Ինչպե՞ս բարձրացնել դիմադրողականությունը սննդի միջոցով. իմունիտետն ու Covid-19-ը. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Դիմադրողականությունը բարձրացնելը միշտ է կարևոր, բայց այն ուշադրության կենտրոնում պետք է պահել հատկապես մեր օրերում՝ հաշվի առնելով Covid-19-ի տարածումը: Թեմայի շուրջ զրուցել ենք սննդաբան Գայանե Շախատունու հետ, որն ընդգծել է այն առաջնահերթ հանգամանքները, որոնք կարևոր են բարձր դիմադրողականություն ունենալու համար:
Գայանե Շախատունին շեշտեց, որ այս հարցում առաջնային է կայուն նյարդային վիճակը:
«Իմունիտետը կայուն պահելու առաջին գործոնն առողջ նյարդային համակարգն է: Ցանկացած՝ անգամ փոքր սթրեսը, նույնիսկ շատ մեծ ուրախությունը կարող են իմունիտետի անկման հանգեցնել:
Պետք է փորձենք կառավարել մեր օրվա ընթացքը, փորձենք մեր միտքը շեղել այսօրվա հիմնական թեմայից, և նյարդերը հանգիստ պահել:
Պետք է անպայման ճիշտ ժամին քնել՝ գոնե 12-ից, որովհետև ճիշտ ժամանակին չքնելն ազդում է նյարդային համակարգի վրա, ինչն էլ իր հերթին անմիջական կապ ունի դիմադրողականության անկման հետ:
Հաջորդ կարևոր բաղադրիչը ֆիզիկական ակտիվությունն է: Հիմա շատերը չեն աշխատում, դասի չեն գնում, բայց սա թող չդառնա անշարժ կյանքին սովորելու պատճառ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց սննդաբանը:
Նա շեշտեց, որ տանը գործ անելը դեռ ֆիզիկական ակտիվություն ու շարժ չի ենթադրում. «Այդ անհրաժեշտ շարժը կարող է ենթադրել թեթև վազքը, հաճելի երաժշտության տակ պարելը կամ էլ պարզապես արագ քայլելը: Եվ այս առումով շատ կարևոր է քրտնարտադրությունը»:
Անդրադառնալով դիմադրողականության պահպանման և բարձրացման համար անհրաժեշտ սննդին՝ Գ. Շախատունին նախ խոսեց ջրի կարևորության մասին:
«Թեպետ ջուր խմելը միշտ եմ պրոպագանդում, բայց հիմա առավել ևս սա շատ կարևոր է. եթե անգամ այդ պահին բացիլը հայտնվել է քթակոկորդային խոռոչում, ակտիվ ջուր խմելը կարող է դրական իմաստով ճակատագրական լինել ու զերծ պահել վիրուսից: Բացի այդ, ջուրը շատ կարևոր է օրգանիզմի ընդհանուր մաքրման և իմունիտետը բարձր պահելու համար:
Միևնույն ժամանակ, անմիջապես շատ չենք խմում, չենք խմում նաև սառը: Պարզապես ջրով շիշը պահում ենք մեր ձեռքում՝ ուր էլ որ լինենք: Միայն մի նկատառում. ջրի ընդունումը դադարեցնում ենք երեկոյան ժամերին, որովհետև չարժե շատ ծանր ստամոքսով քնել»,շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով հատկապես այս փուլում ճիշտ սնվելու կարևորության մասին:
«Անպայման օրվա մեջ 3-4 անգամ պետք է սնվել: Սա վերաբերում է նաև այն մարդկանց, որոնք քաշի խնդիր ունեն: Իհարկե, խոսքը ճիշտ սննդակարգով սնվելու մասին է: Պետք է շատ կանաչեղեն, բանջարեղեն օգտագործել: Այս առումով շատ օգտակար է կանաչ պղպեղը, որը բնական C վիտամին է պարունակում և կարող է իմունիտետի առաջացման հիմք լինել: Օգտագործել նաև բրոկոլի, իմբիր, լիմոն:
Պարզապես պետք է ուշադիր լինել հատկապես իմբիր և լիմոն օգտագործելու դեպքում, որովհետև դրանք հակացուցումներ ունեն: Եթե մարդիկ էրոզիաներ և գաստրիտներ ունեն, պետք է խորհրդակցեն բժշկի հետ»,-հավելեց սննդաբանը:
Խոսելով ոչ ցանկալի սննդի մասին՝ նա նշեց.
«Ծայրահեղ զերծ ենք մնում բոլոր տեսակի արհեստական, պահածոյացված, կոնսերվացված սննդի տեսակներից: Դրանք լցնում են ստամոքսը, բայց արյան մեջ ոչինչ չեն հաղորդում, այլ, գուցե, հակառակը, վնասում են իմունիտետը: Մեզ հետ ենք պահում նաև շաքարից: Շաքարը վնասակար է նյարդային համակարգի համար: Զերծ ենք մնում նաև սինթետիկ քաղցրավենիքներից:
Իհարկե, կարող ենք ուտել լավ որակի շոկոլադ, որոշ չափով էլ մեղր օգտագործել, առավոտյան ժամերին էլ քաղցր մրգեր ուտել:
Շատ կարևոր է նաև ձվի ու կաթնամթերքի օգտագործումը, ուղղակի պետք է ուշադիր լինել, որ կաթնամթերքը կոնսերվանտներով պատրաստված չլինի. կաթնամթերքն առավելագույնը երրորդ օրը կարող է փչանալ:
Իսկ մսի դեպքում ցանկալի է, որ այն, եթե, իհարկե, հնարավոր է, տնական լինի: Կամ էլ, եթե կա տարբերակ, գոնե իմանաք, որ արհեստական ճանապարհով չի բուծվել:
Խորհուրդ եմ տալիս նաև զերծ մնալ հավի ուռեցրած մսերից, և այս պարագայում գոնե տավարի միս օգտագործել: Իսկ եթե ուզում եք շատ առողջ լինել, նաև իմունիտետը խթանելու համար շեշտը դրեք լոբազգիների վրա»:
Ամփոփելով՝ Գ. Շախատունին խորհուրդ տվեց անձնական բժշկի՝ թերապևտի կամ էնդոկրինոլոգի հետ քննարկել այս սեզոնին վիտամինային շարք ընդունելու մասին, որովհետև, նրա խոսքով, շատ անգամ հավել յալ վիտամինների կարիք է լինում.
«Տարին գոնե մեկ անգամ կարելի է ստուգել վիտամինային միկրոէլեմենտային շարքերը և, օրինակ, պրոֆիլակտիկ կարելի է C վիտամին օգտագործել»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում