Արցախի պետական բյուջեի կատարողականը չի գոհացրել «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին
ИнтервьюԱյսօր Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ ամփոփվեցին ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները: Հանձնաժողովը 4 «կողմ»և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը կներկայացվի նաևԱԺ լիագումար նիստի օրակարգում։ Այս առիթով Orer.am-ը զրուցել է Արցախի ԱԺ«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ, պարզելու համար, թե խմբակցությունն ինչ կարծիք ունի այդ մասին:
- Պարոն Գալստյան Դուք նույնպես մասնակցում էիք նիստի աշխատանքներին: Ի՞նչ մտահոգություններ ունեք այս առիթով:
- Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումներին մեր խմբակցությունը մասնակցել է հնարավորինս ակտիվ, քանզի կարևոր է, թե մեր քաղաքացիների հարկերի հաշվին գոյացած գումարների ամեն մի լուման ի՞նչ ուղղությամբ և ինչպե՞ս է ծախսվել: Հիմնական մտահոգությունները կապված էին բնապահպանության և հէկաշինության ոլորտներին, սոցիալական և առողջապահական ծրագրերին, ինչպես նաև բարձրացված որոշ հարցեր էլ վերաբերում էին տնտեսական զարգացման և կրթական համակարգին: Շուրջ 10 օր տևած քննարկումների ընթացքում մեր հարցերը բազմաթիվ անգամ մնացին անպատասխան, կամ՝ թերի պատասխանված:
- Ո՞րն է, խնդիրը, ինչո՞ւ էին հարցերը մնում անպատասխան:
- Ընդհանուր առմամբ շատ թերի է հենց հաշվետվության ներկայացման ձևը, որտեղ ներկայացված ինֆորմացիան խիստ կամայական է: Այնտեղ՝ որտեղ ցանկանում են նշում են թվեր, որտեղ չեն ցանկանում չեն նշում: Օրինակ՝ որտեղ առաջընթաց կա, նշվում է, որտեղ թերացումներ են՝ լռություն է: Բազմաթիվ ծրագրերի հաշվետվությունները ներկայացված են այնպես, որ արտացոլված է ծախսված գումարի չափը, սակայն հնարավոր չէ չափել այդ ծրագրի արդյունավետությունը, պարզել շահառուների քանակը կամ համեմատել նախորդ տարվա նույնանման ծրագրերի հետ: Գոնե ես, որպես երկար տարիներ հարկային պետական ծառայությունում աշխատած տնտեսագետ, շատ լավ գիտեմ ինչ է նշանակում ֆինանսական հաշվետվություն, իսկ բյուջեի կատարողականը, իսկ դա երկրի գլխավոր ֆինանսական հաշվետվությունն է և պետք է ամեն ինչ չափելի լինի:
- Ա՞յդ էր պատճառը, որ գլխադսային հանձնաժողովի նիստի ժամանակ Դուք դեմ քվեարկեցիք:
- Մեր բարձրացրած բոլոր հարցերի պատասխանը չստանալու պատճառով է, որ այսօր, կայացած հանձնաժողովի նիստի ժամանակ ես «դեմ» քվեարկեցի բյուջեի կատարողականին: Եվ, չնայած, այն իրողությանը, որ իշխանություններն անընդհատ թմբկահարում են երկրի տնտեսական աճի մասին, բայց դա, իրականում, ուղղակիորեն չի ազդում քաղաքացու կենսամակարդակի բարձրացման և կենսակերպի բարելավման վրա: Այդ ամենը տեսանելի էր նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ մենք շրջում էինք համայնքներով, գյուղերով, քաղաքներով, և տեսնում էինք, թե մեր քաղաքացիների սոցիալական վիճակն ինչ մակարդակի վրա է: Եվ հենց ծրագրերի հասցեականության բացակայությունն է պատճառը, որ քաղաքացիներն իրենց վրա չեն զգում այդ տնտեսական աճը: Ուստի, մեր հարցերն ու դիտողությունները հենց դրան էին միտված, որպեսզի իրականացված ծրագրերը ոչ թե սոսկ տեսական բնույթ կրեն, այլ՝ լինեն հասցեական, արդյունավետ և հնարավորություն լինի գնահատել դրանց արդյունավետությունը: