Ընդդիմադիր դաշտում նոր քաղաքական միավորի պահանջը գնալով աճում է
АналитикаԱյն, որ քաղաքական կյանքը Հայաստանում ճգնաժամ է ապրում, երկու կարծիք լինել չի կարող: Բայց, որ այսպես երկար շարունակվել էլ չի կարող, սա էլ է միանշանակ: Այս պայմաններում բնական հարց է ծագում, թե ի՞նչ պետք է անել հայաստանյան արտախորհրդարանական քաղաքական դաշտը ճգնաժամից դուրս բերելու, այլընտրանքային օրակարգ ձևավորելու համար, երբ մի կողմից որոշակի կենսագրություն ունեցող քաղաքական ուժերի հանդեպ հասարակության անվստահությունն է մեծ, մյուս կողմից երիտասարդ քաղաքական միավորները կարծես չեն շտապում սեփական օրակարգով ներկայանալ:
Նախկին քաղաքական ուժերին չվստահող և իշխող ուժից էլ օր-օրի հիասթափվող հասարակությունը թեև հայտնվել է անորոշության մեջ, սակայն, փնտրում է այն ուժին, որին ո՛չ միայն կարող է վստահել, այլև ապագայում ևս հույս կապել այդ ուժի հետ: Այս պարագայում նորաստեղծ և քաղաքական դաշտում մաքուր կենսագրություն ունեցող ուժերի պահանջը գնալով աճում է:
Ու թեև դրանք շատ չեն, բայց որոշ կուսակցությունների արդեն իսկ հաջողվում է տեսանելի քայլեր ձեռնարկել և երիտասարդ ու կարող ուժերի համախմբել: Առավել ևս, որ արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական միավոր ձևավորելու անհրաժեշտությունը իշխանությունների նվազող վարկանիշի ֆոնին ոչ միայն գնալով մեծանում է, այլև դարձել է օրակարգային հարց:
Ամենայն հավանականությամբ քաղաքական ճգնաժամից դուրս գալու, սեփական օրակարգով ներկայանալու, արտախորհրդարանական քաղաքական ուժերին կոնսոլիդացնելու լիդերի դերը բաժին կհասնի Արթուր Ղազինյանի ղեկավարած «ՄեկՀայաստան» կուսակցությանը, քանի որ, կարծես, այս ուժին հաջողվել է համախմբել մաքուր կենսագրություն ունեցող և նախկին քաղաքական խաղերի մեջ չներքաշված անձանց ու անհատներին:
Մյուս կողմից, կուսակցության մուտքը քաղաքական դաշտ կարող է լավ հարթակ լինել երիտասարդ ու կարող ուժերին համախմբելու և նոր օրակարգով հանրությանը ներկայանալու համար: Ուստի, չի բացառվում, որ շատ շուտով ականատես լինենք բոլորովին նոր՝ արտախորհրդարանական քաղաքական վերադասավորումների, քաղաքական թարմ ուժի մուտքը ասպարեզ, որին կհաջողվի իր կողմը գրավել ո՛չ միայն խորհրդարանից դուրս մնացած, այլև հասարակության այն սեգմենտին, որը իշխանությունից հիասթափված է և նոր քաղաքական տանիք ու հենարան է փնտրում: