Թունիսում զբոսաշրջային սեզոնը կարող է վերականգնվել հուլիսից
Международные новостиԹունիսի վարչապետ Իլյաս Ֆահֆահը հույս է հայտնել որ երկրում զբոսաշրջային սեզոնը կբացվի հուլիսի սկզբում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Mosaique FM ռադիոկայանին։
Ավելի վաղ Թունիսի խոշոր նախագծերի նախարար Լյուբնա Ժրիբին հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են հուլիսի 4-ից վերականգնել կորոնավիրուսի հետեւանքով փակված թանգարանների, հյուրանոցների, ինչպես նաեւ մզկիթների աշխատանքը․ իրավիճակի նկատմամբ ամբողջական վերահսկողության դեպքում հունիսի 14-ից հնարավոր է տնտեսության բոլոր ոլորտների աշխատանքի վերականգնումը։
Ավելի վաղ Ֆահֆահը հայտարարել էր, որ Թունիսը հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը։ Թունիսի առողջապահության տվյալներով՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1048 դեպք, ապաքինվել է 914, մահացել՝ 48 մարդ։ Մայիսին երկրի տարածքում գրանցվել են վարակման եզակի դեպքեր։
Մայիսի 4-ից Թունիսում սկսել են աստիճանաբար չեղարկել սահմանափակումները տնտեսության ոլորտում․ մասնակիորեն վերականգնվել է արդյունաբերության, շինարարության եւ սպասարկման ոլորտներում, ինչպես նաեւ պետհաստատությունների գործունեությունը։ Մայիսի 15-ից հանվել է խոշոր առեւտրի կենտրոնների եւ շուկաների աշխատանքի արգելքը՝ անվտանգության կանոնները խստորեն պահպանելու պայմանով։ Մայիսի 18-ից կարանտինը պահպանելու պայմանից ազատվել են 65 տարեկանից բարձր քաղաքացիները եւ մինչեւ 15 տարեկան երեխաները։
Մայիսի 13-ից Թունիսում գործում է կրճատված վեցժամյա պարետային ժամ՝ տեղական ժամանակով 23.00-ից մինչեւ 05.00-ն։