Ինչո՞ւ են իշխանությունների՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերը ժամանակավրեպ. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պայքարը (կամ՝ շատերի կարծիքով, պայքարի գրեթե բացակայությունը), որն աչքի է ընկնում իր հախուռնությամբ և քայլերի հաջորդականության անտրամաբանականությամբ։
Ճգնաժամային ոչ արդյունավետ կառավարման հետևանքով է, որ դեռևս վարակի տարածման դեպքերի նվազում չի նկատվում։ Խնդիրն այն է, որ կորոնավիրուսի առաջին դեպքերի արձանագրման, ինչպես նաև կարանտինի՝ 2 ամիս տևած ժամանակաշրջանում, երբ իշխանությունները պետք է խիստ քայլեր ձեռնարկեին վարակի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ, անլուրջ վերաբերմունք էին դրսևորում իրավիճակի նկատմամբ։
Ժամանակին, երբ անհրաժեշտ էր դադարեցնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն ու մեկուսացնել արտասահմանից՝ մասնավորապես վարակի տարածման օջախ դարձած երկրներից ժամանած անձանց, չարվեց։
Եվ իշխանությունները գործի անցան միայն այն բանից հետո, երբ արդեն բարդ իրավիճակ էր ստեղծվել։ Նրանք ուշացումով դադարեցրին քարոզարշավն ու մեկուսացրեցին արտասահմանից ժամանած անձանց այն ժամանակ, երբ արդեն Եվրոպայից մի շարք չվերթներով քաղաքացիներ էին ժամանել Հայաստան և տարածել վարակը։
Իսկ կարանտինի ժամանակահատվածում, երբ պետք էր խիստ հսկողություն սահմանել կարանտինային ռեժիմի պահպանման համար, ինչպես նաև հանրության շրջանում արմատավորել հակահամաճարակային կանոնները, բավարար քայլեր չարվեցին այս ուղղություններով, և արդյունքում ունենք այն, ինչ որ ունենք։
Եվ ահա միայն վերջին շաբաթների ընթացքում է իշխանությունն իր ուշադրությունը հատուկ սևեռել հանրության կողմից հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ հատուկ աշխատանքներ տանելու հարցի վրա։ Ու վարչապետ Փաշինյանը որոշել է այս հարցում կենտրոնական դեր ստանձնել։
Վերջինս, տեսնելով, որ միայն կանոնները պահպանելու վերաբերյալ կոչերը արդյունք չեն տալիս, նոր մոտեցում է որդեգրել ու սկսել է իր էջում հրապարակել տարբեր մասսայական միջոցառումներից և քաղաքացիների կուտակումներից լուսանկարներ, որտեղ խախտված են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները։
Միևնույն ժամանակ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանել, լուսանկարահանել և ուղարկել իր ֆեյսբուքյան էջին: Փոխարենը վարչապետը նեղանում է, որ Շուշիի հայտնի կադրերն են շրջանառվում:
Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը միայն հիմա, երբ ամեն օր հարյուրավոր նոր վարակվածներ ու մահեր ենք ունենում, որոշել մտածել հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը հանրայնացնելու և դրանց նկատմամբ վերահսկողությունը խստացնելու ուղղությամբ, երբ դա կարելի էր անել ավելի վաղ փուլում։
Ինչպես տեսնում ենք, իշխանությունների գործողությունները գրեթե միշտ ուշացած են լինում, որոնց մեջ հատուկ արտացոլում է գտնում պրոֆեսիոնալիզմի պակասը։
Օրինակ՝ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր նաև քաղաքացիներից մեկի տան բակից արված ուղիղ միացումով, որտեղ ընտանեկան փոքր միջոցառում է, որի մասնակիցները նստած են սեղանի շուրջ, նաև պարում են։
Բնականաբար, այս քայլը ոչ միանշանակ ընդունվեց օգտատերերի կողմից։ Նրանց մի մասը նշել էր, որ սա վարչապետին հարիր քայլ չէ և կասկածի տակ էր դրել բանից անտեղյակ քաղաքացիների խնջույքն իր էջում ուղիղ եթերով ցուցադրելու նպատակահարմարությունը։
Եվ միայն ավելի ուշ վարչապետն էջից հեռացրեց այս տեսանյութը և մի քանի նմանատիպ ուղիղ միացումներ՝ տարբեր վայրերից։
Սա վկայում է այն մասին, որ Փաշինյանը չի կարողանում հստակ հաշվարկել իր քայլերի նպատակահարմարությունը, կատարում է գործողություններ՝ պահի տրամադրության ներքո, և ստացվում է այնպես, որ դրանց մեծ մասը ժամանակավրեպ է լինում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում