Գույքահարկի նեգատիվ էֆեկտը և իշխանությունների անտարբերությունը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Համավարակի արդյունքում շարունակելու են նվազել պետբյուջե մուտքագրվող հարկերը։ Ուստի կառավարությունը նոր մեթոդներ է մշակում, որպեսզի կարողանա բյուջե նոր միջոցներ ներգրավել։ Սակայն բացարձակ այլ հարց է, թե այդ մեթոդները ինչ ազդեցություն կունենան ընդհանուր տնտեսական միջավայրի վրա։
Այսպես, օրինակ՝ գործադիրն առաջարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարել, որի համաձայն, 2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը՝ գույքահարկը, հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։
Քանի որ Հայաստանում անշարժ գույքի կադաստրային արժեքը բազմակի զիջում է շուկայական արժեքին, ապա այս նոր համակարգին անցնելիս անշարժ գույքի հարկային բեռը կտրուկ աճելու է։
Եվ հատուկ ուշադրության է արժանի նախագծի այն կետը, որ եթե գործող կարգի համաձայն չի հարկվում մինչև 3 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը, ապա, ըստ փոփոխությունների, չհարկվող անշարժ գույք այլևս չի լինելու։
Փաստորեն, վերացվում է չհարկվող շեմը, որի արդյունքում մոտ 580 հազար քաղաքացի սկսելու է գույքահարկ վճարել, որը չի անում հիմա։ Ու այս հանգամանքը նոր խնդիրներ է առաջացնելու առանց այն էլ տնտեսական բարդ իրավիճակում գտնվող մեր երկրի համար։
Եվ, ըստ էության, անշարժ գույքի հարկի բարձրացումը կազդի յուրաքանչյուր քաղաքացու վրա. հատկապես խոցելի կլինի աղքատ խավը, ինչպես նաև այն տնային տնտեսությունները, որոնց եկամուտները սկսված տնտեսական ճգնաժամի պայմաններում էականորեն նվազել են:
Երկրի գործարար հատվածը, որի մի մասն այս օրերին լուրջ տնտեսական դժվարությունների առաջ է կանգնել, նույնպես կկրի գույքահարկի բարձրացման ազդեցությունը, և բացառված չէ, որ դրա արդյունքում նաև լրացուցիչ շղթայական թանկացումներ լինեն։
Հարցերը բազմաթիվ ու բազմատեսակ են: Սակայն այս հարցերը կառավարությանն այնքան էլ չեն հետաքրքրում։ Կարևորը ամեն կերպ բյուջեն լցնելն է։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, կառավարության նիստում ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխությունները, հատուկ ընդգծել էր, որ «գույքային հարկերի հարկման պոտենցիալը մոտ 4,3 անգամ կաճի, ինչը նշանակում է, որ համայնքներին հնարավորություն կընձեռվի մեծացնել համայնքային բյուջեների եկամուտը»։
Կարելի է պատկերացնել, թե ինչպես կարձագանքեր այս նախաձեռնությանը Նիկոլ Փաշինյանը, եթե մինչև այժմ ընդդիմադիր լիներ։
Նա կհայտարարեր, որ իշխանություններն ապաշնորհ են ու կոռուպցիայի մեջ թաթախված, դրա համար էլ չեն կարողանում տնտեսությունը զարգացնել, ու բյուջեն լցնելու համար ստիպված են ճգնաժամային իրադրության պայմաններում «ժողովրդի կաշին քերթող» որոշումներ ընդունել։ Կխոսեր թոշակի հույսին մնացած տատիկ-պապիկների սոցիալական վիճակի մասին։
Բայց ընդդիմադիր Փաշինյանը և վարչապետ Փաշինյանը քաղաքականապես տարբեր մարդիկ են։ Դրա համար էլ վարչապետ Փաշինյանն արդեն վարչապետի պաշտոնում գույքահարկի թանկացումն ուղղակի անհրաժեշտություն է համարում։ Սա ցույց է տալիս, որ վերջինիս համար ամենակարևորը անձնական և քաղաքական շահն է, որով նա առաջնորդվել է իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում