Աթբաշյան. «Մեզ ուղղակի դուրս հանեցին ավիացիոն շուկայից. իրավիճակը շտկելու համար մեծ աշխատանք պետք է կատարվի». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ավիաընկերությունները ներառել է ԵՄ թռիչքների անվտանգության թարմացված ցանկում՝«սև ցուցակում»։ Դա նշանակում է, որ Եվրոպական միության շրջանակում շահագործման արգելքը տարածվում է նաև հայկական ավիաընկերությունների վրա՝ անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու հիմնավորմամբ: Որոշումը կայացվել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքի վերլուծությունից հետո։
«Ավիացիայի ազգային միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Աթբաշյանը վերոնշյալ իրողությունը դիտարկում է նախկինում իր կողմից մատնանշած բացերի և խնդիրների համատեքստում:
«Առաջին ու հիմնական խնդիրն օդային օրենսգիրք չունենալու փաստն է: Օդային օրենսգիրքը պետք է ենթադրի ավիացիայի աշխատանքի պլանավորում, կատարում ու վերահսկողություն: Եվ այս երեք ուղղություններով առանձին մարմիններ պետք է զբաղվեն: Օրինակ՝ ԱՄՆ-ում գործում է թռիչքների անվտանգության ուսումնասիրման անկախ մարմին, բայց մեզ մոտ ոչինչ չկա:
Պետք է սկսել օրենսգրքից: Ստացվում է՝ ավիացիա ունեինք, հիմա այն չկա, կորավ, ու, փաստորեն, ոչ ոք մեղավոր չէ:
Ասում են՝ նախկիններն են մեղավոր: Նախկիններն ովքե՞ր են, անուններ տվեք այդ դեպքում, ասեք՝ ինչով են մեղավոր, ով ինչքան է գողացել, ինչո՞ւ չեն զբացվում այդ հարցերով: Իրականում ներկայիս իշխանությունները պետք է մտածեն ոչ թե նրա մասին, թե ինչպես այսօրվա ստեղծված իրավիճակը գցեն նախկին իշխանությունների վրա, այլ զբաղվեն այս դրությունից դուրս գալու հարցով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Աթբաշյանը:
Նա շեշտեց՝ եթե վերոնշյալ օրենսգիրքն ունենայինք, միգուցե այսօր խուսափեինք նման զարգացումներից:
«Հիմա մեզ ուղղակի դուրս հանեցին ավիացիոն շուկայից: Հայկական ավիաընկերությունները, փաստորեն, չեն կարողանա աշխատել: Հիմա փորձում են այդ հարցը մի քիչ թեթևացնել ու փափկեցնել, բայց, այդուհանդերձ, փաստն այն է, որ մենք հիմա արդեն չկանք Եվրոպայի ավիացիոն շուկայում:
Իսկ իրավիճակը շտկելու համար բավականին մեծ աշխատանք պետք է կատարվի: Օրինակ՝ պետք է այնպիսի միջոցներ ներդնել, որոնք հնարավորություն կտան վերահսկել թռիչքների անվտանգությունը: Ժամանակին «Արմավիայի» սերտիֆիկացման հարցերով եմ զբաղվել: Դա այն ժամանակահատվածն էր, երբ ընկերությունը խնդիրներ ուներ:
Այդ ժամանակ ձեռք բերվեց հատուկ համակարգ, որի միջոցով յուրաքանչյուր թռիչքի րոպեն վերահսկվում էր, և բավականին հանգամանքներ էին բացահայտվում վերահսկողության արդյունքում: Բայց սա միայն մեկ ընկերության օրինակ է:
Ավելի լայն իմաստով նման վերահսկողություն պետք է իրականացնի կա՛մ կոմիտեն, կա՛մ էլ առանձին մարմին պետք է ստեղծվի՝ միայն թռիչքների անվտանգությունը վերահսկելու համար: Եթե այսօրվանից այդ հարցերով լուրջ զբաղվեն ու փորձեն Եվրոպայում հեղինակություն ձեռք բերելու ուղղությամբ հստակ աշխատել, մոտավորապես 6-7 ամսից արդյունք կլինի:
Պետք է հատուկ հանձնաժողով ստեղծեն, որտեղ մասնագետներից յուրաքանչյուրը կոնկրետ հարցով կզբաղվի»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ բերելով Ղազախստանի օրինակը:
«Ղազախստանի քաղավիացիայի վիճակը մի քանի տարի առաջ շատ վատ էր: Ինչպես մեզ են վտարել այդ համակարգերից, այդպես նաև ժամանակին իրենց հետ էին վարվել: Բայց, անկախ ամեն ինչից, նրանք 7 ամսվա մեջ շատ լուրջ աշխատեցին ու իրենց առջև դրած բոլոր խնդիրները լուծեցին:
Հիմա վերականգնել են հեղինակությունը և ունեն ճանաչված ավիացիա: Իրականում լուծումներ գտնելու և դրանք իրականացնելու շատ ձևեր կան: Մենք արդեն տևական ժամանակ է, ինչ խոսում ենք փոքր ավիացիայի զարգացման հնարավորությունների մասին, բայց թե՛ այս, թե՛ մնացած հարցերով պետք է զբաղվել, այնինչ ոչ ոք չի զբաղվում»,-շեշտեց նա:
Ամփոփելով՝ Դ. Աթբաշյանը շեշտեց, որ, այնուամենայնիվ, արդյունք ունենալու համար հենց այսօրվանից պետք է զբաղվել օդային օրենսգրքի ընդունման հարցերով, որի նմուշը կա թե՛ Ազգային ժողովում, թե՛ կառավարությունում:
«Ընկերությունները տեխնիկական հնարավորություններ ունենալուն զուգահեռ պետք է աշխատեն իրավական դաշտում. Հայաստանն այս առումով իրավական դաշտ չունի: Ամենաառաջին խնդիրը դա է, որովհետև ինչի մասին մենք խոսում ենք, բխում է հենց այդ խնդրից: Այսօրվա իշխանությունները պետք է հատուկ հանձնաժողովներ ստեղծեն: Ինքս պատրաստ եմ անվճար օգնել, աջակցել, միայն թե Հայաստանը կենդանացնի սեփական ավիացիան»,-եզրափակեց Դ. Աթբաշյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում