Իշխանություններն ունե՞ն հաշվարկներ, թե ո՞ր դեպքում Հայաստանը կկարողանա առավել քիչ կորուստներով դուրս գալ դժվարին իրավիճակից. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Համավարակով պայմանավորված՝ Հայաստանի ներքին իրադրությունը շարունակում է մնալ շատ մտահոգիչ։ Նախ՝ մի կողմից ամեն օր հարյուրներով ավելանում է նոր վարակակիրների թիվը, իսկ մյուս կողմից՝ տնտեսության մեջ առկա ճգնաժամը շարունակում է խորանալ։
Մինչև այս պահը տեսանելի չէ, թե մոտ ապագայում ինչ է սպասվում մեր երկրին։ Իշխանությունները թուլացնում են առկա սահմանափակումները, սակայն սահմանում են որոշակի կանոններ, որոնց պետք է հետևի երկրի բնակչությունը։
Քաղաքացիները պարտավորվում են այսուհետ կրել դիմակներ և ձեռնոցներ, այլապես տուգանվելու են։
Այդուհանդերձ, հանրության համար ամբողջովին հասկանալի չէ՝ եթե կիրառված սահմանափակումների միջոցով հնարավոր չեղավ կանխել վարակի տարածումը, ապա միայն դիմակներ և ձեռնոցներ կրելու միջոցով ինչքանով է հնարավոր պայքարել վարակի տարածման դեմ, մանավանդ երբ սահմանափակումների վերացումն իրենից ենթադրում է մարդկանց միջև շփումների ակտիվացում։
Եվ տպավորություն է ստեղծվում, որ իշխանություններն իսկ արդեն հակված են այն տեսակետին, որ վարակի տարածման տեմպը դեռևս պահպանվելու է։
Պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ ներկայացրեց նաև որոշակի հաշվարկներ վարակակիրների թվի հետ կապված։
Ըստ նրա, եթե հնարավոր չլինի կոտրել վարակի տարածման տեմպն, ապա, ըստ իրենց հաշվարկների, մայիսի 29-ին արդեն կարձանագրվի տասը հազար հիվանդացության դեպք, իսկ հունիսի 12-ին հիվանդացության թիվը կհասնի քսան հազարի, ինչը նշանակում է նաև, որ մահվան թվերը էականորեն կավելանան, իսկ վերակենդանացման բաժանմունքներն ամբողջությամբ լցված կլինեն պացիենտներով։
Միանշանակ է, որ եթե վարակի տարածումը մոտակա ժամանակահատվածում շարունակվի նույն տեմպերով, ապա մեր առողջապահական համակարգն ի վիճակի չի լինի բոլոր հիվանդներին օգնություն ցույց տալ։
Հավանական է նաև այն տարբերակը, որ գա մի պահ, երբ վարակի տարածումը լիովին անվերահսկելի դառնա։ Այս դեպքում իշխանություններն արդեն ստիպված են լինելու առավել խիստ սահմանափակումներ կիրառել։
Եվ առկա իրավիճակի հետ կապված մի շարք հարցեր են առաջանում։ Իշխանություններն ունե՞ն հաշվարկներ, թե ո՞ր դեպքում Հայաստանը կկարողանա առավել քիչ կորուստներով դուրս գալ դժվարին իրավիճակից։ Եթե վարակի տարածումն այլևս հնարավոր չէ կանխել, ապա ավելի նպատակահարմար չէր լինի՞ խիստ սահմանափակումների կիրառումը անիմաստ չհետաձգել։
Եթե ներկայիս փուլում սահմանափակումները հանում ենք, բայց տրամադրված ենք, որ, օրինակ՝ մեկ ամիս հետո նորից պետք է սահմանափակումներ կիրառենք, ապա առավել նախընտրելի չէ՞ ներկայումս այդ սահմանափակումները կիրառել և կանխել վարակի տարածումը, իսկ հետո վարակի թուլացմանը զուգահեռ քիչ-քիչ գնալ սահմանափակումների թուլացմանը։
Հայաստանը քաղաքականություն մշակելիս պետք է հաշվի առնի իր առանձնահատկությունները, այլ ոչ թե ելնի աշխարհում տիրող միտումներից։ Օրինակ՝ եթե որոշ եվրոպական երկրներ թուլացնում են սահմանափակումները, ապա դա չի նշանակում, որ Հայաստանը ևս պետք է հետևի նրանց օրինակին։ Նույնը՝ հակառակը:
Անհրաժեշտ է, որ կառավարությունը ստեղծված իրավիճակի շուրջ, որքան էլ այն անկանխատեսելի լինի, ներկայացնի փորձագիտական մակարդակի լուրջ հաշվարկներ ու փաստեր, որպեսզի հանրության համար հասկանալի լինի, թե որ ուղղությամբ ենք առաջ շարժվում և որքանով է դա արդարացված։ Հասկանում ենք՝ այս իշխանության համար դա դժվար է, եթե չասենք ՝ անհնար, բայց, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում