«Այս բոլոր սկզբունքներին հետևելու դեպքում մարդու կյանքը երկարում է 20-30 տարով »․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
«Մարդու կյանքում շատ բան կախված է իր մտքից: Անկախ պայմաններից, եթե մեր ամեն քայլը կատարենք ոչ թե բնազդաբար, այլ մտածված, կարծում եմ, որ ընթացիկ պայմանները չեն ազդի մեր առողջության վրա:
Մեր բոլոր խնդիրների լուծումները մեր մտքում են, այնքան էլ կախված չեն արտաքին պայմաններից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը՝ անդրադառնալով համաճարակային այս օրերին մեր տրամադրվածության և սննդակարգի հարցերին:
Սննդաբանը նշում է՝ ամբողջ օրվա սննդի կալորիականությունը մոտ 30 տոկոսով իջեցնելը մարդուն 20 տարով ավելի կյանք կապահովի: «Մարդուն առողջացնելու և նրա կյանքը երկարացնելու համար չկան հատուկ դիետաներ:
Մարդը պետք է սնվի ռացիոնալ, բալանսավորված, սա նշանակում է, որ նրա սննդակարգում պետք է լինեն բոլոր մթերքները, պարզապես նրանք պետք է ճիշտ պատրաստված լինեն, պատրաստման եղանակով արհեստականորեն չբարձրացվի սննդի կալորիականությունը»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ամենակարևորն այն է, որ սնունդը լինի առողջարար, ի սկզբանե ընտրվեն բնական մթերքներ, որոնք կպատրաստվեն համապատասխան եղանակով:
Աբովյանն ընդգծում է՝ առողջ սննդակարգում չպետք է լինեն պահածոներ, կիսաֆաբրիկատներ, երշիկեղեն և մշակված միս, ապխտած մթերքներ, աղի և արհեստականորեն քաղցրացված մթերքներ:
«Պետք է բացառել ցանկացած տեսակի, այդ թվում՝ բնական մրգերից պատրաստված հյութերը, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ քանակի շաքար: Պետք է նախընտրությունը տալ մրգերին, որոնց մեջ վիտամինները, բիոակտիվ նյութերն ավելի շատ են:
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ճարպերը կարևորագույն նյութեր են, որոնք անպայման պետք է լինեն մեր սննդակարգում, պարզապես մարդը պետք է իմանա, թե ինչպես ճիշտ օգտագործել դրանք: Ցանկալի չէ դրանք ենթարկել ջերմամշակման, ավելի կոնկրետ՝ որևէ մթերք պատրաստել կամ տապակել ձեթով և կարագով: Ճարպերը պետք է օգտագործել թարմ վիճակով:
Բացի դա, առողջ սննդակարգը պետք է պարունակի բուսական և կենդանական առողջ մթերքներ: Անփոխարինելի և լիարժեք սպիտակուցներ մենք ստանում ենք միայն կենդանական մթերքներից, իսկ սպիտակուցներն ապահովում են մեր իմունային համակարգի աշխատանքը:
Մեր օրգանիզմի իմունային պատրաստվածությունը բարձրացնելու համար շատ օգտակար են բանջարեղենը, կանաչիները և հատապտուղները: Սրանք այն մթերքներն են, որոնք հատկապես վարակների վտանգի դեպքում պետք է ներգրավել մեր սննդակարգի մեջ: Բանջարեղենն ու կանաչիներն իրենց մեջ պարունակում են այնպիսի բիոակտիվ նյութեր, որոնք ապահովում են օրգանիզմի իմունային համակարգի բարձր մակարդակ, որն իր հերթին շատ ավելի արդյունավետ կդիմակայի տարբեր վարակներին:
Ընդ որում, օգտակար նյութերն առկա են միայն թարմ մթերքի մեջ. եթե այն ենթարկում ենք ջերմային մշակման, դրանց մեծ մասը վերացնում ենք: Որքան խոսակցություններ կային այն մասին, որ սոխը, սխտորն ու իմբիրը պաշտպանում են վարակվելուց: Սա, իհարկե, բացարձակ ապատեղեկատվություն է: Սրանց օգտագործումը, սակայն, օգտակար է մեր առողջությանը, իջեցնում է զարկերակային ճնշումը:
Պետք է առողջ սնվել, օգտագործել բնական մթերքներ՝ բանջարեղեն, հատապտուղներ: Սննդակարգը պետք է լինի ցածր կալորիականությամբ: Այս ամենը առողջ լինելու լավագույն գրավականն է: Ինչպես նշում են գերանտոլոգները, որոնք ուսումնասիրում են մարդու ծերության հետ կապված հարցերը, այս բոլոր սկզբունքներին հետևելու դեպքում մարդու կյանքը երկարում է 20-30 տարով»,-եզրափակում է Հասմիկ Աբովյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում