Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները
TV«Արմենիա» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Դավիթ Պատրիկյանն օրերս առողջացել է կորոնավիրուսից ու դուրս գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։ Այսօր Ֆեյսբուքի ուղիղ եթերով ճեպազրույցում Դավիթ Պատրիկյանը մարդկանց կոչ արեց հետևել կառավարության սահմանած հակահամաճարակային կանոններին։ Նա նշեց, որ ռիսկային խմբի է պատկանում, ունի հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, 68 տարեկան է։ Հիվանդությունը նրա մոտ ծանր ընթացք է ունեցել՝ տարել է երկկողմանի թոքաբորբ։
«Հիվանդությունը բավական նամարդ հիվանդություն է։ Բավական գաղտագողի սողսոկում է մարդու օրգանիզմ և կատարում իր չար գործը։ Պետք է լինել շատ զգույշ, արհամարհանքով վերաբերվել այդ հիվանդության հետ չի կարելի, այն արժանի է բավական լուրջ ուշադրության և հատկապես այն խմբի հիվանդների համար, որոնց մասին նշեցի։ Բուժումը շատ աշխատատար է և, ցավոք սրտի, երբեմն անհնարին»,- ասաց նա։
Բժիշկը նշեց՝ մենք պետք է համախմբենք, իսկական պատերազմ է։ Պատերազմն ունի իր բոլոր կանոնները՝ հրամանները չեն քննարկվում։
«Մենք ունենք կառավարություն, կառավարության որոշումներ, եկեք կատարենք այդ որոշումները, ուրիշ բան պետք չէ։ Ոչինչ պետք չէ հնարել՝ մեկը դիմակ է ուզում, մյուսին դիմակը խանգարում է, մյուսին ձեռնոցն է խանգարում։ Պետք է կրենք դիմակ, հագնենք ձեռնոցներ, պետք է պահպանենք սոցիալական հեռավորությունը։ Եվ ես հավատացնում եմ, եթե բոլորս այս վայրկյանից կատարենք այն, ինչ կառավարությունն ասում է, կանցնի երեք շաբաթ, մենք ամսի 26-27-ին համարյա հաղթահարած կլինենք համաճարակը։ Բայց եթե շարունակենք նույն տեմպերով, կատարենք գաղտագողի հարսանիքներ, դպրոցների ավարտական երկույթներ ու ցերեկույթներ, իհարկե, չի հաղթահարվի»,- նշեց նա։
Բժիշկը նշեց, որ եթե այս հիվանդությունը լիներ 100 տարի առաջ, աշխարհի բնակչության կեսը չէր լինի։ Այսօր, շնորհիվ հակավիրուսային դեղորայքի ու ժամանակակից սարքավորումների, հնարավոր է լինում կյանքեր փրկել։ «Ես ռենտգեն հետազոտություն եմ անցնել, ոչինչ չի հայտնաբերվել, միայն համակարգչային տոմոգրաֆիայով հաջողվեց հայտնաբերել երկկողմանի թոքաբորբի առկայությունը»,- ասաց նա։