Տնտեսական քաղաքականությունը ձախողվել է. անկում, անկում մինչև ո՞ւր.... «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ՀՀ իշխանությունները փորձում էին հանրությանը լավատեսորեն տրամադրել, թե Հայաստանի տնտեսության համար էական սպառնալիքներ չկան։
Բայց մենք ականատես ենք լինում, թե ինչպես են տնտեսվարողները ծայրահեղ վիճակում հայտնվել, և ինչպես է անկում ապրում տնտեսությունը։
Ժամանակին վարչապետը հայտարարում էր, թե ճգնաժամը, բացի իր բացասական կողմից, բազում հնարավորություններ է բացում Հայաստանի առաջ, որից պետք է օգտվել։
Իհարկե, յուրաքանչյուր ճգնաժամ իր հետ նաև նոր հնարավորություններ է բացում, այդ մասին խոսել ենք նաև մենք, ներկայացրել մի շարք մասնագետների կարծիքներ, սակայն հիմնական հարցը այդ հնարավորություններն օգտագործելն է։
Ճգնաժամով պայմանավորված՝ Հայաստանը կարող էր տնտեսության որոշակի վերապրոֆիլավորում իրականացնել, զարկ տալ գյուղատնտեսությանը, արտահանման նոր ուղղություններ փնտրել, հիմնել նոր արտադրություններ և այլն։
Բայց տնտեսության մեջ որևէ էական ակտիվացում և տեղաշարժեր չեն նկատվում։ Իշխանությունները, որոնք կրճատեցին գյուղատնտեսության նախարարությունը՝ գյուղոլորտը համարելով ոչ առանցքային, հիմա արդեն, երբ Հայաստանը պարենային անվտանգության հետ կապված խնդիրների առջև կարող է կանգնել, ցանկանում են զարգացնել գյուղատնտեսությունը։
Եվ փոխանակ կառավարությունը կարողանա համապատասխան մասնագիտական շրջանակների ներգրավմամբ ներդրումային ծրագրեր առաջ քաշել և իրականացնել, վարչապետ Փաշինյանը փորձում է գյուղացիներին խորհուրդ տալ, թե մինչև գյուղացին կոկիկ չհագնվի ու չգնա իր այգին մշակելու, հարցը չի լուծվելու։
Իսկ գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հարցը այդպես էլ մնում է խոսակցությունների մակարդակի։ Դեժավյուի զգացողություն կա մի տեսակ՝ կթել սովորեցնելու կամ, ասենք, աղոթելու առումով:
Ճգնաժամի հասցրած հարվածներից հետո խոսք չի կարող գնալ նաև Հայաստանից արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման մասին։ Հայաստանի հիմնական արտահանման ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանը, իսկ Լարսի անցակետում պարբերաբար առաջացող փլուզումների, եղանակային պայմանների պատճառով հայաստանյան արտահանողները պարբերաբար խնդիրների առաջ են կանգնում։
Կառավարությանը չի հաջողվում գտնել դեպի Ռուսաստան արտահանման համար Լարսին այլընտրանք հանդիսացող ուղի, թեև դրա մասին շատ է խոսվում։
Եվ այս պայմաններում պարզ է դառնում, որ Հայաստանը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավորություններն օգտագործելու փոխարեն, ավելի է մխրճվում ճգնաժամի մեջ։ Դրա վկայությունն է այն, որ 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների տնտեսական ակտիվությունը նվազել է 1,7 տոկոսով, ինչը վատթարագույն ցուցանիշն է Հայաստանի վերջին 20 տարիների պաշտոնական վիճակագրության մեջ։
Նույնիսկ 2009 թվականին, երբ 14,4 տոկոս անկում ունեցանք, հունվար-ապրիլ ամիսներին տնտեսությունը աճել էր 1,8 տոկոսով։ Այդպիսով ստացվում է, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշները իջել են ավելի, քան 2008 թվականի ճգնաժամից հետո գրանցված 2009 թ.-ի տնտեսական անկումը, որը խոշորներից մեկն էր աշխարհում:
Իսկ ահա ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն արձանագրել է 17,2 տոկոս անկում: Սա խոշորագույն անկումն է այդ ցուցանիշի չափման պատմության մեջ: Այս ամենը փաստում է, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը ձախողվել է, վերջինս պետք է տնտեսության վերակենդանացման համար հնարավորություններ գտնի, այլապես անհասկանալի է, թե ինչի համար է այս կառավարությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում