«Ամուլսարի հարցում տեսնում եմ քաղաքական մեծ ասպեկտ». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին օրերին որոշակի իրադարձություններ են տեղի ունենում Ամուլսարի շուրջ: Մասնավորապես, ըստ հրապարակված տեսանյութերի և տեղեկատվության, օրերս ընդհարում է եղել Ամուլսարում նոր պահնորդական կազմակերպության անդամների և Ամուլսարի պահապանների միջև: Նշվում էր, որ «Լիդիան Արմենիան» փորձել է «Կամազ» մակնիշի մեքենա մտցնել Ամուլսարի տարածք: Լարված իրավիճակ էր նաև հուլիսի սկզբին, երբ բախում եղավ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գույքի պահպանությունն իրականացնող պահնորդական նոր ընկերության և Ամուլսարի պահապանների միջև:
Ամուլսարի խնդիրը շարունակում է մնալ չլուծված, միևնույն ժամանակ պարզ է, որ ենթադրվելիք երկու լուծումները, միևնույն է, չեն բավարարելու կողմերից մեկին: Ամուլսարի տարածք տանող ճանապարհները հսկող ջերմուկցիները անսասան են իրենց, իսկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ այդ տարածքում հանք շահագործելու որոշումների մեջ:
Ամուլսարում հանք շահագործելու անթույլատրելիությունը բնապահպանները և հարակից համայնքի բնակիչները պատճառաբանում են նրանով, որ այն վերջ կդնի Ջերմուկի՝ առողջարանային կենտրոն լինելու փաստին, իսկ հանքարդյունահանող ընկերությունն էլ հավաստիացնում է, որ հանքի շահագործումը որևէ վնաս չի հասցնի հարակից բնակավայրերին:
Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է, որ լինելով հասարակական գործիչ, բնապահպան, միշտ քաղաքականացրել է Ամուլսարի խնդիրը: «Ես այդ հարցում տեսնում եմ քաղաքական մեծ ասպեկտ և առաջին հերթին, կարծում եմ, որ սա քաղաքական նախագիծ է: Մշտապես խոսել եմ սրա մասին:
Հասկանում եմ այն բնապահպաններին, որոնք փորձում են հարցը չքաղաքականացնել և թույլ չտալ, որ այն դուրս գա քաղաքական դաշտ, այլ դիտարկվի որպես բնապահպանական խնդիր:
Իրականում խնդիրը շատ ավելի լուրջ է՝ սկսած մեր ներկայիս նախագահի՝ մի քանի տարի առաջվա միջնորդությունից, երբ Հայաստան էր այցելել արքայազն Չարլզը, և հասարակական հատվածը հստակ արձագանք տվեց այդ այցելությանը, վերջերս հրապարակվեցին տվյալներ բաժնետերերի մասին, խոսվեց թուրքական հետքի մասին:
Եվրոպական կողմը, Արևմուտքն անընդհատ փորձում են Հայաստանի, մասնավորապես՝ մեր կառավարության վրա պրեսինգ իրականացնել: Մեր հասարակական գործիչները, բնապահպաններն անում են հնարավոր ամեն ինչ հանքի շահագործումը թույլ չտալու համար: Իսկ ինչո՞ւ վերջին օրերին իրավիճակը սրվեց:
Սա կարելի է դիտարկել հետևյալ տիրույթում՝ ադրբեջանական կողմը հրահրեց ռազմական գործողություններ Հայաստանի հետ:
Իրավիճակը լարվել է, Հայաստանն այս պահին իր ողջ ուշադրությունը սևեռել է հայ-ադրբեջանական սահմանին, և ստացվում է, որ ոմանք որոշել են օգտագործել այս իրավիճակն իրենց խնդիրները լուծելու համար:
Ասում են՝ «մենք այստեղ ենք, չենք մոռացել, այսքան փող ենք ծախսել, սա մերն է, ամեն ինչ արել ենք, որ այս հանքը մերը լինի, որպեսզի կարողանանք այն շահագործել, մեր ուզածն այստեղից վերցնել»»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բնապահպանը:
Նա նշում է՝ չի կարող լինել երկրորդ կարծիք, որ սա զուտ բնապահպանական խնդիր չէ այն պատճառով, որ շատ լուրջ ուժեր փորձում են օգտագործել սահմանում տիրող իրավիճակն իրենց խնդիրները լուծելու համար:
«Մեր կառավարությունը սա հստակ պետք է հասկանա: Չեմ կարող հստակ ասել՝ գուցե հասկանում են, բայց չեն ուզում խնդրին հստակ լուծում տալ: Երբ տարիներ շարունակ խոսում էինք այն մասին, որ Ամուլսարի խնդրին պետք է լուծում տալ, նրանց դուրս բերել այդ տարածքից, որ Ջերմուկի Ամուլսարի տարածքը հանք դառնալ չի կարող, որովհետև այն լուրջ բնապահպանական խնդիրներ կառաջացնի Հայաստանում և մենք կկորցնենք Ջերմուկի՝ առողջարանական նշանակություն ունեցող շրջանը, մեզ ոչ ոք չէր լսում:
Գուցե ցանկություն ունեն այս իրավիճակն օգտագործել սեփական նպատակների համար, բայց դա չի ստացվի, քանի որ այնքան բան է արվել, այնքան ջանք թափվել այս շարժման, այս հանքի շահագործումը կասեցնելու ուղղությամբ, որ իրենք չեն էլ պատկերացնում, որ մարդիկ մինչև վերջ գնալու են: Ես վախենում եմ այնտեղ հնարավոր բախումներից»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում