Կառավարման համակարգի ժողովրդավարական տարրերը խարխլվում են. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Ժողովրդավարական համակարգը նախատեսում է իշխանության թևերի միջև հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմների առկայություն, որքան էլ վարչապետին նյարդայնացնում է այս դասական ձևակերպումը, ինչը չթաքցրեց երեկ ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում: Սակայն Փաշինյանը, ուզի թե չուզի, սա պարզ քաղաքագիտական կանոն է՝ բնորոշ ժողովրդավարությանը: Եթե այս իշխանությունները չեն ուզում գնալ այդ ճանապարհով, այլ հարց է, սակայն իրականության մեջ պետք է տեղի ունենա իշխանության ապակենտրոնացում, որտեղ օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունները միմյանց փոխլրացնող և հավասարակշռող ֆունկցիա պետք է կատարեն։
Հայաստանում տարիներ շարունակ խոսվում է կառավարման համակարգում ժողովրդավարական մեխանիզմները զարգացնելու մասին, սակայն այդ մասին հայտարարությունների մեծ մասն այդպես էլ իրականություն չի դառնում։ Դրան զուգահեռ գրանցվում են նաև դեպքեր, երբ այնպիսի նախաձեռնություններ են առաջ քաշվում, որոնք ոչ միայն չեն բխում ժողովրդավարության տրամաբանությունից, այլև իշխանության գերկենտրոնացում են նախատեսում։
Այսպես, օրինակ՝ 2018 թվականի մայիսի 1-ին, երբ ԱԺ-ում քննարկվում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը, վերջինս հայտարարում էր, թե երկրում օրենսդրության առումով սուպերվարչապետական համակարգ է ստեղծվել, և ինքը հանձնառու է համարում իրեն այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում։
Սակայն ամենաուշագրավն այն է, որ այն ժամանակ վարչապետի թեկնածու Փաշինյանը նունիսկ ակնարկում էր, թե վարչապետին վերապահված լիազորություններից պետք է բաշխվի նաև նախագահական ինստիտուտին, քանի որ նրան վերապահվել է օֆիսային աշխատողի կարգավիճակ, ինչն ուղղակի հարվածում է պետության հեղինակությանը։
Բայց վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանի՝ սուպերվարչապետական համակարգը վերացնելու հանձնառությունն այդպես էլ անցավ պատմության գիրկը։ Դրա փոխարեն Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում չի բավարարվում վարչապետի պաշտոնի համար նախատեսված՝ առանց այն էլ չափազանց շատ լիազորություններով, դրա համար էլ ձգտում է ավելի ընդլայնել իր ազդեցության շրջանակը՝ ձեռք գցելով նոր իշխանական լծակներ։
Ինչ վերաբերում է օրենսդիր մարմնին, ապա Ազգային ժողովում իշխանական խմբակցությունը Փաշինյանի համար վերահսկելի պահվածք է դրսևորում, ավելին՝ իբր միասնականության ցույցերի ֆոնին այնքան են ոգևորվել, որ նմանվել են ԽՄԿԿ-ին՝ իր համագումարներով:
Սակայն պառլամենտի նկատմամբ տոտալ վերահսկողություն ապահովելու համար պետք է իշխանությունների համար կանխատեսելի լինի նաև ընդդիմությունը, դրա համար էլ ԲՀԿ-ն վերջին շրջանում տարբեր ճնշումների է ենթարկվում և դարձել է քրեական գործերի հարուցման թիրախ։
Միևնույն ժամանակ Փաշինյանին անհանգստացնում է նաև այն, որ գործադիր և օրենսդիր իշխանություներին հակակշռելու մեծ պոտենցիալ ունի դատական իշխանությունը։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը կարող է վիճարկել օրենսդիր և գործադիր իշխանությունների գործողությունների և ընդունած որոշումների սահմանադրականության հարցը։
Դրա համար էլ ՍԴ դատավորների կազմը փոխելու նպատակով իշխանությունները տարբեր ուղիներ են փնտրում, իսկ դրան հասնելու ճանապարհին փորձում են այնպես անել, որ այդ նախաձեռնության սահմանադրականության հարցը ՍԴ-ն չքննարկի։
Եվ պատահական չէ, որ սահմանադրական իրավունքի մասնագետները նշում են, թե իշխանությունները առաջ են շարժվում հակասահմանադրական ճանապարհով։
Սա քիչ չէ, հիմա էլ սահմանափակվում են նախագահի ինստիտուտի լիազորությունները։ Դրա մասին է վկայում այն, որ նախագահն ինքն իր ձեռքով ստորագրել է ՀՀ նախագահի լիազորությունները սահմանափակող օրենքը, համաձայն որի՝ Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխություններն այլևս չեն ուղարկվի նախագահի ստորագրմանը։
Փաստորեն Փաշինյանը, եթե պետության համար հեղինակության հարց էր համարում, որ ՀՀ նախագահի ինստիտուտը դուրս գա օֆիսային աշխատողի կարգավիճակից, հիմա այդ ինստիտուտի լիազորություններն ավելի է սահմանափակում։ Կարճ ասած՝ իշխանությունների գործողությունների արդյունքում կառավարման համակարգի ժողովրդավարական տարրերը խարխլվում են, և տպավորություն է առաջանում, թե Հայաստանը շարժվում է դեպի հեղափոխական դիկտատուրա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում