Տնտեսագետ. «Խնայողական մոտեցումը ճիշտ չէ. հետագայում ավելի մեծ խնդիրներ կունենանք». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Կորոնավիրուսի համավարակի տնտեսական ազդեցություններից հնարավորություն չեն ունեցել խուսափել բոլոր երկրները, և այս առումով Հայաստանը ևս բացառություն չէ: Իրավիճակն առաջին հերթին կապված էր տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների աշխատանքների դադարեցման հետ՝ բացառությամբ առևտրի և մի շարք ծառայությունների: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը՝ նշելով, որ սա ինքնաբերաբար մեծ տնտեսական անկման է բերելու:
Այնուամենայնիվ, տնտեսագետը կարծում է, որ հնարավոր էր այնպես անել, որ որոշ ցուցանիշների մասով տատանումն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդքան մեծ չլիներ:
«2020թ. ապրիլի դրությամբ նախորդ տարվա ապրիլի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է շուրջ 17,2 տոկոսով, իսկ 2020թ. հունվար-ապրիլին 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՏԱՑ-ը նվազել է 1,7 տոկոսով:
Հունվար, փետրվար, մարտ ամիսներին տնտեսական աճի անկումն այդքան բարձր չի եղել, դրա համար այդքան մեծ տատանում չի եղել, թեպետ հետագայում այդ տարբերությունն արդեն մեծ կլինի»,-ասաց տնտեսագետը ու, վերլուծելով ցուցանիշներն ըստ տնտեսական ոլորտների, առանձնացրեց մասնավորապես առևտրի շրջանառության ու ծառայությունների ծավալը:
Նրա խոսքով, այդ հատվածներում հնարավոր էր համեմատաբար այլ պատկեր ստանալ:
«Առևտրի շրջանառությունը նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել է 33,1 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 15,9 տոկոսով: Եթե ազգաբնակչությունը բավարար ֆինանսական միջոցներ ունենար, այսինքն, պետության կողմից տրվող աջակցությունը թիրախային լիներ, ապա առևտրի պարագայում կրճատումը, համենայն դեպս, այդքան շատ չէր լինի:
Թե՛ ազգաբնակչությունը, թե՛ փոքր և միջին բիզնեսն այս փուլում իրացելիության խնդիր են ունեցել, և նրանց ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրվող ֆինանսավորումը, կարծում եմ, ավելի բարձր կարող էր լինել: Ֆինանսական ռեսուրսների ավելացման դեպքում ավելի բարվոք ցուցանիշ կարող էր արձանագրվել:
Ընդհանուր առմամբ, շատ մեծ տատանում չէր կարող լինել, պարզապես որոշ ոլորտների մասով ավելի համեստ անկում կլիներ, ինչը չեղավ: Իրականում ցանկացած ճգնաժամային իրավիճակում կառավարության հիմնական խնդիրը տնտեսվարող սուբյեկտներին բավարար տնտեսական ռեսուրսներով ապահովելը պետք է լինի:
Դա կարող է լինել աջակցության ծրագրերի, ինչպես նաև արտոնյալ վարկերի տրամադրման և այլ միջոցառումների տեսքով:
Բայց մեր պարագայում տնտեսության գործունեության դադարեցման և համընդհանուր ինքնամեկուսացման փուլում բազմաթիվ շահառուներ դուրս էին մնացել պետական աջակցության ծրագրերից: Հետևաբար, տնտեսության մեջ մակրո մակարդակով համախառն պահանջարկի կտրուկ անկում է եղել:
Որպեսզի այդ անկումը չլիներ, հնարավոր էր ավելի խթանող քաղաքականություն իրականացնել և ավելի շատ կանխիկ ֆինանսական ռեսուրսներ ներարկել տնտեսության մեջ: Կարծում եմ՝ ավելի թիրախային, ավելի ընդգրկուն ու ավելի մեծ հակաճգնաժամային ծրագրեր պետք է իրականացվեին:
Ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ ուղղելով դեպի տնտեսություն, թիրախային խմբեր, կարիքավոր ընտանիքներ՝ տնտեսության անկումը համեմատաբար ավելի քիչ կլիներ»,-ընդգծեց Կ. Սարգսյանը՝ հավելելով, որ կառավարության տրամադրած աջակցության չափը 150 մլրդ դրամ է, որը կազմում է մեր երկրի ՀՆԱ-ի 2,3 տոկոսը, մինչդեռ այլ երկրներում այն 8-15 տոկոսի սահմաններում է:
«Ընդհանուր առմամբ, եթե մենք այս փուլում փորձում ենք գումար խնայել, հետագայում ավելի մեծ խնդիրներ կունենանք՝ կապված տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հետ: Այդ մոտեցմամբ տնտեսության մեջ խնդիրներն ավելի կշատանան, և հետագայում էլ ավելի շատ գումար հարկավոր կլինի:
Այս փուլում կառավարության կողմից խնայողական մոտեցումը ճիշտ չէ՝ ավելի ընդգրկուն ու ծավալուն միջոցառումներ են անհրաժեշտ: Ժամանակին խոսվում էր այն մասին, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Վրաստանին գրեթե անցնում ենք, բայց նույն Վրաստանի հակաճգնաժամային միջոցառումները, եթե չեմ սխալվում, իրենց ՀՆԱ-ի 6 տոկոսի չափով են»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ կառավարությունն ունի խնայողական մոտեցում չցուցաբերելու հնարավորություններ:
«Առհասարակ, գումարի խնդիր միշտ կարող է լինել, բայց Արժույթի միջազգային հիմնադրամից վարկ են վերցրել, Եվրամիությունը նույնպես ֆինանսական աջակցություն է տրամադրել հենց կորոնավիրուսի հաղթահարման համար: Բացի այդ, նախորդ տարվանից խնայված ֆինանսական միջոցներ էլ ունենք, որոնք կառավարության անունից ԿԲում որպես ավանդ են ներդրված:
Կարծում եմ՝ հնարավոր է նաև կորոնավիրուսի հաղթահարման պետական պարտատոմսերի թողարկում իրականացնել, տեղաբաշխել ու գումարն ուղղել տնտեսությանը: Ցանկության դեպքում ֆինանսական ռեսուրսներ հայթայթելու որևէ խնդիր չկա, մյուս կողմից էլ բազմաթիվ անարդյունավետ ծախսեր կան, որոնք կարող են կրճատել: Ասել՝ գումար լինի՝ կտանք, արդարացված չէ:
Ոչ մի երկիր ավելորդ գումար չունի, բայց գոյություն ունի հարցերի կարևորություն ու առաջնահերթություն ասվածը, և այդ առումով պետք է իսկապես ռազմավարական մոտեցում ցուցաբերվի. եթե ուզում ենք հետագայում ավելի լավ լինի, տնտեսությունը վերականգնելու համար այս պահին պետք է ավելի շատ ծախսենք:
Բայց նման գործելաոճի շարունակության դեպքում ճգնաժամն ավելի կխորանա, հաջորդ ամիսների ցուցանիշները կարող են ավելի վատը լինել»,-հավելեց տնտեսագետը՝ օրինակ բերելով հակաճգնաժամային վերջին միջոցառումները:
«Դրանք արդեն կոնկրետ թիրախային խմբերի աջակցություն չեն, պարզապես վարկային ծրագրեր են, ինչպես նաև «աջակցություն՝ նորաստեղծ բիզնեսին»:
Վերջին ծրագրի անվանումից ենթադրվում է, որ նոր բիզնես սկսելու մասին է, թեպետ այնտեղ մի պահանջ կա, ըստ որի՝ նախորդ մեկ տարվա ընթացքում պետք է բարվոք հարկային պատմություն լինի:
Այս պարագայում ի՞նչ նոր բիզնեսի մասին է խոսքը: Սա արդեն ոչ թե նորաստեղծ բիզնես է, այլ, չգիտեմ, գործունեության շարունակություն է, որը կարող է իրականացվել այլ հավասար պայմաններում: Ընդհանուր առմամբ, այն սկզբունքները, այն թիրախներն ու ֆիլտրերը, որոնք դրվում են այդ հակաճգնաժամային միջոցառումների հիմքում, այդքան էլ կոնկրետ չեն: Այդ ծրագրերը խրթին են, բարդ ընթացակարգեր են ենթարդում և ունեն ինչպես ճշգրտման, այնպես էլ պարզաբանման կարիք:
Օնլայն համակարգը ևս խնդիր է ունեցել, ինչի հետևանքով աջակցություն են ստացել մարդիկ, որոնք չպետք է ստանային, և, ըստ հայտարարվածի, պետք է վերադարձնեն այն: Իսկ ովքեր կարիքավոր են, փաստորեն, չեն ստացել:
Այսինքն, օպերատիվության, նպատակայնության, ինչպես նաև թիրախային լինելու խնդիրներ կան այդ առումով»,-ընդգծեց տնտեսագետը:
Կարեն Սարգսյանը շեշտեց, որ հատկապես ճգնաժամային պայմաններում պետությունը պետք է աջակցի և ուշադրության կենտրոնում պահի փոքր և միջին բիզնեսը: «Փոքր և միջին բիզնեսին ուղղված աջակցության ծրագրերն էլ պետք է թիրախավորված լինեն: Այս փուլում իրենց համար վարկային տարբերակը ավելի մեծ հարց չի լուծում, որքան կլուծեին հարկային արձակուրդները:
Ասում ենք՝ վարկ վերցրեք, հարկ տվեք, բայց մարդն ի՞նչ գումար ներդնի իր տնտեսության մեջ, իր գործունեությունն ինչպե՞ս շարունակի»,-ասաց նա՝ դիտարկելով ճգնաժամային փուլում հարկային արձակուրդներ տրամադրելու անհրաժեշտության, ինչպես նաև հարկային դրույքաչափերի նվազեցման հնարավորությունները:
Այս համատեքստում անդրադառնալով նաև գույքահարկի նոր համակարգի ներդրման հնարավորությանը, որին արդեն կառավարությունը հավանություն է տվել, Կարեն Սարգսյանը շեշտեց.
«Ճգնաժամի փուլում որևէ երկիր հարկային դրույքաչափ չի փոփոխել, չի բարձրացրել: Եթե բարձր տնտեսական աճի պայմաններում դա աստիճանաբար հնարավոր էր իրականացնել, ապա այս փուլում շատ շուտ է:
Այս նախագծի անվան տակ ոչ թե միայն շքեղ առանձնատների սեփականատերերի, այլ բոլորի վրա ենք տարածելու գույքահարկը: Կառավարութան կողմից հավանության արժանացած նախագծով շուրջ կես միլիոն մարդ, որոնք նախկինում ազատված են եղել գույքահարկից, հիմա վճարելու են այն: Ստացվում է, մենք կարիքավորին էլ ենք մտցնում հարկային դաշտ այս պահին:
Ընդհանուր անկման փուլում նման օրինագիծ բերելը ճիշտ չէ: Սա հատկապես ցածր եկամուտներ ունեցող մարդկանց վրա իր բացասական տնտեսական ազդեցությունն անպայման կունենա»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում