Առաջին հանրապետության հռչակման կարևորությունը.ինչո՞ւ դասեր չենք քաղում պատմությունից. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
1918 թվականի մայիսի 28-ին՝ Մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, ԲաշԱպարանից և Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը։
Հայ ժողովուրդը կարողացավ 540 տարի անց վերականգնել պետականությունը։ Եվ Առաջին հանրապետության հռչակումը մեզ համար խորհրդանշական է, քանի որ ներկայիս Հայաստանի երրորդ Հանրապետության ակունքները գալիս են մոտ մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններից, և պետականության պահպանման գիծը անխախտ շարունակվում է մինչև այսօր։
Պատահական չէ, որ Առաջին հանրապետության հռչակումը ոչ միայն դարեր շարունակ պետականություն չունեցող ժողովրդի համար պետականության վերականգնման խորհուրդ է ստացել, այլև այն խորհրդանշում է հայ ժողովրդի հավաքական ուժը և ազգային միասնությունը, քանի որ հայ ժողովուրդը Օսմանյան կայսրության տարածքում ցեղասպանության ենթարկվելուց ընդամենը 3 տարի հետո կարողացավ Մայիսյան հերոսամարտերի արդյունքում վերացնել իր գլխին կախված բնաջնջման վտանգը։
Ահա և այս հանգամանքով է պայմանավորված, որ ամեն տարի մեծ շուքով նշում ենք Մայիսի 28-ը՝ չնայած որ այս տարի այն յուրահատուկ ձևով առանձնացավ, քանի որ համավարակով պայմանավորված՝ չթույլատրվեց հավաքներ կազմակերպել, ուխտագնացության մեկնել և այլն, սակայն սրանից տոնի նշանակությունը չի փոխվում և Առաջին հանրապետության պատմական դասերն առավել քան արդիական են նաև այսօր։
Ցավոք սրտի, մեզանում ցանկություն չկա պատմությունից դասեր քաղելու։ Եվ պատմությունը ցույց է տվել, որ հայ ժողովուրդը կարողացել է մեծ հաղթանակներ կերտել այն ժամանակ, երբ ողջ ժողովրդին համակել է միասնականության զգացողությունը և համերաշխության ոգին։
Իսկ այն ժամանակ, երբ երկրում տիրում էր մասնատվածություն, ու հատկապես միջնադարում, երբ իշխաններից ու նախարարներից յուրաքանչյուրը միայն իր շահերի մասին էր մտածում, և երկրում երկպառակությունները դարձել էին սովորական երևույթ, պետությունը թուլանում էր, բաժան-բաժան էր արվում և բացում իր դռները օտար նվաճողների համար։
Եվ որպես կանոն հայությունը կրկին համախմբվում էր միայն այն ժամանակ, երբ արդեն կշեռքի նժարի վրա դրված էր լինում ժողովրդի գոյատևման հարցը։
Պատմության վերաարժևորումը շատ կարևոր է մեր այսօրվա իրականության համար, քանի որ ներկայումս մեր հանրության ներսում աճում է ատելությունը և թշնամությունը, հասարակությունը բաժանված է սպիտակների և սևերի, բացակայում է միասնականության մթնոլորտը և համախմբվածությունը։
Սա լուրջ պատմաքաղաքական մեսիջ է՝ ուղղված մեր այսօրվա քաղաքական էլիտային այն մասով, որ ներկայիս պառակտվածությունը կարող է հիմքեր ստեղծել մեր պետականության թուլացման համար։ Դժբախտաբար, այսօրվա իշխանությունները քամահրական վերաբերմունք ունեն մեր պատմության նկատմամբ։
Եվ վարչապետ Փաշինյանը, որը սիրում է տեղին-անտեղի կցկտուր պատմական մեջբերումներ անել Պապ թագավորից ու Տիգրան Մեծից, պատմության և հումանիտար այլ առարկաների դասավանդումը համարում է թամադայություն, որի մասին նա նշել էր իր ելույթներից մեկում։
Պատմության նշանակությունը երկրորդական պլան մղելու մասին է փաստում նաև Հայոց պատմություն առարկան բուհերում ոչ պարտադիր դարձնելու իշխանությունների որոշումը։
Եվ սրանից հետո էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ դասեր չենք քաղում այդ մեծագույն ուսուցչից՝ պատմությունից։
Դրա համար նախևառաջ պետք է տիրապետել պատմության ընթացքին։ Եվ այստեղ արդիական են անգլիացի դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուի խոսքերը, որ միակ դասը, որը կարելի է քաղել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից դասեր չեն քաղում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում