Մենք լավ ենք, ձեր ցավը տանենք, բոլորիդ անհանգիստ վիճակը զգում ենք
КультураHraparak.am-ը գրում է.
Մովսես գյուղի հոգեւոր հովիվ Տեր Աբելը գիշերվանից պարբերաբար տեղեկություններ էր տրամադրում սահմանային իրավիճակի վերաբերյալ: Նա առաջիններից էր, որ տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ադրբեջանցիները կիրառում են ծանր տեխնիկա, մեր դիրքի ուղղությամբ կրակում են տանկերից։
«Լուր տարածեք, որ ամեն ինչ նորմալ է, մենք վստահում ենք մեր զինվորներին, իրենց ցավը տանենք, կանգնած են անսասան, ուժեղ հավատքով, մենք ոչ մի բանի մասին մտածելու չունենք։ Էս պահին դադարել է կրակը, բնակչության հետ կապված ոչ մի խնդիր չենք ունեցել»,- տեղեկացրել էր Տեր Աբելը՝ ավելացնելով․ «Մեր առավոտյան 9-ն անց 15-ի աղոթքը չի հետաձգվելու ոչ մի կերպ»։
Մենք զրուցել ենք Տեր Աբելի հետ։
- Հասկանում եմ, որ շատ լարված ու զբաղված եք, բայց պիտի խնդրեմ, որ մի քանի հարցի պատասխանեք։
- Հա, ցավդ տանեմ, խաղաղ ենք, ամեն ինչ նորմալ է, խնդրում եմ չանհանգստանաք։ Ոնց ասել էի՝ ազգաբնակչության հետ, գյուղի բնակավայրի հետ կապված խնդիր չունենք։ Ինչ որ տեղի է ունենում, տեղի է ունենում դիրքապահների հետ կապված։ Էս պահին կրակոցներ չկան (ժամը 14-ի սահմաններում), ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ հանգիստ է։ Առավոտյան աղոթքն էլ, ինչպես խոստացվել էր, արեցինք։ Աղոթքը չի կանգնելու երբեք։
- Սոցիալական ցանցերում շատ ակտիվ էիք, ինչո՞ւ, մինչ լռում էին պետական մարմինները, Ձեզ վրա այդ պարտականությունը վերցրիք։
- Որովհետեւ սիրում եմ ձեզ բոլորիդ ու զգում եմ ձեր անհանգիստ վիճակը։ Ես երբ զգում եմ, որ հանգստացան մարդիկ, խաղաղվեցին ու հասկացան՝ իրականության մեջ ինչ է կատարվում, ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Ձեզ սիրում եմ, դրա համար։
- Տեր Աբել, Արցախից եւ այլ տեղերից բազմաթիվ ջոկատներից հայտնել են, որ պատրաստ են որպես կամավորներ գալ Տավուշ։ Եկե՞լ են արդեն ու գալու դեպքում որտե՞ղ են լինելու, ի՞նչ են անելու։
- Էդպիսի բան չկա, բոլոր մեր ընկերները որ զանգում են, շատերն են զանգում, տարբեր տեղերից, բոլորին ասում եմ, որ խաղաղվեք, ամեն ինչ նորմալ է, որեւէ մեկի գալու կարիքը չկա, մեր զինծառայողները շատ պատասխանատու են։ Ինչպես ասել եմ, կրկնում եմ՝ գիտեն իրենց խնդիրը, խնդրի լուծման ճանապարհը, ամեն ինչ հստակ է։ Եվ եթե ինչ-որ բան լինի, այդ մասին ես չէ, որ պիտի հայտարարեմ։ Պաշտպանության նախարարությունն այն ինստիտուցիոնալ կառույցներից մեկն է, որ առավելաբար, ճշգրտորեն կատարում է իր առաջ դրված խնդիրը։ Եվ իրենց առաջ դրված խնդիրը հայրենիքի սահմանների պաշտպանությունն է, եւ այդ խնդիրն իրենք շատ հստակ կատարում են։ Որեւէ մեկի միջամտության կարիքը ու ընդհանրապես՝ անհանգստության, չկա։ Մեզ մոտ էլ՝ Տավուշում, տարբեր ժամանակներում պատերազմի մասնակցած ազատամարտիկներ կան, իրենք էլ պահեստազորային են։ Ես էլ եմ պահեստազորային․ համազգեստ ունենք, ամեն ինչ հստակ կարգի մեջ է։ Մենք չենք խառնվում, որովետեւ մեզ նման ցուցում չկա։
- Զինվորական կոչո՞ւմ էլ ունեք։
- Կոչում չունենք, բայց զենքի տիրապետման պատրաստումներ ենք անցել։ Մենք ապրում ենք սահմանապահ գյուղում։ «Սահմանամերձն» ուրիշ հասկացություն է, «սահմանապահը»՝ ուրիշ, եւ ապրելով սահմանապահ գյուղում՝ տղամարդը չի կարող էդ ամենը չիմանալ։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ