրս պետք է ճիշտ գնահատենք մեր սպասումները, պատրաստ լինենք փոփոխություններին, բայց և պատրաստ լինենք այդ փոփոխությունները հաղթահարելուն։ Բացասական հետևանքներից խուսափելու համար պետք է հիշենք մեզ բաժին հասած շատ ճգնաժամային իրավիճակներ, թե ինչպես ենք ժամանակին հաղթահարել այդ ճգնաժամը և, ի վերջո, գիտակցել, որ ոչինչ հավերժ չէ, ճգնաժամն ունի սկիզբ, ընթացք և ավարտ»,-եզրափակում է հոգեբան Լուսինե Գրիգորյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում