Հարկային արձակո՞ւրդ. հարկային օրենսդրության նոր փոփոխությունը զգալի կթեթևացնի տնտեսվարողի բեռը. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Կորոնավիրուսի պատճառով երկրում հայտարարված արտակարգ իրավիճակի պատճառով տնտեսության մեջ տեղի ունեցան կտրուկ փոփոխություններ, որոնք չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ ընկերությունների ֆինանսական վիճակի և վարքագծի վրա: Եվ արդեն իսկ մարտի վերջից սկսած՝ բազմաթիվ հարկ վճարողներ դիմել են պետական մարմիններին՝ տեղեկացնելով, որ շահութահարկի կանխավճարի մասով դժվարություններ են ունենալու:
Նշենք նաև, որ օրենքի համաձայն, տնտեսվարողները շահութահարկի կանխավճարը հաշվարկում էին նախորդ տարվա շահութահարկի 20 %-ի չափով և այն վճարում յուրաքանչյուր եռամսյակի համար:
Բացի այդ, գործում էր նաև այլընտրանքային շահութահարկի ինստիտուտը, որը ենթադրում էր, որ եթե հարկ վճարողները մինչև տվյալ տարվա մարտի 20-ը դիմում են ներկայացնում հարկային մարմիններ այլընտրանքային հնարավորությունից օգտվելու համար, ապա կանխավճարը վճարում են նախորդ եռամսյակի շրջանառության 2 %-ի չափով:
2020-ի տվյալներով շահութահարկի կանխավճար վճարող 8345 տնտեսվարողներից վճարման ենթակա շահութահարկի կանխավճարը հունիսի 20-ին կազմելու էր 32 միլիարդ դրամից մի փոքր ավելի:
Նրանցից 696-ը ընտրել էր շահութահարկի այլընտրանքային կանխավճարի եղանակը, իսկ 7649-ը շահութահարկի կանխավճարը վճարում է յուրաքանչյուր եռամսյակի համար նախորդ տարվա շահութահարկի 20 %-ի չափով:
ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ միաձայն ընդունված օրենքի նոր փոփոխությունն այս առումով բավականին կթեթևացնի հարկ վճարողների բեռը: Ի՞նչ կտա այն տնտեսվարողին, և արդյո՞ք դրանից չի տուժի պետական բյուջեն: Այս և այլ հարցերի մասին է ՊԵԿ նախագահի առջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ «Փաստի» հարցազրույցը:
- Պարոն Մաշադյան, առհասարակ ինչո՞ւ ծագեց շահութահարկերի կանխավճարների վճարման վերանայման հարցը:
- Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, ինչպես նաև տնտեսվարողներից ստանալով բազմաթիվ նամակներ, ՊԵԿ-ը վերանայեց շահութահարկի ինստիտուտը և հանդես եկավ համապատասխան առաջարկություններով: Կառավարությունը մշակեց կանխավճարի այդ դրույթի մասով օրենքում փոփոխություն մտցնելու նախագիծ և այն ներկայացրեց ԱԺ: Օրերս ԱԺ-ն ընդունեց այդ նախագիծը:
Այսինքն՝ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո հանվելու է մինչև մարտի 20-ը կանխավճարի դիմում ներկայացնելու օրենսդրական պահանջը: Դա նշանակում է, որ այսուհետ շահութահարկի կանխավճարները ՊԵԿ-ը հարկ վճարողի փոխարեն ինքը կորոշի՝ ելնելով որոշակի սկզբունքներից:
- Որո՞նք են այդ սկզբունքները:
- Նայելու ենք, թե նախորդ տարվա շահութահարկի 20 %-ը որքան գումար է կազմում տվյալ եռամսյակի համար և այդ թիվը համեմատելու ենք նախորդ եռամսյակի շահութահարկի 2 %-ի հետ և դրանցից փոքր թիվը համարվելու է վճարման ենթակա շահութահարկի կանխավճար, որը որոշվելու է ավտոմատ եղանակով:
- Հունիսի 20-ը, փաստորեն, երկրորդ եռամսյակի շահութահարկի կանխավճարի օրն է, արդյո՞ք սպասումները այլ կլինեն:
- Հունիսի 20-ը շահութահարկի կանխավճարի օրն է, և մենք ակնկալում էինք շուրջ 32 միլիարդ դրամ հարկային եկամուտ՝ շահութահարկի կանխավճարի տեսքով: Օրենքի փոփոխության արդյունքում այդ թիվը գնահատվում է շուրջ 16 միլիարդ դրամ:
Այսինքն, պետությունը 32 միլիարդ դրամի փոխարեն ստանալու է 16 միլիարդ դրամ, բայց կառավարությունը մեկ քայլ էլ առաջ գնաց և երկրորդ եռամսյակի շահութահարկի կանխավճարի վճարումից հարկ վճարողներին ազատեց:
Փաստորեն, հնարավորություն տրվեց, որ մեր հարկ վճարողները իրենք տնօրինեն այդ ֆինանսական միջոցները՝ ելնելով ներկա բարդ իրավիճակից: Սա նշանակում է, որ երկրորդ եռամսյակի համար կանխավճար չի հաշվարկվելու և չի գանձվելու:
- Իսկ ինչպե՞ս այն կհաշվարկվի երրորդ եռամսյակի ժամանակ:
- Սեպտեմբերին երրորդ եռամսյակի կանխավճարի ժամկետն է լրանում, որի համար հիմք կընդունվի երկրորդ եռամսյակի շրջանառությունը: Եթե օրենսդրական փոփոխությունները չլինեին, ապա երրորդ եռամսյակի շահութահարկի կանխավճարը կկազմեր շուրջ 34 միլիարդ դրամ, բայց օրենսդրական փոփոխությունների արդյունքում այն կլինի շուրջ 17 միլիարդ դրամ: Այսինքն, հարկային եկամուտների առումով մենք հունիսին կունենանք 32 միլիարդ դրամի չափով պակաս հավաքագրում, իսկ երրորդ եռամսյակում շահութահարկի կանխավճարների մասով նվազումը կկազմի մոտավորապես 17 միլիարդ դրամ:
- Ստացվում է, որ օրենքի այս փոփոխությամբ բավական նվազելու են հարկային մուտքերը: Այդ դեպքում ինչպե՞ս է լրացվելու այն տարբերությունը, որը կգոյանա փոփոխության արդյունքում:
- Խնդրահարույց է շահութահարկի կանխավճարների մասով կորուստներ ունենալը, և տարվա կտրվածքով այն մոտավորապես կազմելու է 70 միլիարդ դրամ:
Այն լրացնելու համար մենք պետք է է՛լ ավելի խոր վերլուծություններ իրականացնենք, որպեսզի թե՛ արագության, թե՛ որակի առումով գնահատենք ռիսկերը և ներկայացնենք հարկ վճարողներին, հարկային պարտավորությունները ճշգրտելու նպատակով: Սակայն, միայն վարչարարությամբ այս ճեղքվածքը հնարավոր չի լինելու վերականգնել, ուստի պետք է հարցին մոտենանք նաև մեկ այլ տեսանկյունից:
Այն կանխավճարները, որոնք վճարվելու են 2020 թվականի ընթացքում, 2021-ին, շահութահարկի հաշվարկները ներկայացնելուց հետո վերահաշվարկվելու են, և եթե կանխավճարների տեսքով վճարված գումարները գերազանցեն տվյալ տարվա շահութահարկի գումարներին, ապա այն վերադարձվելու էր: Եվ այդ կորուստները մենք ունենալու էինք հաջորդ տարի:
Այսինքն՝ ժամանակագրական առումով պետությունը ֆիսկալ կորուստներ չի կրում, այլ շահութահարկի կանխավճարների մեխանիզմը էլ ավելի արդյունավետ է դառնում:
Ավելին, երկու տարվա կտրվածքով մենք շահութահարկի մասով կորուստներ ընդհանրապես չենք ունենա, այլ կունենանք միայն որոշակի գումար մի քանի ամիս ուշ բյուջե հաշվեգրելու երևույթ:
- Արդյո՞ք դա չի ազդի բյուջեի տարեկան ծախսերի և կատարողականի տեսանկյունից:
- Ելնելով այսօրվա իրավիճակից՝ կառավարությունը շատ ճիշտ քայլ կատարեց՝ ևս մեկ անգամ գտնվելով հարկ վճարողների կողքին, հնարավորություն տալով, որ տնտեսվարողներն այդ միջոցները տնօրինեն և լրացուցիչ հարկվող օբյեկտներ կարողանան ստեղծել:
- Կառավարությունը դեռ նախորդ տարվանից սկսել էր տնտեսվարողների բեռը թեթևացնելու քաղաքականություն վարել, սակայն, արդյո՞ք այս փոփոխությունը կորոնավիրուսով էր պայմանավորված, քանի որ տնտեսական աշխուժությունը նվազել է, և բիզնեսը, փաստացի, կանգնել է տարաբնույթ խնդիրների առջև:
- Կարող եմ ասել, որ կորոնավիրուսային իրավիճակը, փաստորեն, կայծ էր, որպեսզի մենք կարողանանք վճռականորեն նախաձեռնել շահութահարկի կանխավճարների ինստիտուտում փոփոխություն կատարելու հարցը, որը կիրառելի կլինի ապագա բոլոր տարիների համար ևս:
Սա միանշանակ դրական փոփոխություն է հարկ վճարողների համար իրենց ֆինանսական միջոցներն ավելի երկարաժամկետ կտրվածքով տնօրինելու համար, որը կշարունակվի նաև հետագա տարիների ընթացքում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում