Վերջին զանգի միջոցառումները կհետաձգվեն, օրը միասին կորոշենք. նախարարը՝ աշակերտներին
TVԱռողջապահության նախարարության եւ կառավարության հետ միասին պայմանավորվում ենք, հենց որ համավարակն իրենից վտանգ չներկայացնի, միասին օր ենք որոշում եւ վերջին զանգի արարողություններն իրականացնում ենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Նախարարներն էլ, պաշտոնյաներն էլ ձեզ հետ միասին այդ արարողությանը կմասնակցեն, վստահ եմ, որ ոչ միայն դուք, այլեւ մենք կարիք ունենք այդպիսի հանրային միջոցառումների»,– ասաց նա։
Նախարարի խոսքով՝ ներկա իրավիճակում վերջին զանգի կազմակերպումը վտանգավոր է.
«Սիրելի աշակերտներ, ես գիտեմ, թե ձեր կյանքում այս իրադարձությունը, որքան կարեւոր է, որովհետեւ մի շատ կարեւոր էջ փակում ենք, մի շատ կարեւոր էջ՝ բացում, բայց գիտեք, որ ունենք համավարակի տարածման խնդիր եւ ըստ էության պետք է արձանագրենք, որ պատանիների մոտ առանց սիմպտոնների է լինում հիվանդությունը, բայց իրենք դառնում են վարակակիր, եւ եթե մեծ միջոցառումներ իրականացնենք, հնարավոր է վարակը տարածեն իրենց ընտանիքներում, որտեղ կլինեն տատի, պապիկներ, որոնք կունենան քրոնիկ հիվանդություններ, իսկ նրանք ամենախոցելի խմբերն են»։