«Առաջին հնարքս կատարել եմ, երբ դեռ ծնված չէի.աճպարարության արվեստը միակն է, երբ մարդկանց ասում ենք՝ ձեզ խաբելու ենք». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Երբ երեխա էինք, տարբեր հնարքներ իրականացնող աճպարարները մեզ համար իսկական հանելուկ էին, այդպես էլ չէինք կարողանում բացահայտել նրանց հնարքների գաղտնիքները:
Երիտասարդ իլ յուզիոնիստ Գագիկ Դանիել յանը նշում է՝ աճպարարության արվեստն ունի տարբեր ճյուղեր, մասնագիտացումներ: «Կա մենթալիզմ ուղղվածությունը, որը «բեմում մտքեր կարդալու», հիպնոսի ցուցադրումն է: Մասնագիտացած եմ հենց այս ճյուղի մեջ, բայց տիրապետում եմ աճպարարության բոլոր ժանրերին:
Մասնակցելով միջազգային փառատոնների՝ հենց այդ ուղղվածությամբ էլ ելույթներ եմ ունենում: 2016 թվականին Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային փառատոնում երրորդ տեղն եմ զբաղեցրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է իլ յուզիոնիստը:
Հարցնում եմ՝ մանկո՞ւց է հետաքրքրություն ունեցել աճպարարության նկատմամբ, թե՞ ավելի հասուն տարիքում: Գագիկի պատասխանն անսպառ ծիծաղ է պարգևում, նա պատմում է իր առաջին հնարքի մասին:
«Առաջին հնարքս կատարել եմ, երբ դեռ ծնված չէի, և բոլոր բժիշկներն ինն ամսվա ընթացքում մտածել են, որ երկու երեխա է ծնվելու, քանի որ երկու սրտի ձայն էին լսում, բայց հետո ծնվեցի միայն ես ու զարմացրեցի բժիշկներին: Իմ առաջին հանդիսատեսն իրենք դարձան»,-նշում է նա:
21-րդ դարում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները երկրորդ պլան են մղել մեր կյանքում առկա շատ երևույթներ, որքանո՞վ է մարդկանց հետաքրքիր այս արվեստը: «Իմ համոզմամբ, եթե լինեն որակյալ շոուներ, ապա հանդիսատեսի պակաս չի լինի, և հետաքրքրությունն էլ կմնա:
Ի դեպ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ունեցավ թե՛ դրական, թե՛ բացասական հետևանք աճպարարական արվեստի համար: Վատ, քանի որ այս պահին շատերն արագ հայտնի դառնալու համար հնարքները բացահայտող տեսանյութեր են պատրաստում, սակայն պրոֆեսիոնալների համար սա վտանգավոր չէ, քանի որ կան գաղտնիքներ, որոնք փոխանցվում են միայն բանավոր տեսքով»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Գագիկը նշում է՝ իր հնարքները ցուցադրում է կորպորատիվ միջոցառումների ժամանակ, բայց, իհարկե, կարևորում է նաև շոու ծրագրերով հանդես գալը: «Անցած տարի ամռանը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում ներկայացրել եմ իմ անհատական շոու ծրագիրը: Ծրագրում էի այն ներկայացնել ավելի մեծ թվով հանդիսատեսի համար:
Հենց այդ օրն էլ համոզվեցի, որ մարդիկ հետաքրքրված են աճպարարական արվեստով: Այս ժամանակահատվածն էլ փորձում եմ օգտակար ձևով անցկացնել՝ «Յութուբում» աճպարարությանը նվիրված հաղորդում եմ սկսել և ամեն շաբաթ նոր հաղորդում եմ տեղադրում»,-հավելում է նա:
Աճպարարության վերաբերյալ կան տարակարծություններ. ոմանք այն խաբեություն են անվանում, ոմանք էլ՝ հրաշք:
«Եթե սահմանափակվենք աճպարարության արվեստով, ապա այն միակն է, երբ մարդկանց ասում ենք՝ ձեզ խաբելու ենք: Այո, դա խաբկանք է: Իսկ հրաշքներն, իհարկե, այլ են, որոնք դուրս են աճպարարության շրջանակից»,բացահայտում է իլ յուզիոնիստը:
Նշում է՝ մասնակցում է միջազգային տարբեր փառատոնների, կապի մեջ է միջազգային կոլեգաների հետ, ստեղծում է հեղինակային համարներ, փորձում է օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր իրեն դիմում են տարաբնույթ հարցերով: «Կան աճպարարական տարբեր մրցույթներ, որոնք պարբերաբար տեղի են ունենում աշխարհի տարբեր երկրներում: Օրինակ՝ ամռանը Բարսելոնում պետք է կայանար աճպարարների Եվրոպայի առաջնությունը, որը երեք տարին մեկ է տեղի ունենում:
Պետք է մասնակցեի դրան, սակայն այն չեղարկվել է: Հայաստանում արվեստի այս ճյուղի զարգացման բոլոր նախադրյալները կան, սակայն այս պահին ասել, որ զարգացման ակտիվ փուլում ենք, սխալ կլինի: Հուսանք, որ Հայաստանում էլ միջազգային մեծածավալ փառատոններ անցկացնելու հնարավորություն կլինի»,-եզրափակում է Գագիկ Դանիելյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում