«5 օր է անջատել են լույսը, մթան մեջ նստում ենք». Փաշինյանը զանգում է էլէներգիայի անջատումից տուժած քաղաքացիներին (վիդեո)
TVՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում զանգահարում է այն քաղաքացիների բնակարաններ, որոնց հոսանքն այս օրերին անջատել են:
«Ես խնդրել եմ մի շարք բաժանորդների ցուցակներ, որոնց հոսանքն անջատված է պարտքի պատճառով: Ուզում եմ մի քանիսի հետ խոսել՝ իրենց պատմությունը հասկանալու համար: Որովհետեւ օրինակ կա, որ մարդը մինչեւ 5 հազար դրամ հոսանք է սպառել, բայց ըստ էության, ստացվում է, որ մարդն ամառանոց ունի Ձաղկաձորում կամ Դիլիջանում, քիչ է գնացել ամառանոց, ամսվա ծախսը 5 հազար դրամ է եղել եւ նա օգտվում է պետական աջակցությունից»,-ասաց Փաշինյանը:
Առաջին զանգին պատասխանեց մի կին, որը նշեց, որ 5 օր է հոսանքն անջատած է. ««82 տարեկան կեսրար ունեմ տանը, ամուսինս վիրահատված է: Ասել են՝ մինչեւ չվճարեք, չեն միացնի: 50 հազար էր պարտքը, ես 40 հազար վճարեցի, խնդրեցի միացնեն լույսը, մինչեւ թոշակ կստանամ, կվճարեմ: Բայց չմիացրին: Աշխատող չունենք, ես եմ միայն գնում, տներ եմ մաքրում: Երկու տղա ունեմ, մեծը բանակից եկել է, մեկ-մեկ շինարարության գործ է անում, բայց հիմա չկա»,-ասաց կինը եւ տեղեկացրեց, որ այս պահին պարտքը 50 հազար դրամ է:
Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ այս անգամ իր ֆոնդից հոսանքի գումարը կտան, ապա կոչ արեց, որ որդիներն աշխատեն: