Արցախում խաղաղություն ենք նախապատրաստում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան (տեսանյութ)
TVՀայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության և նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի շուրջ հայ-ամերիկյան համագործակցության մասին։ Ինչպես հայտնի է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Արցախի Հանրապետությանն այս տարի որոշվել է չհատկացնել ականազերծման նպատակով տրվող մարդասիրական օգնությունը։ ԼՈՒՐԵՐ․com-ը Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարից հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ նպատակ վերականգնելու օգնության ծրագիրը կամ հնարավո՞ր է օգնություն տրամադրվի կորոնավիրուսի հաղթահարման համար, խոսակցություններ կան նաև, որ Արցախին տրամադրվող օգնությունը հնարավոր է փոխակերպվի այլ ծրագրով։ Ի պատասխան մեր հարցի՝ Լին Թրեյսին պատասխանեց․ «Մենք ուրախ ենք այն աշխատանքներով, որ իրականացրել ենք ականազերծման ծրագրի շրջանակներում, որի ներքո մենք մարդասիրական օժանդակություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Կարծում ենք, որ վերջին տարիներին 70 մլն դոլարի ներդրումը հաջողված է եղել։ Այժմ, երբ ականազերծման աշխատանքներն ավարտել ենք, մեր ուշադրությունը փորձում ենք բևեռել մեկ այլ ուղղությամբ՝ բնակչությանը, ժողովրդին խաղաղության նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին»,- նշեց դեսպանը։