Իշխանությունները տառապում են մեծամտության համախտանիշով և թուլության նշան են համարում կառուցողական քննարկումն ու երկխոսությունը ընդդիմախոսների հետ․ «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Կորոնավիրուսի համավարակի տարածումը Հայաստանի քաղաքական դաշտում առկա խնդիրներն ավելի ցայտուն է դարձնում։ Առկա ճգնաժամը հաղթահարելու նպատակն ի զորու չէ համախմբել քաղաքական դերակատարների ներուժը։ Ավելին, քաղաքական կուսակցություններից յուրաքանչյուրը փորձում է այնպես դիրքավորվել այս փուլում, որպեսզի շահեկան վիճակում դուրս գա արտակարգ դրության ավարտից հետո։
Սրա հետ մեկտեղ քաղաքական դաշտում աճում են ինչպես թշնամանքը և ատելությունը, այնպես էլ փոխադարձ մեղադրանքները՝ չնայած ճգնաժամային իրավիճակը լավագույն պայմաններն է ստեղծել փոխադարձ թշնամանքը մի կողմ դնելու և համախմբվելու համար։
Արտակարգ դրության սկզբնական փուլում իշխանությունները հնարավորություն ունեին ընդդիմադիր քաղաքական ուժերին համերաշխության կոչով դիմելու, տարաձայնությունները մի կողմ դնելու և առկա իրավիճակը համատեղ ուժերով հաղթահարելու նախաձեռնությամբ հանդես գալու համար։
Այսպիսի նախաձեռնությունը քաղաքական մթնոլորտի լուրջ փոփոխության կարող էր հանգեցնել, սակայն իշխանությունները այլ ճանապարհով գնացին։ Նրանք շարունակեցին հասարակությունը սևերի և սպիտակների, հների ու նորերի բաժանման իրենց գործելակերպը։
Թերևս իշխանությունները խորհում են այն մասին, թե ինչու պետք է իրենք հավասար հարթությունում հանդես գան ընդդիմադիր ուժերի հետ միասին, չէ՞ որ իրենք կարողացել են ստանալ հասարակության ճնշող մեծամասնության քվեն։
Իշխանությունների համար թուլության նշան կարող է դիտվել կառուցողական քննարկումը և երկխոսությունը ընդդիմադիրների հետ, դրա համար էլ նրանք տառապում են մեծամտության համախտանիշով։
Այդ է պատճառը, որ արտակարգ դրության ընթացքում ընդդիմության որոշ ներկայացուցիչներ և փորձագետներ գործնական առաջարկներ են անում կառավարությանը, ցույց տալիս իշխանությունների թերացումները, սակայն իշխանությունները բացառապես անհաղորդ են հնչող տեսակետների հետ։
Եվ ինչպե՞ս կարող են իշխանություններն ընդունել ընդդիմադիրների կամ փորձագետների առաջարկները. չէ՞ որ դա իրենց պատվից վեր է, չնայած այն հանգամանքին, որ իշխանության կադրային և մասնագիտական բազան բավարար չէ կուտակված խնդիրների տակից դուրս գալու համար։
Մինչդեռ իշխանությունները պետք է ստեղծեին բացառապես պրոֆեսիոնալներից կազմված հակաճգնաժամային կառավարման համակարգ, որտեղ ներգրավված մասնագետները կկարողանային ճշգրիտ վերլուծել իրավիճակը, հաշվի առնել այլ երկրների փորձը, գնահատել ռիսկերը և ընդունել ամենաօպտիմալ որոշումները։
Ճիշտ է՝ իշխանությունները դեռ ժամանակ ունեն պրոֆեսիոնալներին պետական կառավարմանը մասնակից դարձնելու հարցում, սակայն այդ ժամանակը շատ քիչ է։
Այսպիսի կառավարումը թույլ կտար խուսափել ընթացիկ սխալներից և իրավիճակին համապատասխան քայլեր ձեռնարկել, այլ ոչ թե առանց ծանրութեթև անելու որոշումներ ընդունել կամ հայտարարություններ անել, իսկ հետո պարզվեր, որ այդ որոշումներն ու հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում խնդիրների լուծմանը, այլև նոր խնդիրներ են ստեղծում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում