Անշարժ գույքի շուկան անկման մեջ է, այնինչ զբաղված են գույքահարկը բարձրացնելով. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Համավարակն ազդել է տնտեսության բոլոր ճյուղերի վրա։ Անմասն չի մնացել նաև անշարժ գույքի շուկան։ Զգալիորեն նվազել են առքուվաճառքի գործարքները։ Այս տարվա ապրիլին շուրջ 82 տոկոսով պակաս գործարք է իրականացվել, քան 2019-ի նույն ժամանակահատվածում:
Եվ չնայած մայիսը ապրիլի փլուզումից հետո որոշ չափով վերականգնման միտումներ է ցույց տալիս, սակայն անշարժ գույքի շուկայում առկա միտումները դեռևս շատ հեռու են անցյալ տարվա ցուցանիշներին հասնելուց։ Անշարժ գույքի շուկան իրականում արտացոլում է այն իրողությունն, ինչ իրականում տեղի է ունենում ողջ տնտեսության մեջ։
Առուվաճառքի գործարքների եռամսյա անընդմեջ կրճատումից հետո անշարժ գույքի, մասնավորապես՝ բնակարանների գները սկսել են նվազել։ Պաշտոնական տվյալներով, մայիսին Հայաստանում շուրջ 57 տոկոսով ավելի քիչ բնակարան է վաճառվել։
Պետք է հաշվի առնել, որ համավարակի արդյունքում սկսված ճգնաժամը մեծ հարված է հասցրել տնտեսությանը, բնակչության գնողունակության անկում է տեղի ունեցել, ինչի արդյունքում էլ նվազել է նաև բնակարան կամ անշարժ գույք ձեռք բերելու պահանջարկը։ Եվ սրանով է պայմանավորված, որ գործարքների նվազեցման ֆոնին բնակարանների նախկին գները չեն կարող պահպանվել։
Ապրիլի նկատմամբ բնակարանների գները մայրաքաղաքում նվազել են 1 տոկոսով։ Մարզերում բնակարանների գնանկումը կազմել է միջին հաշվով 0,7 տոկոս։
Կանխատեսվում է, որ անշարժ գույքի շուկայում անկումային տրամադրությունները երկար կպահպանվեն հատկապես այն պայմաններում, երբ ճգնաժամի թուլացման միտումներ չեն նկատվում։
Իսկ թե ինչո՞ւ անշարժ գույքի շուկան այսքան զգայուն արձագանքեց ճգնաժամային իրավիճակին, մասնագետները կարծում են, որ դա պայմանավորված էր բնակարանների գների արհեստական բարձրացումների կամ ուռճացման հետ, որի արդյունքում շուկայում փուչիկ էր ձևավորվել։ Եվ նույնիսկ ճգնաժամի սկզբնական փուլում փորձեր կատարվեցին պահել ուռճացված գները, մինչև որ դրանք սկսեցին փլուզվել։
Եվ երբ անշարժ գույքի շուկան անկման մեջ է գտնվում, ապա սա բացասական է անդրադառնում շինարարության ոլորտի, մասնավորապես բնակարանաշինության վրա։ Այս ոլորտը կանգնելու է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ, քանի որ բնակարանների գների նվազեցման արդյունքում նրանց վրա լրացուցիչ ֆինանսական բեռ է ընկնում։
Եվ շինարարական շատ ընկերություններ չեն կարողանա նոր ֆինանսական միջոցներ ներգրավել շինարարությունը շարունակելու և հաճախորդների նկատմամբ իրենց պարտավորությունները կատարելու համար։ Իսկ բնակչության եկամուտների անկման պարագայում գնորդները խնդիրներ են ունենալու վարկային պարտավորությունների կատարման տեսանկյունից:
Այդպիսով, շինարարական ոլորտը խորը անկման մեջ կարող է հայտնվել, ուստի շինարարական ընկերություններն իրենց գործունեությունը շարունակելու համար կառավարության աջակցության կարիքը կարող են ունենալ։ Դրա համար շատ եվրոպական երկրներում արդեն իսկ քննարկվում են շինարարական ոլորտը սուբսիդավորելու ծրագրեր։
Ստացվում է, որ տնտեսական հեղափոխության հիմնական ձեռքբերումներից մեկը, որ վարչապետ Փաշինյանը համարում էր բնակարաններ ձեռք բերելու հետ կապված պահանջարկի աճը և գների բարձրացումը, շատ կարճ ժամանակի ընթացքում ընկավ ջուրը։
Եվ այս պայմաններում կառավարությունը պետք է մտածի, թե ինչպես կարող է խրախուսել բնակարանների ձեռքբերումը, ինչ արտոնյալ ընթացակարգեր և ձեռնտու հիպոթեկային վարկեր կարող են նախատեսվել անշարժ գույքի շուկան ակտիվացնելու համար։ Բայց տարօրինակ է, որ իշխանություններն այս հարցերով զբաղվելու փոխարեն զբաղված են գույքահարկը մի քանի անգամ բարձրացնելու նախաձեռնությամբ, որը դրական չի անդրադառնա շուկայի վրա։ Շատ մեղմ ասած...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում