Բլոգերի անհավասարակշիռ պահվածքը անպատասխանատու վերաբերմունքի վառ օրինակ
АналитикаԲլոգեր Նարեկ Սարգսյանի կողմից ճանապարհային երևթեկությունը կանոնակարգող ոստիկանների հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հակամարտության մեջ էր մտնելը, համաձայնեք, օրինակ է, թե իրեն հարգող մարդն ինչպես չի կարող խոսել օրենքի պաշտպանների հետ:
Բլոգերի սարքած շոուն թեև կարելի է ստացված համարել, քանի որ տեսանյութը բավական դիտումներ ունեցավ, սակայն, քաղաքացու նման պահվածքը խոսում է այն մասին, որ մեր երկրում կոլեկտիվ պատասխանատվության մակարդակն այնքան ցածր է, որ այսօրինակ օրինազանցությունը որպես հերոսության նշան կարելի է ցուցադրել ու ոչ ավել, ոչ պակաս, որպես «լավ տղա» ներկայանալ:
Մինչդեռ, բլոգերի այս ոչ իրավաչափ վարքագիծը բավական զայրացրել է հատկապես նրանց, ովքեր ամեն կերպ փորձում են տանը մնալ, ենթարկվել կարգ ու կանոնին, ավելորդ լարվածություն չառաջացնելու ու միմյանց նյարդերը խնայելու համար: Այս օրերին, երբ բժիշկներն օր ու գիշեր պայքարում են մարդկանց կյանքը փրկելու համար և խնդրում են հետևել պարետի ցուցումներին, իսկ ոստիկաններն էլ կարգ են պահպանում, ստացվում է, կան մարդիկ, ովքեր կարող են իրենց օրենքից վեր դասել և իրենց նման ձևով պահել:
Ուշագրավ է, որ թեև բլոգերն ասում է, որ դուրս է եկել տաքսի վարելու և մի կտոր հացի գումար աշխատելու, սակայն, հարց է ծագում, թե ինչպես է նա անհավասարակշիռ հոգեվիճակոով, առանց դիմակի ու ձեռնոցի ուղևոր տեղափոխում:
Այդ տհաճ տեսարանի ժամանակ նա իրեն թույլ տվեց նույնիսկ հայհոյել երկրի ղեկավարին, գոռալ, մուննաթ գալ ոստիկանների վրա, ինքն առանց դիմակի ու ձեռնոցի ոստիկանին մեղադրել դիմակ չդնելու համար և այլն: Մինչդեռ ոստիկանները, բժիշկների նման իրենց կյանքը չխնայելով ամեն ինչ անում են, որպեսզի կանխեն վարակի տարածումը և կարգ ու կանոն հաստատեն:
Հարգանքի է արժանի ոստիկանների հավասարակշռված ու համբերատար վերաբերմունքը, քանի որ չտրվելով սադրանքի, ամեն կերպ փորձում էին բացատրել, թե ինչ պետք է աներ քաղաքացին, որպեսզի պարետի սահմանած կարգը չխախտի:
Նման պահվածքի, էլ չենք ասում բառապաշարի համար ցանկացած այլ երկրում նա վայրկյան չանցած փռված կլիներ ասֆալտին, բայց մեր դեպքում պետք է նվազագույնը հրապարակային պարսավանքի ենթարկվի, որպեսզի մյուսների համար ևս պարզ լինի, որ օրենքը պետք է հարգել, իսկ օրենքի պաշտպանի ներկայությամբ չի կարելի նման վարքագիծ դրսևորել ու հրապարակավ սադրել ծառայություն իրականացնող ոստիկանին: