«Զբոսաշրջության վերականգնման հիմնական գործընթացը կարող է հաջորդ տարվա ապրիլին լինել». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Թեև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մի շարք առաջարկներ ընդունվել են, այնուամենայնիվ, համաճարակից առավել տուժած այս ոլորտը դեռ ունի այնպիսի առաջարկներ, որոնք ուշադրության կարիք ունեն: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է այդ առաջարկներին, խոսել նաև ոլորտի վերականգնման հնարավոր ժամկետների մասին:
«Առաջարկներից մեկը, որն ընդունվել է, վերաբերում է աջակցման երրորդ միջոցառմանը, որտեղ 24-500 մլն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտները կարող էին օգտվել աջակցությունից՝ պայմանով, որ յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը պետք է պակաս չլիներ տարեկան շրջանառության տասը տոկոսից:
Ստացվում էր, որ զբոսաշրջության ոլորտը հիմնականում չէր կարողանում ընդգրկվել այդ միջոցառման մեջ: Մենք այս հարցը բարձրաձայնել էինք՝ առաջարկելով հանել այդ չափանիշները՝ զբոսաշրջության ոլորտի համար: Խոսքը և՛ տարեկան շրջանառության, և՛ եռամսյակային շրջանառության մասին է:
Առայժմ առաջարկն ընդունվեց հետևյալ ձևով. յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը 10 տոկոսից պակաս չլինելու չափանիշը փոխարինվել է «որևէ եռամսյակի շրջանառությունը չպետք է ավելի լինի, քան տարվա շրջանառության 70 տոկոսը» եզրույթով: Սա էական փոփոխություն է, բայց մենք շարունակում ենք պնդել, որ զբոսաշրջության ոլորտի համար շրջանառություն կիրառելն այդքան էլ արդյունավետ չէ»,-ասաց նա:
Մեխակ Ապրեսյանը զբոսաշրջության ոլորտի համար առանձին միջոցառման անհրաժեշտություն է տեսնում:
«Այն կարող է լինել երրորդ միջոցառման տրամաբանության մեջ, բայց արտոնյալ վարկավորումը ոչ թե բանկերի, այլ պետության, ներդրումների և աջակցման կենտրոնի միջոցով իրականացվի: Մյուս կարևոր հարցն այն է, որ բոլոր՝ և՛ առաջին, և՛ երրորդ միջոցառումով տրվող վարկային միջոցները նպատակային են:
Դրանք տրվում են հարկային պարտավորությունների կատարման, կոմունալ ծախսերի, աշխատավարձերի ու վարձավճարների համար: Բայց զբոսաշրջության ոլորտում շատ տնտեսվարողներ գործող վարկեր ունեն:
Մինչ այս, ունենալով խոստումնալից, լավ գործող բիզնես, տեսնելով նաև ոլորտի առաջընթացը, նրանք վարկային միջոցներ ներգրավելու միջոցով կարևոր ներդրումներ են կատարել: Նրանք այդ քայլին են գնացել տնտեսության զարգացման և իրենց բիզնեսի համար:
Բայց հանգամանքների անկանխատեսելի փոփոխման պայմաններում նրանք այսօր զրկվել են եկամտից: Զբոսաշրջությունը կանգ է առել ամբողջ աշխարհում, տնտեսվարողները զրկված են եկամուտներից, մինչդեռ ունեն և՛ հարկային, և՛ վարկային պարտավորություններ, ինչպես նաև իրենց բիզնեսները և աշխատատեղերը պահպանելու հրամայական»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նրանց պետք է օգնել, որպեսզի կարողանան կատարել գործող վարկային պարտավորությունները:
«Ստացվում է, որ տրամադրված գումարները նրանք չեն կարող օգտագործել այն նպատակով, ինչն իրենց համար շատ ավելի կարևոր է:
Մեծ հաշվով, մենք կանգնած ենք մի շարք բիզնեսների սնանկացման իրական վտանգի առաջ: Մեր առաջարկն այն է, որ արտոնյալ վարկերը թույլատրեն օգտագործել նաև գործող վարկային պարտավորությունների մարման համար:
Մի խնդիր էլ կա. զբոսաշրջության ոլորտի շատ տնտեսվարողներ զրկվում են աջակցություն ստանալու իրավունքից, որովհետև տնտեսական գործունեության դասակարգիչը չի համընկնում այն դասակարգիչների հետ, որոնք սահմանված են որպես շահառու համարվելու չափանիշ:
Օրինակ՝ առողջարանները հյուրանոցային ծառայություն մատուցող սուբյեկտներ են, հետևաբար, նաև զբոսաշրջային ծառայություններ են մատուցում, բայց նրանց դասակարգիչը չի համապատասխանում սահմանված պահանջներին: Այսինքն, առողջարանները չեն համարվում շահառու:
Նույնը վերաբերում է նաև միջոցառումների, փառատոնների, ցուցահանդեսների կազմակերպիչների գործունեությանը, որոնք նույնպես զբոսաշրջային ծառայություն են մատուցում: Նրանք մեր մշակույթը միջոցառումների միջոցով ներկայացնում են զբոսաշրջիկներին, բայց տնտեսական գործունեության դասակարգչով չեն համապատասխանում շահառու դառնալու չափանիշներին»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս խնդիրը պետք է հաշվի առնել ու վերանայել իդենտիֆիկացման մեխանիզմը:
Ինչ վերաբերում է ոլորտի աշխուժացման հնարավորությանը, Մեխակ Ապրեսյանը նշեց. «Եթե սահմանափակումները կամացկամաց վերացվեն, հնարավորինս շուտ վերականգնվեն նաև ավիափոխադրումները, ապա կարելի է ենթադրել, որ թե՛ ներքին, թե՛ միջազգային զբոսաշրջության վերականգնման գործընթացը կարող է սկսվել ամառվա վերջ, աշնան սկիզբ: Բայց արդեն վերականգնման հիմնական գործընթացը կարող է լինել հաջորդ տարվա ապրիլին»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում