Հոգեվիճակը՝ գույների մեջ,և երիտասարդ նկարչուհու երազանքը. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Մեր հասարակությունում երբեմն գլուխ են բարձրացնում կարծրատիպերը, որ երիտասարդներն աշխատասեր ու նպատակասլաց չեն, իրենց ժամանակը վատնում են ոչ կարևոր գործերի վրա:
Մինչդեռ մեր կողքին մեր երկրում ապրում են բազում երիտասարդներ, որոնք ոչ միայն կոտրում են այդ կարծրատիպերը, ստեղծում հետաքրքիր աշխատանքներ, այլ իրենց աշխատասիրությամբ օրինակ են ծառայում մյուսների և հատկապես երեխաների համար:
Նկարչուհի Գոհարը ծնվել է Գյումրիում 1988 թվականի երկրաշարժից առաջ: Ինչպես ինքն է ասում, երկրաշարժ, որը փոխեց շատ շատերի կյանքը: «Երկրաշարժից հետո ապրել եմ գյուղում, դպրոց եմ գնացել արդեն Գյումրիում, հաճախել եմ Գյումրու գեղագիտական կենտրոն։ Ունեցել եմ նկարչության շատ լավ ուսուցիչներ, որոնք երեխաների մեջ սերմանում էին նկարչության այբուբենն ու գույների սիմֆոնիան։
Գեղագիտական կենտրոնում երկու տարի պարապելուց հետո ունեցա առաջին անհատական ցուցահանդեսը, որը ունեցավ մեծ հաջողություն։ Նկարում էի նատյուրմորտներ, ծաղիկներ, դիմանկարներ, հարազատներիս, բոլորին նկարում էի Մինասի ու Սարյանի տաք գույներով, իսկ երբ տրամադրություն չէի ունենում, նկարներիս մեջ գերակշռում էր կապույտ գույնը»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Գոհար Պետրոսյանը:
Այնուհետև Գոհարն ընդունվել է գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարի բաժինը։ «Բայց ինձ շատ էր ձգում քանդակի դասարանը։ Վարպետ Զավեն Կոշտոյանը սովորեցրեց կավի հետ աշխատելու տեխնոլոգիան։ Սկսեցի քանդակել, միաժամանակ աշխատում էի Իտալիայի հյուպատոսարանի կերամիկայի արվեստանոցում։
Պատրաստում էինք հուշանվերներ։
Ես սկսեցի իմ գեղանկարները նկարել կավե սալիկների վրա։ Քանի որ Գյումրիի բնակարանում հնարավոր չէր միաժամանակ և՛ նկարել, և՛ քանդակել, տեղափոխվեցինք Գյումրիից ոչ հեռու գտնվող Հացիկ գյուղ, որտեղ ընդարձակ սենյակները ձևափոխեցինք արվեստանոցի և արհեստանոցի»,-նշում է մեր զրուցակիցը:
Նա հավելում է՝ այս գործում իրեն աջակցել են ընկերները, Շիրակի մարզի զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալ յա Ադամյանը և Հայ-կանադական «Հզորացնենք Հայաստանը» կազմակերպությունը։
«Աշխատանքներս ներկայացնելու գործում ինձ շատ օգնեց «Իմ Հայաստան» ծրագիրը։ Նրանց կազմակերպած փառատոնների, ցուցահանդես-վաճառքների արդյունքում իմ աշխատանքները վաճառվել են Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում։ Ծրագիրն ինձ օգնեց իմ արվեստանոցում զբոսաշրջիկներ հյուրընկալելու և վարպետաց դասեր տալու հարցում։
Բացի դա, մասնակցել եմ միջազգային սիմպոզիումների Մյունխենում, Վիլնյուսում, Էջմիածնում՝ Մաչանենց տանը։ Իմ նկարները ներկայացվել են Ավստրիայում, Ճապոնիայում, Լիտվայում և Հայաստանում կազմակերպված մի շարք ցուցահանդեսների ժամանակ»,-ասում է նկարչուհին։
Նկարչությանը զուգահեռ Գոհարը նաև քանդակում է: Ի դեպ, քանդակներում գերակշռում են հայկական զարդանախշերը:
Ընդգծում է՝ ծնողների հորդորով և օգնությամբ սկսել է տանն աշխատել։ «Սկսեցի կավից պատրաստել հրեշտակներ, տոնածառեր, փոքրիկ խաղալիքներ։ Մի անգամ փոքրիկ խուրջինը նկարազարդելուց միտք առաջացավ պատրաստել Հայկական լեռնաշխարհի տարբեր նահանգների տարազներ»,-նշում է նա:
Նա նաև երիտասարդ ուսուցչուհի է, գույների ու կավի հետ աշխատանքի իր հմտությունները փոխանցում է գյուղի երեխաներին: Այս առումով շատ կարևոր մի երազանք ունի:
«Գյուղ տեղափոխվելուց հետո այստեղի երեխաները սկսեցին գալ ինձ մոտ պարապմունքի։ Երկու տարի պարապելուց հետո Հացիկի գյուղապետարանում կազմակերպվեց իմ և երկու աշակերտուհիներիս ցուցահանդեսը:
Այդ աշակերտներիցս մեկն արդեն ավարտել է Գյումրու գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը։ Գյուղ տեղափոխվելուց հետո երազում եմ ունենալ արվեստի ստուդիա, ուր կհաճախեն մեր և շրջակա գյուղերի երեխաները, որոնք մի քիչ կկտրվեն առօրյա հոգսերից, կսովորեն նկարել և կավի հետ աշխատել»,-նշում է մեր զրուցակիցը:
Ասում է՝ պատահում է, որ հոգնում է կավից, բայց այդ դեպքում լուծում կա: «Հիմա, երբ հոգնում եմ կավից, կանգնում եմ նկարակալիս առջև ու նկարում եմ բնանկարներ, որոնց էտյուդներն անում եմ գյուղում և գյուղից դուրս՝ բնության գրկում»,-եզրափակում է Գոհար Պետրոսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում