«Ֆիլմաշարը կյանքի ենք կոչել մեր հերոսներին ապրեցնելու համար». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
«Ես, թե հայրենիքս» վավերագրական ֆիլմաշարը ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի հավակնորդներից է: Ֆիլմաշարի ռեժիսոր Քրիստինե Ղազարյանի հետ զրուցել ենք ֆիլմաշարի ստեղծման պատմությունից, ինչպես նաև անդրադարձել այլ հարցերի ևս:
Քրիստինեն նշում է՝ 2017 թվականին, որպես կուրսային աշխատանք, նկարահանել է «Կյաժը. Ռոբերտ Աբաջյան» վավերագրական ֆիլմը: «2019 թվականին 5-րդ ալիքը առաջարկեց ցուցադրել այդ ֆիլմը, այն շատ մեծ արձագանքների արժանացավ։
Այնուհետև նույն հեռուստաընկերության կողմից ստացանք առաջարկ՝ ստեղծելու ֆիլմաշար, որտեղ կանդրադառնանք Ապրիլ յան պատերազմի ժամանակ զոհված մյուս հերոսներին: Իհարկե, առաջարկը սիրով ընդունեցինք, քանի որ ես և Գրիգոր Մուրադյանն էլ ունեինք նման նախագիծ իրագործելու ցանկություն և մտադրություն:
Հենց այդպես էլ սկսվեց «Ես, թե հայրենիքս» վավերագրական ֆիլմաշարը:
Շուրջ մեկ տարի է՝ նկարահանում ենք ֆիլմաշարը: Արձագանքները շատ դրական են, առավել հաճելի է դրական կարծիքներ լսել հենց հերոսների ծնողներից, ընկերներից, որոնք նույնպես եղել են Ապրիլ յան պատերազմի մասնակիցներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ֆիլմաշարի ռեժիսորը:
Խոսելով ֆիլմաշարի՝ նախագահի երիտասարդական մրցանակի հավակնորդ լինելու մասին, Քրիստինեն խոստովանում է՝ այն սկսելուց առհասարակ չեն մտածել որևէ մրցանակի մասին: «Մենք այն կյանքի ենք կոչել մեր հերոսների մասին հիշեցնելու, նրանց ապրեցնելու համար, բայց, իհարկե, հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է»,-նշում է մեր զրուցակիցը:
Անդրադառնում ենք նաև Քրիստինեի՝ ստեղծագործական սպասվող նորություններին և զրուցում այն մասին, թե այս համավարակի պատճառով ստեղծված իրավիճակն արդյոք կվնասի՞ կինոարտադրությանը:
«Իհարկե, կային նոր նախագծեր, բայց համավարակի պատճառով ամեն ինչ հետաձգվեց: Որոշ ժամանակ անց արդեն որոշակի հստակություն կլինի: Կարծում եմ՝ կինոարտադրությունը վնասներ կրեց, սակայն վստահ եմ՝ համավարակից հետո շատ նոր գաղափարներ կլինեն:
Համաշխարհային կինոյում կհայտնվեն նոր հերոսներ, նոր հետաքրքիր պատմություններ: Մեկուսացումը նույնպես այս հարցում իր դերը կունենա, շատերը մնացել են միայնակ իրենց մտքերի հետ, դա լավ առիթ է նոր գաղափարներ ունենալու»,-եզրափակում է Քրիստինե Ղազարյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում