Ինչ վնասներ կարող է հասցնել COVID-19-ը սրտի առողջությանը. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստը» «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մանկական սրտաբան Էմմա Սարգսյանի հետ զրուցել է երեխաների և դեռահասների շրջանում COVID 19-ով պայմանավորված սրտային խնդիրների մասին:
-Տիկին Սարգսյան, վերջին շրջանում բավականին հաճախ ենք լսում Կավասակիի համախտանիշի մասին: Նշվում է, որ COVID-19 վարակը երեխաների մոտ երբեմն առաջ է բերում նման խնդիր, ինչն ազդում է նաև սրտի առողջության վրա: Ի՞նչ կապ կա COVID-19-ի և սրտի առողջության միջև:
Մի շտկում. համաշխարհային մասնագիտական գրականության վերջին տվյալների համաձայն, SARS-CoV-2 վիրուսը հանգեցնում է ոչ թե բուն Կավասակի հիվանդության, այլ գեներալիզացված բորբոքային համախտանիշի, որի կլինիկան շատ նման է Կավասակի հիվանդության ախտանիշներին.
1. Չընդմիջվող տենդ` 2 օր և ավելի տևող 38-ից բարձր ջերմաստիճան,
2. ափերի և ներբանների էրիթրեմատոզ ցան, ձեռքերի և ոտքերի այտուց,
3. երկկողմանի ոչ էքսուդատիվ կոնյուկտիվիտ,
4. պարանոցային լիմֆադենոպաթիա, հիմնականում միակողմանի,
5. բերանի խոռոչի և շրթունքների ախտահարում (մորու նման լեզու):
Միևնույն ժամանակ ունի Կավասակի հիվանդությունից տարբերվող ախտանիշներ.
1. Գաստրոինտեստինալ ախտանիշ` ցավ որովայնում, փսխում, դիարեա /լուծ/ և այլ սիմպտոմներ,
2. չկա ռասսայական խտրականություն, ինչպես Կավասակիի դեպքում, որը բնորոշ է գերազանցապես ասիական գենոֆոնդին,
3. գեներալիզացված բորբոքային համախտանիշը դրսևորվում է ավելի մեծ տարիքային խմբում՝ մինչև 21 տարեկան, ի տարբերություն Կավասակի հիվանդության, որը հիմնականում դիտվում էր մինչև 5 տարեկան երեխաների շրջանում,
4. գեներալիզացված բորբոքային համախտանիշը դրսևորվում է COVID դրական պացիենտների շրջանում, կամ կասկածելի COVID բացասական պացիենտների մոտ, որոնց մոտ չի հայտնաբերվել այլ վիրուսային կամ բակտերիալ հիվանդություն,
5. COVID-19-ով պայմանավորված սիստեմային բորոբոքային համախտանիշ, ավելի հաճախ է ախտահարում սիրտը և կորոնար անոթները (30-40 %), քան Կավասակի հիվանդությունը:
-Ի՞նչ վտանգներ ունի COVID-19 վիրուսը սրտի առողջության համար:
-Մենք դեռ նոր ենք առնչվում SARS-CoV-2 վիրուսի սրտային բարդություններին, որոշ բաներ սովորում ենք, որոշ բաներ բացահայտում, բայց համաշխարհային տվյալների համաձայն՝ SARS-CoV-2 վիրուսը կարող է առաջացնել ոչ միայն սրտի կորոնար անոթների լայնացում և անևրիզմա, այլ նաև հանգեցնել սրտային տարբեր խնդիրների` սրտամկանի ախտահարման (միոկարդիտ), ձախ փորոքի կծկողականության նվազման, վալվուլտի՝ փականային անբավարարության (հիմնականում միտրալ), ինչպես և պերիկարդիտի` սրտապարկում հեղուկի կուտակման: Այս ամենն ախտորոշվում է էխոսրտագրությամբ, իսկ ռիթմի խանգարումները դիտվում են 15-20 տոկոս դեպքերում, ինչն ախտորոշվում է էլեկտրասրտագրությամբ: Սրտի ախտահարման մասին կարող են վկայել նաև արյան սրտային մարկերները` տրոպոնինը, նատրիուրետիկ պեպտիդը (BNP , PRO-BNP):
-Ինչպե՞ս կարող են ծնողները նկատել սկսվող խնդիրը, թե՞ դա լինում է միանգամից: Ասում են՝ երեխաները COVID-ը հիմնականում ասիմպտոմ են տանում, հնարավո՞ր է՝ վարակը լինի նրանց ներսում, որևէ կերպ չարտահայտվի, բայց վնասի սիրտը:
Եթե երեխայի մոտ COVID-19-ը դրական է, և նա որևէ սիմպտոմ չունի, չկա տենդ, ուրեմն այդ երեխայի մոտ չի զարգացել սիստեմային բորբոքային համախտանիշ, իսկ սիստեմային բորբոքային համախտանիշով երեխաների կլինիկան այնքան վառ է (տենդ, հևոց, այտուցներ), որ այն անտեսել շատ դժվար է:
-Հայ ծնողները մեծամասամբ ուշադիր են երեխաների առողջության նկատմամբ, բայց նրանց մեջ շատ են նաև ինքնաբուժում սիրողները, որոնք փորձում են երեխայի ջերմությունն իջեցնել կամ հազը մեղմացնել տնական մեթոդներով` չայցելելով բժշկի:
-Հորդորում եմ ծնողներին, եթե երեխան ունի տենդ, 38-ից բարձր ջերմաստիճան 2 օր և ավելի, անմիջապես դիմեն բժշկի: Մի զբաղվեք ինքնաբուժությամբ և մի վտանգեք ձեր երեխայի կյանքը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում