«Լավ տղայի» կերպարն ու դրա զոհերը
АналитикаԲռունցքներով ու բռնություն կիրառելով հարցեր լուծելու տխուր ավանդույթը, ցավոք, չի վերացել: Եվ մոտ ապագայում դժվար էլ վերանա, քանի որ մեզանում ավելի ուժեղ բռունցքի տակ կքած, բայց իրենց «լավ տղա» համարողների պակաս կարծես թե չկա:
Այս երևույթը երկար ժամանակ հնարավոր չի լինի վերացնել, քանի դեռ մեր երկրում կա մեկը, ով մտածում է, որ ինքն օրենքից վեր է և ոստիկանության դուխը երբեք էլ չի հերիքի իրեն բան ասել:
Այս երևույթը երկար ժամանակ հնարավոր չի լինի վերացնել նաև այն պատճառով, որ Հայաստանի անկախացումից հետո հրապարակ նետված լավ տղայի կերպարն իր սահմանումներով մի քանի սերնդի հերոսի կերպարը դարձավ: Այդ հերոսի քարոզը տարիներ շարունակ PR-վեց հեռուստասերիալներով ու կաթիլ-կաթիլ սերմանվեց: Մի բան, որն ամենևին էլ աղերս չուներ և երբեք էլ չի ունենա հերոսության հետ:
Եվ այս պարագայում, որքան էլ պասիվ քարոզ իրականացվի, որ բռունցքով հարց լուծելը վեճերի կարգավորման տարբերակ չէ, այնուամենայնիվ, այն դեռ երկար ժամանակ կշարունակի մնալ այս կամ այն անձին սեփական քմահաճույքներին ծառայեցնելու միջոց:
Սարսափելին այն է նաև, որ «լավ տղայի» ինստիտուտը վաղուց մուտք է գործել նաև հասարակական- քաղաքական կյանք, ինչն էլ ավելի է խճճել պատկերը: \
Եվ այս պայմաններում, երբ ամեն ինչ իրար է խառնվել, երբ, իշխանափոխությունից հետո հին ու նոր ուժերի պայքարը գնալով թեժանում է և կլանում տարբեր ուղղություններ, բնական է, որ պետք է սրվի նաև «լավ տղաների» նյարդերը, քանի որ նոր Հայաստանում բազմաթիվ այլ բուրգերի հետ փլուզվում են նաև կառույցներ, որոնց վրա հենված էին լավ տղայի ենթամշակույթն իրենց համար օրենք դարձրած և դրանով ապրող խմբերի բուգերը:
Արմինե Գրիգորյան