Մեծ է սոցիալական բունտի հավանականությունը.ի՞նչ կարող է անել կառավարությունը ճգնաժամային իրավիճակի հաղթահարման ուղղությամբ. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Կորոնավիրուսի համավարակի արդյունքում սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստանի տնտեսությունը հայտնվել է ծանր վիճակում։ Ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա։
Չնայած համավարակի տարածումը կանխելու նպատակով կիրառված սահմանափակումները թուլացվում են և տնտեսական որոշ ուղղություններ արդեն սկսել են իրենց գործունեությունը, սակայն ամեն ինչ չի կարող լինել այնպես, ինչպես նախկինում։
Շուկայում տեղի է ունեցել հավասարակշռության խախտում։ Նույնիսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որի զարգացումը կառավարությունը համարում է իր գերակայություններից մեկը, դժվարին ժամանակներ է ապրում։ Արտասահմանյան պատվերների ծավալների նվազման պատճառով փակման եզրին է հայտնվել երկրի յուրաքանչյուր տասներորդ ՏՏ ընկերությունը։
Արտաքին և ներքին տնտեսական դժվարությունները լուրջ սոցիալական բաղադրիչ ունեն։ Եվ եթե համաճարակը տևական ժամանակ շարունակի խոչընդոտել տնտեսական գործունեությանը, ապա դա շատ ցավալի հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար։
Ուշագրավն այն է, որ համավարակի առաջացրած բացասական տնտեսական հետևանքների մեծ մասը փոխանցվում է աշխատողներին, քանի որ հանրային առողջության պահանջով ձեռնարկությունները ստիպված փակվում են կամ կրճատում են ծախսերը՝ աշխատակիցներին ազատելու միջոցով: Եվ ճգնաժամի խորացման պայմաններում մեծ թվով ձեռնարկությունների սնանկացումն էլ դեռ առջևում է։
Մինչ այժմ աշխատատեղերի ամենաշատ կորուստները գրանցվել են արտադրական և սպասարկման ոլորտներում՝ ներառյալ հասարակական սնունդը, տրանսպորտը, մանրածախ առևտուրը և մշակող արդյունաբերությունը: Աշխատատեղերի որոշակի կրճատումներ կան նաև այլ ոլորտներում։
Սակայն աշխատատեղերի կորուստը սրանով չի սահմանափակվի և կընդլայնվի՝ ընդգրկելով ավելի մեծ մասշտաբներ։ Իսկ այսպիսի իրավիճակում Հայաստանի համար ամենալուրջ խնդիրը լինելու է գործազրկության հարցը։ Բնականաբար, պետությունը չի կարող անընդհատ սոցիալական աջակցության փաթեթներով բավարարել մեծ թվով գործազուրկների պահանջները։
Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ քաղաքացիների մի մասն էլ արտերկիր էր մեկնում սեզոնային աշխատանքի, որպեսզի այնտեղ գումարներ աշխատեր և ուղարկեր Հայաստան։ Այս մարդիկ ևս ստիպված են հատուկ չվերթներով Ռուսաստանից և այլ երկրներից վերադառնալ Հայաստան և ապավինել պետության կողմից տրամադրվող աջակցությանը։
Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի առումով էական դերակատարություն ունի գազի գնի հարցը։ Խնդիրն այն է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչև հունիսի վերջ ժամանակ ունի պատասխանելու գազի սակագները բարձրացնելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայտին, որով առաջարկվում է ներքին սպառման սակագինը բարձրացնել միջին հաշվով 28 դոլարով կամ 11 տոկոսով՝ այսօր գործող 255-ից դարձնելով 283 դոլար։
Ճիշտ է՝ հայկական կողմը գազի գինը ճգնաժամային իրավիճակում նույնը թողնելու կամ նվազեցնելու հարցն անընդհատ ռուսական կողմի առաջ բարձրացնում է, սակայն ռուսական կողմն այնքան էլ տրամադրված չէ ընդառաջ գնալ գազի գնի շուրջ հայկական և բելառուսական կողմերի առաջարկություններին։ Այդ մասին բացահայտ հայտարարեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մյուս կողմից՝ հաշվի առնենք, որ նունիսկ արտակարգ դրության պայմաններում, երբ արգելված է հավաքների ու ցույցերի անցկացումը, կառավարության շենքի առաջ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ռեստորանների, գործարանների աշխատակիցները, տաքսիստները և այլն, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե գազի սակագնի թանկացման արդյունքում սկսվի ապրանքների թանկացումների շղթայական ալիք։
Եվ սոցիալական բունտի հնարավորությունը մեծանում է։
Այնպես որ, այսօրվա իշխանությունները կանգնած են բարդ ընտրության առաջ. կա՛մ պետք է հնարավոր լուծումներ գտնեն բնակչության կենսամակարդակը պահելու համար, կա՛մ էլ պետք է իրենց տեղը զիջեն ավելի պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք կկարողանան երկիրը ստեղծված իրավիճակից դուրս հանել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում