«Ճիշտ մոտեցում չէ. հերթական ժամանակավրեպ և սխալ գործողությունը»․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին, որոնք ուժի մեջ են մտել երեկվանից: Համաձայն այդ փոփոխությունների, այլևս ազատ տեղաշարժման սահմանափակումներ չկան, թույլատրվել են նաև որոշ գործունեության տեսակներ: Զուգահեռ՝ Հայաստանում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը:
Միայն երեկվա տվյալներով հաստատվել էր կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք, մահվան՝ 4, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2507-ի: Երեկ օրվա ավարտին չբացառվեցին այլ սցենարներ, հայտարարվեց նաև կրկնակի վարակվողների մասին: Բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը սահմանափակումները հանելն արդարացված չի համարում:
«Այդ մեթոդը ճիշտ չէ, որովհետև վարակակիրների թիվը աճում է: Այսինքն, մենք դեռևս անցնում ենք այդ ճանապարհը, մենք դեռևս վարակակիրների թվի գագաթնակետ չենք հասել, ու եթե նման պարագայում վերցնում ու հանում ենք սահմանափակումները, բնականաբար, ունենալու ենք ավելի շատ վարակակիրներ:
Իմ կարծիքով, այս պարագայում վերոնշյալը ճիշտ մոտեցում չէ. հերթական անգամ ժամանակավրեպ և սխալ գործողության ենք ականատես լինում: Առհասարակ երկու տարբերակ կա. կա՛մ երկիրը պետք է որդեգրի «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» քաղաքականությունը և նման կերպ շարունակի առաջնորդվել, ինչպես, օրինակ, Բելառուսը, կա՛մ պետք է որդեգրի խիստ սահմանափակումների մեթոդը, ինչպես արեց Չինաստանը ու հաղթահարեց վիրուսը:
Բայց մենք այս առումով խնդիր ունենք. ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ տարբերակն ենք որդեգրել: Մի կողմից բառամթերքում նշվում է՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», մյուս կողմից՝ որևէ տեսակի խիստ սահմանափակում չի կիրառվում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Գրիգորյանը՝ նշելով, որ անգամ արտակարգ դրության պարագայում մենք դրսում բազմաթիվ քաղաքացիների առկայություն էինք արձանագրում:
«Բացի այդ, արտակարգ դրության պարագայում մենք նաև շատ վարակակիրներ էինք ունենում: Այսօրվա ղեկավարությունը չկարողացավ անգամ խիստ արտակարգ դրությունը պահել, մինչդեռ արտակարգ դրության ամբողջ իմաստն այն է, որ կարողանանք վարակի աճի տեմպը դանդաղեցնել կամ դադարեցնել: Այդուհանդերձ, ո՛չ դանդաղեցրինք, ո՛չ դադարեցրինք այն, բայց սահմանափակումները հանեցինք»,-ասաց նա:
Այս համատեքստում անդրադառնալով բնական իմունիտետի խթանման հնարավորությանը, ինչի մասին այս օրերին հատկապես շատ է արծարծվում, մասնագետը նշեց, որ բնական իմունիտետի մասին խոսելը դեռ շատ վաղ է:
«Ինչո՞ւ, որովհետև մենք չգիտենք՝ վարակակրությունն արդյոք բնականոն իմունիտետ ապահովո՞ւմ է, թե՞ ոչ: Չինաստանում նշվում են բազմաթիվ դեպքեր, երբ վարակակիրը կորոնավիրուսով կրկնակի է վարակվել: Այսինքն, դեռ ուսումնասիրված չէ՝ կառաջանա՞ բնական իմունիտետ, թե՞ ոչ: Շատ բաներից են իրականում խոսում, բայց վարակը նոր է, անհայտ, և վտանգը հենց անհայտ լինելու մեջ է:
Մենք չգիտենք, օրինակ, վարակված, բուժված հիվանդները մեկ տարում ի՞նչ բարդություններ կարող են ունենալ, ինչի՞ առջև կարող է կանգնել առողջապահությունը. այսինքն, իր վտանգը ոչ թե թոքաբորբն է, այլ հեռահար բարդությունը»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ վերոնշյալ պատճառներով չի ողջունում բնական իմունիտետի վերաբերյալ թեզը:
«Եթե կարելի է չհիվանդանալ, ապա պետք է չհիվանդանալ»,-հավելեց նա:
Նշենք, որ այս փուլում վարակի դեմ պայքարում պետական մակարդակով գլխավորապես կարևորվեց անհատական պատասխանատվությունը: Գևորգ Գրիգորյանը նշեց, որ այս հանգամանքն իր համար բացարձակապես արդարացված չէ:
Ինքնագիտակցության չափը հասկանալու համար նա օրինակ բերեց արտակարգ դրության ժամանակ առկա խցանումները:
«Երբ անգամ արտակարգ դրության պայմաններում դրսում շատ մարդ կա, իմաստ չկա խոսել ինքնագիտակցությունից: Առհասարակ, իմաստ չկա խոսել նման բաներից, որովհետև մեր բնակչությունը հյուրընկալ է, շփվող, ու եթե ցանկանա դուրս գալ, դուրս է գալու: Հիմա այս իրավիճակում այդքան էլ ճիշտ չէ փորձել ամբողջ մեղավորությունը բարդել ժողովրդի ուսերին՝ մոռանալով սեփական սխալներն ու ապիկար կառավարման մեթոդը»,-ասաց բժիշկը՝ հավելելով, որ նման աճի տեմպերի պատճառներից մեկն էլ հանցավոր ինքնավստահությամբ տառապող կառավարությունն է:
Նա նշեց, որ անկասկած վարակակիրների քանակը շատանալու է. «Եթե արտակարգ դրության պայմաններում էին դեպքերը կրկնակի ավելանում, ապա հնարավոր չէ, որ դեպքերը նվազեն սահմանափակումները մեղմացնելու պարագայում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում