Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է վարել իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ. այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել են ռազմավարական կայունության և սպառազինության վերահսկման հիմնախնդիրները: Պուտինը և Թրամփը հաստատել են «այդ հարցերի շուրջ երկկողմ խորհրդակցությունների արդիականությունը», այդ թվում՝ Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման վերաբերյալ պայմանագրի թեման:
Միևնույն ժամանակ երկու երկրների ղեկավարները շնորհավորանքներ են փոխանակել «Սոյուզ-Ապոլոն» համատեղ ծրագրի շրջանակում ուղեծիրային թռիչքի 45-ամյակի կապակցությամբ:
Նախագահները նշել են նաև միջազգային անվտանգության հարցերի լայն շրջանակի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրների գագաթնաժողով անցկացնելու Մոսկվայի նախաձեռնության մեծ կարևորությունը, քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Պուտինը և Թրամփն ընդգծել են տարածաշրջանում կայունության և «միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմի» պահպանման հավաքական ջանքերի կենտրոնացման անհրաժեշտությունը:
Պաշտոնյաները երկուստեք ցանկություն են հայտնել զարգացնել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրատնտեսական համագործակցությունը: Նրանք բարձր են գնահատել համագործակցությունը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: